Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հովհաննես Ներզեթյանի գրական ստեղծագործությունների շուրջ բանախոսություն-քննարկում

1. գլխավոր ԵՊՀ ԻՄ-ի նիստերի դահլիճում կայացավ գրող Հովհաննես Ներզեթյանի գրական դիմանկարի և ստեղծագործությունների շուրջ բանախոսություն-քննարկում: Հովհաննես Ներզեթյանը ստեղծագործում է դեռևս խորհրդային տարիներից և ընթերցողի սեղանին է դրել «Սամվել», «Արտավազդ և Կլեոպատրա» դրամաները, «Մարդկության սկիզբը և վերջը մի անհատի կյանքն է. «ԵՍ»» աֆորիզմների ժողովածուն և մի շարք այլ ստեղծագործություններ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը` ընդգծելով. «Այսօրվա միջոցառման առանցքը Հովհաննես Ներզեթյանի գրական դիմանկարն է, վերջինիս ստեղծագործությունների` դրամատիկական ժանրից մինչև բազմաթիվ աֆորիզմների արժևորումը, որը կփորձենք ամբողջացնել դասախոսների և ուսանողների համակարծության կամ տարակարծության միջոցով»:

Գրողի ստեղծագործական ուղին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Ազարյանը՝ շեշտելով, որ մեծ է Հովհաննես Ներզեթյան անհատի և գրողի ազդեցությունը իր՝ որպես մասնագետի, գրողի հայացքների, ազգային և համամարդկային արժեքների ընկալումների ձևավորման վրա:

Հաջորդիվ հանդես եկավ բանասեր, լրագրող Վարդան Բաղդասարյանը, ով իր խոսքում նշեց, որ ժամանակակից գրողը պետք է բազմաչափ խորությամբ` զգացական և համամարդկային դիտանկյուններից, մոտենա այժմեական խնդիրներին, և Ներզեթյանի ստեղծագործությունները, նրանցում արտահայտված համամարդկային գաղափարներն այդ ճանապարհի ուղեկից և խորհրդատու կարող են լինել:

Ներզեթյանի ստեղծագործությունների գրականագիտական վերլուծությամբ հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ Անուշ Աղաջանյանն ու Ռոզա Բաղրամյանը: Ըստ Ա.Աղաջանյանի՝ հեղինակն իր ստեղծագործություններում կարևորում է նպատակասլացությունը, հոգու արիությունը, մտքի ճկունությունը, բնավորության կայունությունը, հորդորում ապրել առանց նախանձի, քանզի այն պարտվածների, թուլակամների գործն է: Ըստ Ռ.Բաղրամյանի՝ «Սամվել»-ի  սյուժեն ընդհանուր առմամբ հասկանալի է ընթերցողին, միևնույն ժամանակ դժվարընթեռնելի է: Խոսքի վերամբարձությունը հնարավորություն չի տալիս միանգամից ընկալել ու զգալ ասվածը:

Ներզեթյանի ստեղծագործությունների գրականագիտական արժեքին անդրադարձավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Խոսելով դրամատիկական ժանրում հեղինակի ներդրման, գրական ստեղագործությունների առանձնահատկությունների մասին` պրոֆեսոր Ս.Մուրադյանը նշեց. «Ներզեթյանին հաջողվել է ընթերցողի  առջև բարձրացնել հանրահայտ  պատմավիպական հերոսների այլընտրանքային կերպարներ իրադարձությունների և գործողությունների ռիթմիկ, համընթաց համամասնությամբ, հյութեղ հայերենով և հետաքրքիր երկխոսություններով»: Անդրադառնալով հեղինակի աֆորիզմներին` պրոֆեսոր Մուրադյանը նշեց, որ գրքեր կան, որ դառնում են կյանքի ուղեկից, խորհրդատու, սակայն գրքել էլ կան, որ ինչպես ծնվում են, այնպես էլ մահանում ու մոռացվում:  Հովհաննես Ներզեթյանի այդ գիրքը պատկանում է առաջինների թվին: Այն ոչ թե տարբեր տեղերից հավաքած և խմբավորած աֆորիզմների շտեմարան է, այլ արտահայտում է հեղինակի միտքն ու խոսքը՝ հակիրճ ու դիպուկ:

Ելույթ ունեցավ նաև գրքի հեղինակը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ խոսքերի համար, ընդհանուր գծերով անդրադարձավ իր անցած ստեղծագործական ուղուն՝ հայացք նետելով և համառոտ մեկնաբանելով իր  ստեղծագործությունները:

Հանդիպման վերջում հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․Մակարյանը՝ շնորհակալություն հայտնելով Հ․Ներզեթյանին և հյուրերին՝ բովանդակային խոսքի և գրքերի ներկայացման համար: Իր խոսքում Ա․Մակարյանը շեշտեց. «Մեր ժամանակների ուսանողը հաճախ կարոտ է գրական երկերի, պատմական կերպարների նոր մեկնությանը և հեղինակների հետ շփումներին, ուստի սա սպասված հանդիպում էր: Հետագայում կփորձենք ավելի սերտացնել գրող-ընթերցող շփումը: Շնորհակալ եմ մեր ուսանողներին՝ իրենց գնահատականների, ազնիվ և համարձակ տեսակետների համար, կարևորենք ազատ և անկախ գիտական խոսքը, որ հետագայում կնպաստի ուսանողների քննադատական մտքի ձևավորմանը»:

Վոլեյբոլի բաց առաջնություն՝ նվիրված մեր անմահացած հերոսների հիշատակին

1. Գլխավոր․ IMG_1626 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում 2023թ. ապրիլի 22-ին կայացավ վոլեյբոլի բաց առաջնություն՝ ի հիշատակ 2016-2022 թվականների ռազմական և պատերազմական գործողությունների ընթացքում անմահացած մեր հայրենակիցների:

Ներկաները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին մեր անմահացած հերոսների հիշատակը։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վ.Պողոսյանը՝ ողջունելով մասնակիցներին, բոլոր ներկաներին և նրանց մաղթելով հաջող և դիտարժան խաղ:

Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ մասնավորապես նշելով. «Հարգելի՛ մարզասերներ, այսօր մեր մասնաճյուղում իսկապես սպորտային տոն է. արդեն երկար ժամանակ տարբեր պատճառներով տեղի չեն ունեցել նման մասշտաբային իրադարձություններ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ և առաջ կազմակերպիչներին՝ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել մասնակիցներին՝ նմանատիպ ակտիվության համար: Հույս ունեմ, որ մեր պայքարը կլինի ազնիվ. կհաղթեն իսկապես ուժեղները և արժանավորները:

Միջոցառումը ինչ-որ առումով սիմվոլիկ է. ճակատագրի բերումով հայ ազգը վերջին 100 և ավել տարիների ընթացքում անընդհատ ունեցել է կորուստներ, և այդ շարքը դեռևս չի կտրվում, սիմվոլիկ է, որ այն նվիրում ենք մեր նահատակների հիշատակին: Իրենք արել են այն, ինչ կարող էին, իրենք տվել են ամենաքաղցր, ամենաթանկ բանը՝ իրենց կյանքը, մեզ համար…. Ի՞նչ է մնում է մեզ անել. մեզ մնում է հիշել, հարգել նրանց հիշատակը և ապրել, արարել այնպես, որ արժանի լինենք նրանց հիշատակին»:

Առաջնությանը մասնակցում էր 13 թիմ՝ Սարիգյուղի, Այգեհովիտի, Գանձաքարի (2 թիմ), Պտղավանի, Ներքին Ծաղկավանի, Նոյեմբերյանի, Իջևանի երիտասարդների, Իջևանի համայնքապետարանի, Իջևանի ավագ դպրոցի, Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, Իջևանի 92:48 և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը:

Խաղերն ընթանում էին օլիմպիական մրցակարգով (պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից) և աչքի էին ընկնում համառ և գեղեցիկ պայքարով:

1-4-րդ կիսաեզրափակիչ դուրս եկան «Գանձաքար» – «Պտղավան» և «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ» – «Սարիգյուղ» թիմերը: Հաղթողները՝ Գանձաքարի և Սարիգյուղի թիմերը, դուրս եկան եզրափակիչ: Հաղթող ճանաչվեց Սարիգյուղի թիմը, որը ցուցադրեց շատ գեղեցիկ խաղ:

Այսպիսով՝ առաջին տեղը գրավեց Սարիգյուղի թիմը, երկրորդ տեղը՝ Գանձաքարի թիմը: Երրորդ տեղը զբաղեցրին Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և հավաստագրերով:

Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի սաները մասնաճյուղում

1. գլխավոր

 Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների աշակերտները 2023թ. ապրիլի 21-ին  հյուրընկալվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Աշակերտներին ուղեկցում էին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա․Մարգարյանը, Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ.Բեգինյանը և Իջևանի թիվ 5 հիմնական  դպրոցի Մասնագիտական կողմնորոշման խմբակի աշխատակից Ա.Գալստյանը:

