Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գեղխորհրդի նիստում

2013թ. ապրիլի 29-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ Գեղխորհրդի նիստ` Լ.Լաչիկյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին ֆակուլտետի գեղխորհրդի անդամները, հրավիրված էր Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի դասախոս Ա.Դիլբարյանը:

Լ.Լաչիկյանը գեղարվեստական խորհրդի անդամներին ներկայացրեց խորհրդի գործառույթները:

Նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հարցերը:

2013-2017 ուստարիների ուսումնական աշխատանքային պլանի առարկայացանկի և առարկաների գնահատման ձևերի մասին զեկուցեց ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ նոր ուսումնական պլանի համար հիմք է ընդունվել 2008-2012 ուստարիների ուսումնական պլանը, որի մեջ գեղխորհրդի անդամների քվեարկությամբ կատարվեցին մի շարք փոփոխություններ: Մասնավորապես` ուսումնական պլանից հանվեցին «Ֆրանսերեն լեզու-3», «Անգլերեն լեզու-3» առարկաների կամընտրական բլոկը և ուսումնառության 7-րդ կիսամյակում նախատեսված կուրսային աշխատանքը:

Գեղխորհրդի անդամների կողմից առաջարկվեցին.

  • Ամբիոնների նիստերում քննարկել մասնագիտական առարկաների ուսումնական ծրագրերը և այդ ծրագրերի բարեփոխված տարբերակները ներկայացնել գեղխորհրդի հաստատմանը:
  • «Գծանկար, գունանկար» ամբիոնին հանձնարարել յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և ուրբաթ օրերը համարել պլեներային նկարչության օրեր և դասապրոցեսը կազմակերպել պլեներում:
  • «Գծանկար, գունանկար» ամբիոնի «Գծանկարչություն» և «Գունանկարչություն» առարկաների ուսումնական ծրագրերում զետեղել պլեներային նկարչության դասաժամեր:
  • Ընթացիկ քննության ժամանակ ուսանողը ներկայացնի առաջադրանք` արվեստանոցային և պլեներային նկարչությունից:

Բարեգործական ներկայացում

2013թ. ապրիլի 29-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ «Խցանում հյուրանոցում» կատակերգության բեմականացումը` Ֆ.Վոբերի «Համաձայնագիրը» պիեսի հիման վրա: Այն կազմակերպել էր «Գոհար-Շող» համույթը:

Ներկայացումն ուներ բարեգործական բնույթ. ամբողջ հասույթը հատկացվելու է սահմանամերձ Չինարի գյուղի դպրոցի համար մարզագույք և համակարգչային տեխնիկա ձեռքբերելուն:

 

Դահլիճը մարդաշատ էր: Ներկա էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բազմաթիվ ուսանողներ և մի շարք դասախոսներ, ովքեր մեծ հաճույքով միացել էին բարեգործական ծրագրին:

Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են ու ողջունելի և կլինեն շարունակական:

Ուսանողական գիտական ընկերության նոր նվիրատվությունը

2013թ. ապրիլի 29-ին «Գրքի բանկ» կազմակերպության կողմից ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությանը տրամադրված շուրջ 500 գրքերից 60-ը նվիրաբերվեց մասնաճյուղի գրադարանին, մի քանի գիրք էլ` Բնական գիտությունների ֆակուլտետի ամբիոններին:

Օտար լեզուների ամբիոնին տրվեցին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի անգլերեն քարտեզներ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնին` ՀՀ պատմամշակութային կոթողների քարտեզ:

Կրթության որակի ապահովման և գնահատման բաժնին նվիրաբերվեց թվային տեսախցիկի 8 GB հիշողությամբ SD կրիչ` լուսաբանման աշխատանքներն ավելի լավ կազմակերպելու համար: