Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բազկամարտի մասնաճյուղային առաջնություն

2014թ. փետրվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բազկամարտի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էր 10 ուսանող` տարբեր ֆակուլտետներից:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևով (աջ և ձախ ձեռքով):

 Աջ ձեռքի մրցապայքարում հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Ռուբեն Նազարյանը:

Ձախ ձեռքի մրցապայքարում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Մարատ Ավագյանը:

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականը

2014թ. փետրվարի 24-26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի` փոխանցիկ գավաթի մասնաճյուղային առաջնություն:

Նպատակը լավագույն մարզիկներով մասնաճյուղի վոլեյբոլի հավաքականը համալրելն էր:

Առաջնություն մասնակցում էր 6 թիմ (Տնտեսագիտության ֆակուլտետի և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության I կուրսի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի և «Պատմություն» մասնագիտության IV կուրսի, Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության I կուրսի, Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտության I կուրսի հավաքականները):

Եզրափակիչ դուրս եկան «Պատմություն» մասնագիտության IV կուրսի և Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականները:

2:0 հաշվով հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականը:

Հաղթող թիմը պարգևատրվեց փոխանցիկ գավաթով և հուշանվերով:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի պիլոտային տարածքը ավարտական աշխատանքի թեմա

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի չորրորդ կուրսի ուսանող Մերի Ամիրզյանի ավարտական աշխատանքի թեման վերաբերում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և WWF-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրին։ Ծրագրի պիլոտային տարածքներից մեկը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության Կողբի անտառապետությունում գտնվող «Նոյեմբերյան» տարածքը (մոտ 78 հա) ընտրվել է որպես աշխատանքի թեմա։

Այն որոշվել է 2013թ-ի գարնանը, որից հետո ուսանողը սկսել է աշխատանքները՝ ներառյալ բազմաթիվ այցեր ծրագրի տարածք, հանդիպումներ անտառտնտեսության աշխատակիցների հետ, քննարկումներ և դաշտային դիտարկումներ։ Ավարտական աշխատանքը ղեկավարում է վերոնշյալ ծրագրի համակարգող, ինչպես նաև ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի անտառագիտության ամբիոնի վարիչ՝ Արթուր Ալավերդյանը։

Անտառի տրանսֆորմացիայի ծրագրով մարդկային հզորությունների ստեղծման շրջանակներում Մերի Ամիրզյանը մասնակցել է մի շարք միջոցառումների, այդ թվում ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ուսանողներին և դասախոսներին ուղղված իրազեկության բարձրացման և կրթական միջոցառմանը (նոյեմբերի 7, 2013 թ․, Իջևան, Սպիտակ պիլոտային տարածք), համայնքային աշխատանքային հանդիպմանը Կողբ համայնքում (նոյեմբերի 12, 2013 թ․, Կողբ, Տավուծի մարզ) և միջազգային խորհրդատու Դիրք Ֆրանկենհաուզերի կողմից անցկացված կլիմայի փոփոխության և անտառի տրանսֆորմացիայի ուսուցմանը (փետրվարի 18, 2014թ․, Երևան)։

Իրականացվել են նաև համատեղ դաշտային այցեր ծրագրի անձնակազմի հետ ՝ տարբեր առնչվող հարցերի քննարկման և դաշտային գործողությունների արդյունքների դիտարկման նպատակով։ Ուսանողը մշտական կապ է պահպանում ծրագրի հետ՝ ստանալով անհրաժեշտ տեղեկություններ (անտառի տրանսֆորմացիայի պլան, փոփոխություններ, դաշտային գործողություններ և այլն), ինչպես նաև հայտնելով իր աշխատանքի առաջընթացի մասին։

Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի անձնակազմը պատրաստվում է մասնակցել ավարտական աշխատանքի ներկայացմանը։

Աղբյուրը` armenia.panda.org

Մասնաճյուղում բացվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը

2014թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը, որի նախագահ նշանակվեց Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վահագն Էդիկի Չոբանյանը:

Նպատակը երիտասարդության, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգին բարձրացնելը, արցախյան ազատամարտում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելն ու ազգային մտածողությամբ երիտասարդներ դաստիարակելն է:

Բացման արարողությանը հրավիրված էին Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը, Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրեն Ս.Առաքելյանը` կարևորելով երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը մեր երկրի անվտանգության, խաղաղության և հզորացման կարևոր երաշխիքն ու գրավականն է:

Ապա ելույթ ունեցան զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը և Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, փոխգնդապետ Հ.Սահակյանը` շնորհավորելով ակումբի բացման կապակցությամբ և մաղթելով բեղուն գործունեություն:

Ակումբի գործունեությունն ընդգրկելու է մեր ուսանողների կողմից տարբեր տոնական միջոցառումների կազմակերպում, այցեր սահմանային գյուղեր, հանդիպումներ վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ, այցելություններ զոհված ազատամարտիկների շիրիմներին և այլն:

Ըստ այդմ` հուշագիր կնքվեց Տավուշի մարզի սահմանային Բերքաբեր գյուղի գյուղապետ Ա.Մադաթյանի հետ:

Այնուհետև մասնակիցները հավաքվեցին Իջևանում գտնվող` զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանի մոտ, որտեղ  տեղի ունեցավ երիտասարդ ակումբականների երդման արարողությունը:

Նրանք նախ ծաղիկներ դրեցին ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին, ապա երդվեցին սիրել հայրենիքը, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր և ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում

2014թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառում: Այն նախաձեռնել և կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Աիդա Սարհատյանը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության  ամբիոնի դասախոսները, մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ա.Սարհատյանը` մասնավորապես նշելով. «Ընթերցողի առաջ սիրո բազմախորհուրդ ապրումների հարուստ մի աշխարհ է բացում մեր ժամանակների լավագույն քնարերգու Համո Սահյանը: Իր բնաշխարհի կանաչ ու կարմիր, սև ու սպիտակ գույները, արթնացող ամպի տագնապն ու հառաչը, անտառի շուրթի շշուկն ու խորհուրդն ունեն նրա սիրո երգերը: …Մերթ պատանեկան սիրո թրթիռներ են դրանք` նման նոր բողբոջած ոստերի, մերթ սիրո հեքիաթի անրջային պատկերներ են` կանաչ գարնան պես ծաղկափթիթ ու խոստումնալից, մերթ արդեն ապրածի մշուշոտ հուշեր` նման կապտավուն, անձրևաբեր ամպերի…»:

Այնուհետև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի շնորհալի ուսանողները հանդես եկան ասմունքով, կատարեցին հայ անվանի բանաստեղծ Համո Սահյանի գողտրիկ բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Միջոցառման վերջում իրենց հիացմունքն արտահայտեցին ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա. Հասանյանը` բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար հատուկ շնորհակալություն հայտնելով Ա.Սարհատյանին: