Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տավուշի՝ Պ․ Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի սաների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր

2024 թ. հունիսի 26-ին ճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էին Տավուշի՝ Պ․ Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի այս տարվա շրջանավարտները՝ ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանի և քոլեջի կուրսղեկ Ռ․ Զուրաբյանի ուղեկցությամբ:

Քոլեջի շրջանավարտները, ելնելով իրենց հետաքրքրություններից, նախ շրջայց կատարեցին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետներում, ծանոթացան մասնաճյուղում իրականացվող կրթական ծրագրերին, բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններին, «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի գործունեությանը:

Այնուհետև հանդիպում-քննարկում իրականացվեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․ Դավթյանի հետ, ով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտներին ներկայացրեց հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում նախընտրած մասնագիտությամբ ուսումը շարունակելու ընթացակարգը:

Հավակնորդ շրջանավարտները պարոն Դավթյանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք գլխավորապես վերաբերում էին ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերին, դրանց ներկայացման ժամկետներին, մրցույթի կազմակերպմանը, առարկայական տարբերություններին, ժամանակացույցին և ուսման վարձաչափերին:

«Նախագծային ուսումնառություն» ծրագրի շրջանակներում ուսանողներին տրվեցին հավաստագրեր

1․ գլխավոր
2024 թ. հունիսի 26-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք. Հարությունյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի անգլերեն լեզվի ծրագրերի եվրասիական տարածաշրջանի ղեկավար Ջոն Սիլվերի և վերապատրաստող պրոֆեսոր Լորի Ֆարքյուհարսնի կողմից հավաստագրեր հանձնեց «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի 9 ուսանողի:

«Նախագծային ուսումնառություն» վեցշաբաթյա ծրագրի շրջանակներում մասնակցության և անհատական ու խմբային լավագույն աշխատանքների ներկայացման համար հավաստագրերի էին արժանացել Էդիտա Թամամյանը, Սերինե Գրիգորյանը, Սրբուհի Աբազյանը, Լիա Մկրտումյանը, Թագուհի Բաղդասարյանը, Մարիամ Սարգսյանը, Մարինա Ամիրյանը, Միլենա Աղբալյանը և Սեդա Ղուկասյանը:

Ծրագրի կազմակերպիչները՝ Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Քրիստինե Հարությունյանը, Անգլերենի ռեսուրս կենտրոնի այլընտրանքային կրթական ծրագրերի համակարգող Էմմա Թեմրազյանը և վերապատրաստող պրոֆեսոր Լորի Ֆարքյուհարսնը, մեծ գոհունակությամբ նշեցին, որ վեցշաբաթյա ծրագրի ընթացքում մասնաճյուղի ուսանողները ոչ միայն կարողացան լիարժեք ներկայացնել իրենց ունեցած գիտելիքները անգլերենից, այլև դրսևորեցին փայլուն թիմային աշխատանք:

Առանձնահատուկ շեշտվեց Էդիտա Թամամյանի՝ որպես թիմի առաջնորդի գերազանց աշխատանքը:

Ուսանողները նշեցին, որ հաճույքով են մասնակցել ծրագրի առկա և առցանց հանդիպումներին, պրոֆեսոր Լորի Ֆարքյուհարսնի կողմից ստացել են անհատական մանրակրկիտ վերլուծություններ իրենց աշխատանքների վերաբերյալ, վայելել են լեզվակրի հետ իրենց անձնական շփումները, ըստ այդմ՝ ցանկություն հայտնեցին հետագայում ևս մասնակցել նմանատիպ ծրագրերի:

 

«Տարածություն և քաղաք․ խորհրդային Իջևանի քաղաքային միջավայրի ձևավորումը» թեմայով բանախոսություն

7

2024 թ. հունիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Տարածություն և քաղաք. խորհրդային Իջևանի քաղաքային միջավայրի ձևավորումը» թեմայով բանախոսություն, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

Բանախոսությանը մասնակցում էին Իջևանի համայքապետարանի և համայնքապատկան կառույցների շուրջ 20 աշխատակիցներ, ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսներ:

Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող  EU4Culture-ի «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի շրջանակներում:

Անդրադառնալով տարածություն և քաղաք համադրամիասնությանը՝ բանախոսը նշեց, որ խորհրդային Իջևանի փոխակերպման գործընթացն ակտիվ փուլ մտավ հատկապես հետպատերազմյան առաջին տարիներին: 1948 թ. մի խումբ ճարտարապետների (Պ․ Թումանյան, Հ․ Դավթյան և այլք) աշխատասիրությամբ ստեղծվեց Իջևան քաղաքատիպ համայնքի հատակագիծը, որում օրինաչափորեն հաշվարկված էր բաց տարածության վերափոխումը քաղաքային պահանջներին համապատասխան՝ հստակ, ուղղաձիգ փողոցներով, հրապարակներով, հանրային միջավայրն ապահովող գործառութային տարածքներով: Հարկ է նշել, որ տվյալ շրջանի քաղաքաշինական մտքում նկատելի էր ճարտարապետական այնպիսի կերպի ձևավորումը, որը պետք է համապատասխաներ հասարակության յուրաքանչյուր անդամի և ընդհանուրի պահանջներին:

Անդրադառնալով Իջևանի քաղաքաշինական և կառուցապատման առանձնահատկություններին՝ Վ. Պողոսյանը նշեց. «Բնակեցված տարածքի վրա բարձրացող քաղաք Իջևանը ներկայանում էր որպես քաղաքաշինության յուրօրինակ փորձարարական լաբորատորիա, որտեղ ճարտարապետական միտքը պետք է ընդգրկեր նորարարն ու ավանդականը: Քաղաքային տարածքը պարառող խաչաձև բլուրներն ու բարձունքները, անտառը, գետը, հանրապետական մայրուղին, բնական է, այնպիսի հանգամանքներ են, որոնք պահանջում են մանրակրկիտ մոտեցում, տարածաչափական հնարավոր լուծումների համադրում»:

Բաց դասախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Տեղի ունեցավ քննարկում, որի շրջանակներում մասնակիցները փորձեցին ադրադառնալ ապագայում քաղաքի կերպափոխման իրենց տեսլականին, մշակութային արժեքների պահպանության և քաղաքային միջավայրի ձևավորման առանձնահատկությունների շուրջ համաքաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանը, որը միանշանակորեն կնպաստի քաղաքային զբոսաշրջության զարգացմանը և մշակութային գործընթացների շուրջ ընկալումների տարածմանը:

Բանախոսության մասնակիցները՝ հատկապես համայնքային կառույցների ներկայացուցիչները, մեծապես կարևորեցին նմանօրինակ միջոցառումների, բանախոսությունների կազմակերպումը, որը նպաստում է ոչ միայն քաղաքի մասին հավելյալ տեղեկույթի ձևավորմանն ու տարածմանը, այլև բուհ-համայնք կապի սերտացմանը: Բանախոսը հավելեց, որ նման փորձառությամբ բուհը կարող է որպես փորձագիտական հարթակ ծառայել համայնքի համար՝ աջակցելով համայնքային խնդիրների շուրջ հետազոտությունների, հարցումների և ուսումնասիրությունների իրականացմանը և հնարավոր լուծումների հիմնավոր առաջարկությունների փաթեթների ձևավորմանը:

Բռունո Կուտանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր

2024 թ. հունիսի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Բռունո Կուտանը: Տպավորված լինելով ԵՊՀ ԻՄ ուսանողների՝ ֆրանսերենի իմացության բարձր մակարդակով՝ Բ. Կուտանը ցանկություն է ունեցել հանդիպելու «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների հետ:

Նախ տեղի ունեցավ հանդիպում՝ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ. Պողոսյանի, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանի, միության ներկայացուցիչ Բ. Կուտանի և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ. Գասպարյանի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական բարեկամությանը, ԵՊՀ ԻՄ-ում իրականացվող «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրին և դրա զարգացման հեռանկարներին, մարզում ֆրանսերենի ամրապնդման և տարածման գործում մասնաճյուղի ունեցած դերին վերաբերող հարցեր: Պարոն Մակարյանը նշեց, որ նման հանդիպումները ոգևորող ու պարտավորեցնող են, մոտիվացնում են ուսանողներին ավելի խորացնելու և զարգացնելու իրենց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները:

Ջերմ և անմիջական հանդիպում-քննարկման վերջում ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը («Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Իննա Եգանյանի «Մակարավանք» գոբելենը) մասնաճյուղի անունից նվիրեց Բ. Կուտանին՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության և մասնաճյուղի ու միության ամուր համագործակցության:

Այնուհետև տեղի ունեցավ ֆրանսիացի հյուրի հանդիպումը ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի տարբեր կուրսերի ուսանողների հետ: Բռունո Կուտանը, լինելով պրոֆեսիոնալ մարզիկ (աթլետ), Օլիմպիական խաղերի մասնակից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին ներկայացրեց 2024 թ. հուլիսի 26-ին Փարիզում մեկնարկող Օլիմպիական խաղերի բացման արարողակարգը, խոսեց ֆրանսիական մշակույթից:

Ապա ծավալվեց քննարկում, որի ընթացքում ուսանողները պարոն Կուտանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ զարգացնելով նաև ֆրանսերենով բանավոր հաղորդակցվելու իրենց հմտությունները:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների աշխատանքների ցուցահանդես

1. գլխավոր

2024 թ. հունիսի 11-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հեղինակային աշխատանքների ցուցահանդեսը, որն իրականացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Ցուցահանդեսի կազմակերպման գործում մեծ դեր է ունեցել ԵՊՀ ԻՄ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Էրիկ Ամյանը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Տավուշի մարզի տարբեր ոլորտների, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, աշակերտներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, «Վերնատուն» պատկերասրահի փոխտնօրեն Ռ. Մանվելյանը, Իջևանի համայնքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լ. Ղալումյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ. Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա. Սարհատյանը՝ ողջունելով ցուցահանդեսի բոլոր այցելուներին ու մասնակիցներին, կարևորելով նման միջոցառումների դերն ու նշանակությունը մարզի հոգևոր-մշակութային կյանքում:

Ցուցահանդեսում ներկայացված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների՝ շուրջ 50 բազմաժանր աշխատանքներ (գեղանկար, գորգ, կարպետ, գոբելեն, մանրանկար, ապակենկար, մաքրամե, բատիկ, ասեղնագործություն, կերամիկա, փայտե փորագրություն, գրքի գեղարվեստական ձևավորում և այլն):

Այցելուները մեծապես տպավորված էին ներկայացված գործերի ժանրային և թեմատիկ բազմազանությամբ, դրանց կիրառական նշանակությամբ և կատարման վարպետությամբ:

Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացված ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: