Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ժամանակացույցի փոփոխություն

2012-13 ուստարվա երկրորդ կիսամյակի երկրորդ լուծարքային շրջանի գրաֆիկով նախատեսված ս.թ. սեպտեմբերի 16-ի լուծարքները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին:

Գերմանացի հյուրերի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Բավարիայի Այխշտետ Ինգոլշտադ համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հարալդ Պեխլաները և նույն համալսարանի տուրիզմի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի մի խումբ ուսանողներ: Նրանց ուղեկցում էին Գերմանիայի Միջազգային Համագործակցության (GIZ) «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակներում Տավուշի մարզի ու Ռեգենի տարածաշրջանի միջև համագործակցության գերմանական կողմի գործընկերներ Հերբերթ Ուննաշը, Սուսաննե Վագները և Ռեգինա Քաուշինգերը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Այցելության նպատակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռեգենի տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ուղղությամբ նախնական քայլեր ձեռնարկելն էր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր: Հայ և գերմանացի ուսանողների միջև անգլերեն լեզվով տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, խոսեցին իրենց նախասիրությունների և ընդհանուր հետաքրքրություննների մասին: Տնօրենի կողմից առաջարկվեց մասնաճյուղում ստեղծել գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն, որպեսզի հետագա հաղորդակցումը լինի գերմաներենով:

Հյուրերն այցելեցին նաև մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահ, որտեղ ծանոթացան ֆակուլտետի շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա և այլն) ստեղծագործություններին:

Պատկերասրահի տպավորությունների գրքում պրոֆեսոր Պեխլաները կատարեց գրառում իր ստացած ջերմ տպավորությունների վերաբերյալ:

Երկու կողմերն էլ շահագրգռված էին հետագա լուրջ համագործակցության համար:

Մարզային փառատոն

Հարգելի’ ուսանողներ, 2013թ. սեպտեմբերի 13-ին Իջևանի թիվ 1 հանրակրթական դպրոցի մարզադահլիճում տեղի կունենա մարզային փառատոն, որի մեջ ընդգրկված են հետևյալ մարզաձևերը` գիր, վազք, բազկամարտ, մինիֆուտբոլ, շախմատ, նարդի, պարանի ձգում:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 12-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Գործարարության դասընթաց

Հարգելի’ ուսանողներ, ս.թ. սեպտեմբերից մասնաճյուղում կմեկնարկի Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից իրականացվող գործարարության վերաբերյալ դասընթացը:

Դասընթացի ավարտին մասնակիցները կարող են ներկայացնել գործարար առաջարկներ հետևյալ ուղղություններով` արտադրության կազմակերպում, սպասարկման օբյեկտների ստեղծում, գյուղատնտեսական ապրանքների վերամշակում կամ ցանկացած տեսակի այլ շահութաբեր տնտեսական գործունեության ուղղությամբ, ինչպես նաև ստանալ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումար` վարկ` առավելագույնը 3.500.000 ՀՀ դրամի չափով, տարեկան 6% տոկոսադրույքով:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը կարող են դիմել մասնաճյուղի կամ իրենց ֆակուլտետի ուսանողական խորհրդին:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

2013թ. սեպտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչները:

Քննարկվեցին դասախոսական նոր տարակարգերի վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես տնօրենության նիստում սահմանվել էր դասախոսական երեք տարակարգ` մեթոդիստ դասախոս, հետազոտող դասախոս, մանկավարժ դասախոս:

Տարբերակված աշխատավարձերը սահմանելիս հաշվի կառնվեն նաև նշված տարակարգերը: