Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԱՅՍՕՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 79-ԱՄՅԱԿՆ Է

ԵՊՀ ԻՄ (35)2024 թ. մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի զավթիչների դեմ Խորհրդային Միության ժողովուրդների մղած ծանրագույն պատերազմում անասելի զրկանքների ու կորուստների գնով տարած Հաղթանակի 79-ամյակը:

Այդ հաղթանակի կերտման գործում անհերքելի է հայ ժողովրդի ունեցած ներդրումը: Երկրորդ համաշխարհային պատերազմին, ընդունված տվյալների համաձայն, ԽՍՀՄ-ից մասնակցել է շուրջ 600 հազար հայ, ընդ որում՝ մոտ 300 հազարը՝ Հայկական ԽՍՀ-ից, որը մեր հանրապետության այն ժամանակվա բնակչության 22 տոկոսն էր կազմում: Պատերազմին մասնակցած հայորդիների գրեթե կեսն էլ կյանքի գնով է կռել հաղթանակը:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ: Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով, և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով: Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ:

104 (այլ տվյալների համաձայն՝ 106) հայ և ՀԽՍՀ ներկայացուցիչ ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում (Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի հերոսի կոչում), 27-ը դարձել է «Փառքի շքանշանի» լրիվ ասպետ (հավասարազոր է Հերոսի կոչմանը), իսկ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է շուրջ 80.000 հայ մարտիկ:

Գեներալներ, դիվիզիաների, գնդերի, մարտական խոշոր ստորաբաժանումների հրամանատարներ, մարտական սպաներ, ռազմական օդաչուներ ու հարյուր հազարավոր մարտիկներ, այլ խոսքով՝ հայ ժողովրդի զավակներ, սերմնացաններ, որոնք չվերադարձան տուն…

Հայկական 6 դիվիզիաներից միայն մեկն էր մնացել հանրապետությունում՝ սովետա–թուրքական սահմանի պահպանության և Հիտլերի դաշնակից Թուրքիայի ենթադրվող ագրեսիային դիմագրավելու համար:

Մյուս հայկական դիվիզիաները, որոնցից ամենահայտնին համարվում է 89-րդ Թամանյանը, լիարժեք մասնակցել են ՀՄՊ ընթացքին` Կովկասից հասնելով մինչև Բեռլին, Կուրլանդիա, Ավստրիա, մասնակցել Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ազատագրական գործողություններին:

Հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Բուլղարիայում, այլուր, ԽՍՀՄ օկուպացված հատվածում ակտիվ մասնակցել են պարտիզանական պայքարին, դիմադրության շարժմանը, դարձել այդ երկրների ազգային հերոսներ:

ԱՄՆ-ում այդ շրջանում հաստատված մոտ 200 հազար հայերից շուրջ 20 հազարը արդեն ամերիկյան զորքերի կազմում հերոսաբար պայքարել է Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում՝ Պերլ Հարբորում, Իտալիայի ազատագրման համար մղված ճակատամարտերում:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, ըստ էության, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, դաշնակից պետությունների, մեր բոլորի հաղթանակն է:

Փառք ու պատիվ մեր հին ու նոր հաղթանակների կերտողներին, մեր բոլոր հերոսներին…   

Միջազգային աշնանային դպրոց՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

ԵՊՀ ԻՄ (34)Սիրելի՛ ուսանողներ, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիան 2024 թ. սեպտեմբերի 19-23-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար կկազմակերպի միջազգային աշնանային դպրոց, որը բաղկացած կլինի դասախոսություններից և դաշտային գիտահետազոտական աշխատանքներից:

Դասախոսությունները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ում, իսկ դաշտային գիտահետազոտական աշխատանքները՝ Տավուշի նշանավոր հուշարձաններում: Աշնանային դպրոցի աշխատանքները կհամակարգեն Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի համաղեկավար Հայկուհի Մուրադյանը: Դպրոցին կմասնակցեն ուսանողներ նաև Ավստրիայից:

Աշնանային դպրոցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Տավուշի պատմության որոշ դրվագներին, հոգևոր կառույցների գործունեությանը, արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով պատմական իրադարձությունների հետազոտության մեթոդիկային, ինչպես նաև կազմակերպել քայլարշավ՝ իրականացնելով դաշտային գիտահետազոտական աշխատանքներ:

Դպրոցի աշխատանքներին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝

  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտակարգերի բակալավրիատի վերջին կամ մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսի ուսանող են,
  • տիրապետում են անգլերենին (նվազագույնը՝ A2 մակարդակ),
  • ակտիվ են և հետաքրքրված Տավուշի պատմամշակութային ժառանգությամբ,
  • վստահ են, որ կարող են ոտքով հաղթահարել քայլարշավը:

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող դիմորդները պետք է մինչև օգոստոսի 25-ը լրացնեն առցանց հայտադիմումը՝ պարտադիր ներկայացնելով «Աշնանային դպրոցին մասնակցելու շարժառիթը» (1-2 էջի սահմանում):

Մասնակցությունն անվճար է: Աշնանային դպրոցի ավարտին ուսանողներին կտրամադրվեն վկայագրեր:

ԵՊՀ ԻՄ դասախոսի անհատական նոր ցուցահանդեսը Երևանում

Այս օրերին Երևանի «Թեքեյան» մշակութային կենտրոնի ցուցասրահում ընթանում է ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) 18-րդ անհատական ցուցահանդեսը, որ կրում է «Գյումրի և ավելին» խորագիրը: Ներկայացված են շուրջ 7 տասնյակ գծանկարներ, որոնց առանցքը կազմում է  հեղինակի Գյումրիապատումը: Նա նուրբ գծերով և զուսպ գուներագներով է իր սերը փոխանցում առ հարազատ ծննդավայրը՝ պատկերելով նրա բանաստեղծական անկյուններն ու հրապարակները: Եվ այդ սերն ակամա փոխանցվում է դիտողին:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև քաղաքային տեսարաններ Փարիզից, Մարսելից, Վենետիկից, Վիեննայից, Պրահայից, Կոստանդնուպոլսից և այլ գեղեցկագույն քաղաքներից, որտեղ գործի բերումով եղել է արվեստաբան-գծանկարիչը:

 «Գյումրի և ավելին» ցուցահանդեսի մաս է կազմում նաև Լաճիկյանի գրաֆիկական եկեղեցապատումը: Արվեստասերին ներկայացված են եկեղեցիներ ու վանքեր Հայաստանից, Արցախ աշխարհից և արտերկրից: Այստեղ կարելի է տեսնել թե՛ Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին և թե՛ Ոսկեպարի Սուրբ Աստվածածինը:

Ինչպես մեր զրույցում նշեց Լևոն Լաճիկյանը, այս խառն ու անհանգիստ օրերին բացելով նման ցուցահանդես՝ ինքը ցանկացել է հույսի ու հպարտության ուղերձ հղել իր հայրենակիցներին և ապագայի լուսավոր հաղթանակների հավատով լցնել նրանց սրտերը:

Ավելացնենք, որ թե՛ ապրիլի 26-ին տեղի ունեցած ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը և թե՛ հետագա օրերին ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի շատ ներկայացուցիչներ:

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Գիտխորհրդի նիստում առաջարկված փոփոխություններով հաստատվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության կանոնակարգը, Հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը և ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները:

Ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ում պրակտիկաների կազմակերպումից և իրականացումից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության արդյունքները:

ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության կանոնակարգի հաստատման հարցը զեկուցեց գիտական քարտուղար Մ. Աթոյանը՝ համեմատելով նախկին ու նոր փաստաթղթերը, ընդգծելով էական փոփոխությունները: Մասնավորապես նշվեց, որ փոփոխություն է կատարվել 1.1. կետում. ՈՒԳԸ-ն «ուսանողներին միավորող ներկայացուցչական մարմին է» ձևակերպումը փոխարինվել է «բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներին, ասպիրանտներին, հայցորդներին միավորող համալսարանական ստորաբաժանում է» ձևակերպմամբ: 1.3. կետում («Ընկերության կանոնակարգն ու նրանում կատարվող փոփոխությունները հաստատվում են ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի կողմից») ավելացվել է «տնօրենի նախաձեռնությամբ», «Ուսանողների հետ տարվող աշխատանքների պատասխանատուի ներկայացմամբ»: Հաջորդիվ ավելացվել է 1 կետ («1.4. Ընկերությունը սահմանված կարգով կարող է ունենալ կլոր կնիք, անկյունային դրոշմ, պաշտոնաթուղթ»): Ներկայացվեցին նաև կանոնակարգում իրականացված աննշան որոշ փոփոխություններ:

ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը: Գիտխորհրդի անդամների կողմից քննարկվեց մասնավորապես կարգի 3-րդ դրույթը («Մագիստրոսական կրթական ծրագիրը իրականացվում է, եթե առաջին կուրս ընդունված ուսանողների թիվը 10-ից պակաս չէ»), որը մնաց անփոփոխ:

ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնների հարցի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նախագահ, տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը՝ անդրադառնալով աշխատողների ու սովորողների հիմնական իրավունքներին և պարտականություններին, խրախուսելուն և կարգապահական տույժի ենթարկելուն, աշխատողների աշխատաժամանակին առնչվող հարցերի:

Աշխատաժամանակի կապակցությամբ ներկայացվեցին 23-25-րդ դրույթներում կատարված փոփոխությունները: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ում աշխատանքները կազմակերպվում են շաբաթվա երեքշաբթիից շաբաթ օրերին՝ ժամը 9.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում: ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ ու դասախոս) և գիտական աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ երեսուն ժամ ընդհանուր տևողությամբ: Բուհի մյուս աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ երեսունվեց ժամ ընդհանուր տևողությամբ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և գիտական աշխատողների աշխատաժամանակը սահմանվում է 9.15-19.00-ն ընկած ժամանակահատվածում՝ պահպանելով օրվա ծանրաբեռնվածությունը: Մասնաճյուղի մյուս աշխատողների աշխատանքային օրվա սկիզբը երեքշաբթիից ուրբաթ օրերին սահմանվում է 9.00-ին, ավարտը՝ 16.45-ին, իսկ շաբաթ օրվա սկիզբը սահմանվում է 9.00-ին, ավարտը՝ 16.30-ին:

ԵՊՀ ԻՄ-ում պրակտիկաների կազմակերպումից և իրականացումից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ. Ճաղարյանը: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ բաժինն իրականացրել է 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի սկզբում մասնագիտական պրակտիկա անցած ուսանողների հարցում: Այն նպատակ ուներ պարզելու ուսանողների բավարարվածությունը պրակտիկայի կազմակերպումից և իրականացումից, անցկացման վայրից, ժամանակահատվածից, տևողությունից, պրակտիկայի ծրագրից, ընդունող կազմակերպության աջակցությունից, պրակտիկայի ղեկավարի աշխատանքից, վերհանելու պրակտիկայի հետ կապված խնդիրները, հավաքագրելու ուսանողների կարծիքները և առաջարկությունները:

Հարցմանը մասնակցել է պրակտիկա անցած առկա ուսուցման 12 կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի 170 ուսանողներից 155-ը (91.2%-ը), որը շատ բարձր ցուցանիշ է: Արդյունքները ՄԿՈԱ բաժնում ամփոփվել և վերլուծվել են ըստ կրթական ծրագրերի և ֆակուլտետների:

Վերջին տարիներին բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և միջոցառումների շնորհիվ էապես բարձրացել է պրակտիկաներից ուսանողների բավարարվածության մակարդակը: Ըստ դիտարկված գրեթե բոլոր հարցերի՝ միջին միավորները գերազանցել են 4.5 միավորը, բաց հարցերում գերակշռել են դրական կարծիքները, և անհաղթահարելի խնդիրներ (ըստ ուսանողների) չեն եղել:

Ամփոփելով հարցման արդյունքները՝ Մ. Ճաղարյանը նշեց, որ պրակտիկայի կազմակերպման և իրականացման գործընթացը մասնաճյուղում հաջողված է, որի մասին է վկայում նաև ուսանողների ընդհանրական կարծիքը: Ուսանողները փաստում են, որ պրակտիկան իսկապես կատարել է իր դերը, նպաստել է իրենց մասնագիտական և անձնային որակների զարգացմանը, բարձրացրել է վստահությունը մասնագիտական կարողությունների նկատմամբ, մեծացրել է մասնագիտության նկատմամբ սերը և հետաքրքրությունը:

Դիտարկելով ուսանողների բարձրաձայնած խնդիրները՝ կրթական ծրագրերի ղեկավարներին, ամբիոնների վարիչներին և ֆակուլտետների ղեկավարներին բաժնի կողմից առաջարկվեց՝

  • քննարկել ուսանողների բարձրաձայնած նեղ մասնագիտական խնդիրները և առաջարկները, ավելի խորությամբ անդրադառնալ պրակտիկաների ծրագրերին և դրանց իրականացմանը, տալ հնարավոր լուծումներ,
  • կրթական ծրագրերի վերանայման ժամանակ հաշվի առնել ուսանողների կարծիքները և պրակտիկայի անցկացման վայրի, ժամանակահատվածի ու տևողության հետ կապված խնդիրներին լուծումներ տալ հնարավորության սահմաններում,
  • ուշադրություն դարձնել «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի ուսանողների թարգմանչական պրակտիկ կարողությունների զարգացման վրա,
  • «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի ուսանողների հետ իրականացնել հոգեբանական աշխատանք, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ աշխատել նաև խնդիրներ ունեցող աշակերտների հետ:

ԵՊՀ ԻՄ-ում պրակտիկաների կազմակերպումից և իրականացումից ուսանողների բավարարվածության ուսումնասիրության արդյունքների մասին Մ. Ճաղարյանի հաղորդումն ընդունվեց ի գիտություն, ՄԿՈԱ բաժնին հանձնարարվեց վերհանված խնդիրներն ու կարծիքներն ուղարկել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ ստանալու և դրանց հնարավոր լուծումներ տալու նպատակով:

ԵՊՀ ԻՄ-ում կնքվեց կրթական և գիտահետազոտական ոլորտներում համագործակցության հուշագիր

IMG_9347

Հուշագրի ստորագրմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ԵՊՀ ԻՄ հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար Նաթելլա Գրիգորյանը, նույն ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Հայկուհի Մուրադյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Համազասպ Աբրահամյանը:

Համագործակցության հուշագրի նպատակը կրթական և գիտահետազոտական ոլորտներում կողմերի միջև գործընկերային հարաբերությունների հաստատումն էր, համագործակցության ծրագրերի իրականացումը՝ նախատեսված մի շարք ուղղություններով:

IMG_9345

Մասնավորապես՝ ստորագրված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը՝

  • մասնակցելու հուշագրի շրջանակներում ծավալվող միջոցառումներին (աշնանային և ամառային դպրոցներ, թրեյնինգներ, սեմինարներ, խորհրդակցություններ, կլոր-սեղան քննարկումներ, վերապատրաստումներ, գիտաժողովներ և այլն),
  • աջակցելու նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը և դրանց միջոցով ուսումնառողների տեսական և գործնական գիտելիքների ամրապնդմանն ու խորացմանը,
  • աջակցելու կրթական շարունակականությանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
  • կազմակերպելու հանդիպում-քննարկումներ կողմերի առաջատար մասնագետների մասնակցությամբ՝ ապահովելով մասնագիտական կրթության ոլորտին առնչվող տեղեկության պարբերաբար փոխանակում,
  • իրականացնելու փոխադարձ այց-հանդիպումներ՝ բենչմարքինգ անցկացնելու նպատակով,
  • համագործակցելու ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և բարելավման աշխատանքների շուրջ, դասագրքերի, ուղեցույցների և այլ գրականության հրատարակման հարցերում,
  • համատեղ կազմակերպելու և անցկացնելու գիտական և գործնական, ինչպես նաև գիտական և մեթոդաբանական գիտաժողովներ,
  • ապահովելու ուսանողների և դասախոսների շարժունությունը սույն հուշագրի շրջանակներում ծավալվող միջոցառումներին,
  • իրականացնելու համատեղ հետազոտական նախագծեր,
  • կազմակերպելու կողմերի ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկաներ և այլն:

Հուշագրի ստորագրման ընթացքում քննարկվեցին փոխհամագործակցությանը վերաբերող այլ հարցեր և մանրամասներ, անդրադարձ կատարվեց ս.թ. սեպտեմբերին ԵՊՀ ԻՄ ուսանողների համար անցկացվելիք միջազգային աշնանային դպրոցին: Մասնավորապես նշվեց, որ Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիան 2024 թ. սեպտեմբերի 19-23-ը մասնաճյուղի ուսանողների համար կիրականացնի աշնանային դպրոց, որը կընդգրկի դասախոսություններ և դաշտային գիտահետազոտական աշխատանքներ: