Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Պարգևատրվեցին «ԵՊՀ օլիմպիադա 2024»-ի հաղթողները

1. glxavor

Տավուշի մարզի դպրոցներից «ԵՊՀ օլիմպիադա 2024»-ում մրցանակների արժանացած աշակերտներին պարգևատրելու նպատակով 2024 թ․ հուլիսի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության անդամները հանդիպում ունեցան նրանց հետ:

ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կազմակերպած դպրոցական օլիմպիադային 11 առարկայից այս տարի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից մասնակցել է 30 դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի 153 աշակերտ:

I փուլը, որը կայացել է ս.թ. ապրիլի 6-ին, նշված մասնակիցներից հաղթահարել է 10 դպրոցի 29 աշակերտ:

Օլիմպիադայի II փուլը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Երևանի պետական համալսարանում:

Տավուշի մարզի մասնակիցները հաջող են հանդես եկել, և 2 աշակերտ ստացել է I կարգի դիպլոմ, 5 աշակերտ՝ գովասանագիր:

Պարգևատրվեցին հետևյալ հաղթողները՝ ըստ առարկաների․

«Աշխարհագրություն».

  • Թևոսյան Մաքսիմ – I կարգ – Դիլիջանի ավագ դպրոց,
  • Աղաջանյան Վահագ – գովասանագիր – Դիլիջանի ավագ դպրոց,
  • Մուսայելյան Իգոր – գովասանագիր – Աղավնավանքի միջնակարգ դպրոց:

«Հայոց լեզու և գրականություն».

  • Առաքելյան Թամարա – I կարգ – Իջևանի ավագ դպրոց,
  • Կալեյան Նելլի – գովասանագիր – Դիլիջանի ավագ դպրոց:

«Գերմաներեն».

  • Սիմոնյան Մերի – գովասանագիր – Այրումի միջնակարգ դպրոց:

«Ֆրանսերեն».

  • Դավթյան Ջուլիետա – գովասանագիր – Իջևանի ավագ դպրոց:

Սիրով շնորհավորում ենք բոլոր հաղթողներին՝ նրանց մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, ամենայն բարիք:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

1.2glxavor_1 2024 թ․ հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա 2023-2024 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Սիրով կսպասենք բոլորին:

Միջազգային աշնանային դպրոց՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

ԵՊՀ ԻՄ (34)Սիրելի՛ ուսանողներ, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիան 2024 թ. սեպտեմբերի 19-23-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար կկազմակերպի միջազգային աշնանային դպրոց, որը բաղկացած կլինի դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից:

Դասախոսությունները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ում, իսկ դաշտային գիտահետազոտական աշխատանքները՝ Տավուշի նշանավոր հուշարձաններում: Աշնանային դպրոցի աշխատանքները կհամակարգեն Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը: Դպրոցին կմասնակցեն ուսանողներ նաև Ավստրիայից:

Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Տավուշի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ:

Դպրոցի աշխատանքներին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝

  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտակարգերի բակալավրիատի վերջին կամ մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսի ուսանող են,
  • տիրապետում են անգլերենին (նվազագույնը՝ A2 մակարդակ),
  • ակտիվ են և հետաքրքրված Տավուշի պատմամշակութային ժառանգությամբ,
  • վստահ են, որ կարող են ոտքով հաղթահարել քայլարշավը:

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող դիմորդները պետք է մինչև օգոստոսի 25-ը լրացնեն առցանց հայտադիմումը՝ պարտադիր ներկայացնելով «Աշնանային դպրոցին մասնակցելու շարժառիթը» (1-2 էջի սահմանում):

Մասնակցությունն անվճար է: Աշնանային դպրոցի ավարտին ուսանողներին կտրամադրվեն վկայագրեր:

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրն է

ԵՊՀ ԻՄ (6)

1991 թ. ՀՀ անկախության վերականգնմամբ նոր՝ ազգային սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն առաջացավ: Նոր Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: 2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում: Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց:

1995 թվականի Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել 2005, 2015 և 2020 թվականներին:

Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր, իսկ ՀՀ կառավարության՝ 2013 թ. հուլիսի 4-ի նիստում ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ն ամրագրվեց նաև որպես պետական խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի օր: Հայաստանի դրոշի պատմությունը սկսվում է 1918 թ. մայիսի 28-ից, երբ ձևավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայաստանի ազգային խորհուրդը սկսեց քննարկել պետական դրոշի հարցը: Այդ ժամանակ ՀԽՍՀ ապագա ակադեմիկոս Ստեփան Մալխասյանի ելույթից հետո՝ 1919 թ. հունիսին, կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշն ընդունելու մասին որոշում կայացվեց: Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը՝ ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, նարնջագույնը (ծիրանագույն)՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը: Գույների նշանակության մեկ այլ նկարագրություն տրվեց 20-րդ դարասկզբին. կարմիրը պատմության ընթացքում սպանված միլիոնավոր հայերի թափված արյունն է, ներառյալ Հայոց ցեղասպանության ժամանակ, կապույտը պարզ, խաղաղ երկինքն է, որին ձգտում է Հայաստանը, ծիրանագույնը` հայոց բերրի հողի գույնը, հայ ժողովրդի աշխատասիրության խորհրդանիշը (նաև ծիրանը` Հայաստանի խորհրդանշական պտուղը): Տարիներ անց՝ 1990 թ. օգոստոսի 24-ին «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքով հաստատվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. այն 1919 թ. եռագույնի օրինակով վերականգնված դրոշն էր` պաստառ, որը բաղկացած էր երեք, միմյանց հավասար հորիզոնական շերտերից` կարմիր, կապույտ և ծիրանագույն:

Ինչպես դրոշը, Առաջին հանրապետության զինանշանը ևս «ՀՀ պետական զինանշանի մասին» օրենքով դարձավ արդեն Հայաստանի Հանրապետության զինանշանը: Հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի 4 թագավորությունների՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշեսյանների, Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա ու ժապավեն:

Պետական օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի՝ 1991 թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը՝ «Մեր հայրենիք»: «ՀՀ պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքով 2006 թվականին այն դարձավ Հայաստանի Հանրապետության օրհներգը: Խոսքերի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը՝ Բարսեղ Կանաչյանը:

Շնորհավո՜ր ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը…. 

ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեցին 2024-2025 ուստարվա ներբուհական քննությունները

1․ գլխավոր

2024 թ. հուլիսի 2-3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվեցին «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունները՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:

Ըստ կրթական ծրագրերի՝ ընդունելության ներբուհական քննությունների անցկացման համար ձևավորվել էր 3 քննական կենտրոն՝ հագեցած տեսաձայնագրման սարքերով:

Յուրաքանչյուր կրթական ծրագրի ներբուհական քննություններն անցկացվեցին մեկական օրով՝ 4-ական ժամ տևողությամբ: Քննասենյակում դիմորդներն իրենց տեղերն ընտրեցին վիճակահանությամբ: «Գծանկար» առարկայի քննության ժամանակ հանձնարարվող առաջադրանքը նատյուրմորտ էր` հարթ ֆոնի վրա 3 գիպսե առարկաներից, գրաֆիտե մատիտով պարզ լուսավորությամբ` A2 ֆորմատի թղթի վրա, իսկ «Կոմպոզիցիա» առարկայի համար՝ պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական մարմիններից կառուցված զարդանախշային հորինվածք՝ դեկորատիվ մեկնաբանությամբ՝ A3 ֆորմատի թղթի վրա:

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրով մասնաճյուղ էր դիմել 13, իսկ  «Դիզայն» կրթական ծրագրով՝ 18 դիմորդ: Հանձնաժողովի անդամները «Գծանկար» առարկայի քննության գնահատման ընթացքում հաշվի էին առնում հորինվածքի գրագետ տեղադրումը թղթի մեջ, կառուցողական մոտեցումը, ծավալների տարածածավալային պատկերումը, ծավալների տոնային ընկալումը և նյութականության ստացումը, հորինվածքի եզրափակիչ մշակումը:

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի «Կոմպոզիցիա» առարկայի քննության ժամանակ գնահատվում էին զարդանախշերի ընտրությունը և գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտքի կիրառումը, զարդանախշերով միջնադաշտի և եզրային գոտիների ստեղծումը, դետալների՝ միմյանց  նկատմամբ կոմպոզիցիոն աշխատանքի ամբողջացումը, կոմպոզիցիայում զարդանախշերի չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, զարդանախշերի գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների, տոնայնության արտացոլումը, զարդանախշերի հստակ սահմանազատման առկայությունը գունային տոների միջոցով, տաք և սառը գույների համադրության և ստեղծագործական մտքի առկայությունը:

«Դիզայն» կրթական ծրագրի «Կոմպոզիցիա» առարկայի քննության ժամանակ գնահատվում էին երկրաչափական ծավալային մարմինների գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտքի կիրառումը, երկրաչափական ծավալային մարմիններով կոմպոզիցիոն հորինվածքի դինամիկ ամբողջացումը (սկիզբ, հասունացում, ավարտ), կոմպոզիցիոն հորինվածքում մարմինների չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների տոնայնության արտացոլումը, երկրաչափական ծավալային մարմինների հստակ սահմանազատման առկայությունը՝ գույների տոների միջոցով:

31 դիմորդներն էլ («Դեկորատիվ-կիրառական արվեստ»՝ 13, «Դիզայն»՝ 18) հաղթահարել են ներբուհական քննությունների նվազագույն շեմը, որի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք նրանց՝ ցանկանալով ուսման մեջ մեծ հաջողություններ և ամենայն բարիք:

«Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։