Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Գծանկար, գունանկար» ամբիոնի դասախոսը Նկարիչների միության անդամ

2013թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի «Գծանկար, գունանկար» ամբիոնի դասախոս Արևիկ Ռաֆիկի Խաչատրյանը դարձավ Հայաստանի նկարիչների միության անդամ:

Անդամակցության տոմսը  հանձնվեց դեկտեմբերի 9-ին Երևանում` Նկարիչների միությունում:

Այժմ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի 7 դասախոսներ նկարիչների միության անդամներ են:

Կարևորելով Ա. Խաչատրյանի գեղանկարչական արվեստի դերն ու նշանակությունը Տավուշի մարզի մշակութային կյանքում` ՆՄ նախագահ Կ.Աղամյանն ի սրտե շնորհավորեց նրան` նշելով, որ ՆՄ անդամակցությունը և՛ պատվաբեր, և՛ պարտավորեցնող է:

2013թ. մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ ստացան գիտական աստիճան

2013թ. նոյեմբերի 15-ին ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի Կենսաֆիզիկայի 051 մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Ալեքսան Շամիլի Մարգարյանի` Գ.00.02-Կենսաֆիզիկա մասնագիտությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Միլիմետրային էլեկտրամագնիսական ալիքներով ճառագայթված ԴՆԹ-ի հետ որոշ ցածրամոլեկուլային միացությունների կոմպլեքսների ուսումնասիրությունը»:

Գիտական ղեկավարն էր ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Յու.Ս. Բաբայանը:

 ___________________________________________________

2013թ. նոյեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի «Հայ և արտասահմանյան գրականության» 003 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Վահան Արշակի Աղաբաբյանի` Ժ.01.02-«Նորագույն շրջանի հայ գրականություն» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Սերո Խանզադյանի պատմվածքները և վիպակները»:

Գիտական ղեկավարն էր բան. գիտ. դոկտոր Ս.Ա. Աղաջանյանը:

___________________________________________________

2013թ. հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի «Հայ և արտասահմանյան գրականության» 003 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Սամվելի Վանյանի` Ժ.01.02-«Հայ դասական գրականություն» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Ավետիք Իսահակյանի չափածո և արձակ լեգենդները»:

Գիտական ղեկավարն էր բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Զ.Վ. Ավետիսյանը:

  ___________________________________________________

2013թ. հունիսի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի 032` «Կառավարման, ավտոմատացման համակարգերի և էլեկտրոնիկայի» մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Աննա Սմբատի Սիմոնյանի` Ե.13.02-«Ավտոմատացման համակարգեր» մասնագիտությամբ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսության թեման էր «Մուր-Պենրոուզի պարամետրական ընդհանրացված հակադարձ մատրիցների որոշման թվա-անալիտիկ եղանակների մշակումը և հաշվողական գործընթացների ավտոմատացումը»:

Գիտական ղեկավարն էր տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ա.Գ. Ավետիսյանը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն

2013թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ  Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն:

Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուներն էին “Պատմություն” մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անի Հարությունյանը, “Հայոց լեզու և գրականություն” մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Անուշավան  Աղաջանյաը,  “Անգլերեն լեզու և գրականություն” մասնագիտության  1-ին կուրսի ուսանողուհի  Վանուհի Վանեսյանը, “Անգլերեն լեզու և գրականություն” մասնագիտության  1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ճաղարյանը, “Անգլերեն լեզու և գրականություն” մասնագիտության  2-րդ  կուրսի ուսանողուհի Ջուլիետա Խոջումյանը, “Ֆրանսերեն լեզու և գրականություն” մասնագիտության  1-ին կուրսի ուսանողուհի Իրինա Աղաբեկյանը:

Ընտրության արդյունքում 14 կողմ ձայներով հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Վանուհի Վանեսյանը:

Ընտրությանը ներկա էր նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանըանը: Նա շնորհավորեց ֆակուլտետի ուսանողական խորհրդի նորընտիր նախագահին` մաղթելով աշխատանքային բուռն գործունեություն և  նորանոր հաջողություններ:

Սոցիալական մանկավարժության վերաբերյալ միջբուհական օլիմպիադա

2013թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Սոցիալական մանկավարժություն» առարկայից միջբուհական օլիմպիադա, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի, Վանաձորի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտների համապատասխան մասնագիտության ուսանողներ:

Օլիմպիադան անցկացնելու համար ստեղծվել էր հանձնաժողով, որի նախագահն էր Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Սողոյանը, մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Վ.Ալեքսանյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժ/պ, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը, նույն ամբիոնի դասախոս Ա.Հովակիմյանը, ՎՊՄԻ-ի գիտքարտուղար, դասախոս Ս.Բեժանյանը, ԳՊՄԻ-ի դասախոս Ա.Տոնոյանը:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` բարձր գնահատելով այս մասնագիտության դերը մեր հասարակության մեջ:

Օլիմպիադան կրում էր գիտագործնական բնույթ` կյանքից վերցված իրադրություններին տալ գործնական լուծում:

Այն նպատակ ուներ սոցիալ-մանկավարժական իրադրային խնդիրների ներկայացման և քննարկման միջոցով ուսանողների մեջ ձևավորել մասնագիտական հմտություններ և կարողություններ:

Ուսանողները ներկայացրին և վերլուծեցին իրադրային խնդիրները` յուրաքանչյուրը իր մասնագիտության դիտանկյունից (մանկավարժ-հոգեբան, սոցմանկավարժ, սոցաշխատող):

Skype կոնֆերանս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

“Միասին-2” խաղաղասիրական ծրագիրը, որը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ համատեղ իրականացնում են “Եվրոպական ինտեգրացիա” (Երևան), “Հումանիտար հետազոտությունների հանրություն” (Բաքու) և “Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” (Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունները, հնարավորություններ է ընձեռում սահմանամերձ շրջանների երիտասարդների միջև երկխոսություն սկսելու համար:

“Ինչպիսի՞ն են նրանք՝ սահմանից այն կողմ”. այս ընդհանուր խորագրի ներքո ծրագրի ընթացքում տեղի ունեցավ Իջևանի և Ղազախի երիտասարդների միջև վիրտուալ հանդիպում (Skype կոնֆերանս):

Նախքան Skype կոնֆերանսը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար կազմակերպվեց  թրեյնինգ, որի ընթացքում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը պատմեց ծրագրի մասին:

“Շենգավիթ” բժշկական կենտրոնի հոգեբան Նարինե Պետրոսյանը հոգեբանորեն նախապատրաստեց ուսանողներին սահմանից այն կողմ իրենց հասակակիցների հետ զրույցին: Ի՞նչ է հանդուրժողականությունը և ո՞վ է թշնամին, շփման ի՞նչ կամուրջներ կան և ինչպե՞ս կարելի է հասնել խաղաղության:

Ինչպես Ղազախի, այնպես էլ Իջևանի լսարանները դրսևորեցին միմյանց հետ երկխոսելու ցանկություն և պատրաստակամություն:

Այս ծրագիրը բազմաթիվ երիտասարդների առիթ տվեց խորհելու այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են խաղաղությունը և թշնամին, բարին և հարևանը:

Աղբյուրը`  www.armedia.am