Նման այցելությունները տարածաշրջանի դպրոցների հետ համագործակցության մասն են կազմում և նպատակ ունեն մոտիվացնելու դպրոցականներին և շարժելու նրանց հետաքրքրությունը կրթության և գիտության նկատմամբ, բարձրացնելու իրազեկվածությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության, մասնագիտությունների և իրականացվող գործընթացների վերաբերյալ, օգնելու աշակերտներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու Տնտեսագիտության ֆակուլտետի գործուն­եությանը, ուսանո­ղների առօրյային:

«Ֆինանսներ» կրթական ծրագրի I կուրսում դպրոցականները մասնակցեցին տ.գ.թ., դոցենտ Հ․Մարգարյանի կողմից անցկացվող տնտեսագիտության տեսության առարկայի դասին: Նույն կրթական ծրագրի III կուրսում աշակերտները մասնակցեցին դասախոս Ա․Ասոյանի կողմից անցկացվող «Մակրոտնտեսագիտություն» դասընթացի դասին, ինչպես նաև բ․գ․թ․, ասիստենտ Ռ․Հարությունյանի և դասախոս Ա․Պարոնյանի կողմից իրականացվող «Մասնագիտական անգլերեն» առարկայի դասին:

Շրջայցի վերջում դպրոցականներն արտահայտվեցին, որ շատ տպավորված են մասնաճյուղի գործունեությամբ, համալսարանական կյանքով, և ցանկություն հայտնեցին ևս մեկ անգամ այցելելու համալսարան և մասնակցելու այլ դասերի:

«Զբոսաշրջություն» մասնագիտության II և III կուրսերի ուսանողների ուսումնական պրակտիկայի ընթացքի մասին

1. գլխավոր ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողները ուսումնական պրակտիկայի ղեկավարների՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, մ.գ.թ. Հ.Ազիզյանի և դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ս.թ. ապրիլի 19-ին ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան-Պարզ լիճ-Գոշ-Իջևան երթուղով:

Պրակտիկայի ընթացքում ղեկավարները ներկայացրին Տավուշի մարզը որպես զբոսաշրջային դեստինացիա (ուղևորության նպատակակետ), մասնավորապես` «Դիլիջան» ազգային պարկը, որը Տավուշի մարզի զբոսաշրջային մեծ ներուժ պարունակող օբյեկտ է: Շեշտվեց, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքը Հայաստանի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ ու յուրօրինակ կենսաբազմազանությամբ: Ազգային պարկը ներառում է ինչպես բնական, այնպես էլ մարդածին բարձրարժեք ռեսուրսներ: Այդտեղով  անցնում է Տրանսկովկասյան արահետը, որը միավորում է  միջազգային կազմակերպություններին և կառույցներին՝ դրանով ճանաչելի դարձնելով Անդրկովկասի ու Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները, պատմական, մշակութային արժեքները և նպաստելով բնաշխարհի պահպանմանն ու  զբոսաշրջության զարգացմանը:

Արահետի մի հատվածին ուսանողները ծանոթացան քայլարշավի միջոցով՝ Պարզ լիճ-Գոշ ուղղությամբ: Դա համալիր երթուղի է, որում ընդգրկված են արժեքավոր բնական և պատմամշակութային օբյեկտներ: Քայլարշավը նպատակ ուներ ծանոթացնել ուսանողներին տարածքում կողմնորոշման եղանակներին:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ներկայացրին աշխատանքային պլան-հանձնարարականի համաձայն իրենց նախապատրաստած տեղեկությունները երթուղու, «Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջան խոշորացված համայնքում առկա հյուրանոցառեստորանային համալիրների, զբոսաշրջային ենթակառուցվածների մասին:

Ուսանողները նաև ծանոթացան շրջակա լեռնագրական միավորներին, էկոզբոսաշրջային երթուղիներին, բնական և պատմամշակութային հուշարձաններին, տարածքում գտնվող և Կարմիր գրքում գրանցված բույսերի էնդեմիկ տեսակներին: Պրակտիկանտները գնահատեցին դրանց ընդգրկվածությունը զբոսաշրջային փաթեթներում:

Ուսումնական պրակտիկան շարունակվում է, և ծրագրով նախատեսված երթուղիների իրականացման ընթացքում գնալով կխորանան ուսանողների գործնական գիտելիքները և հմտությունները:

Մասնաճյուղում ներկայացվեց «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագիրը

 1. գլխավոր

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ ճանաչողական հանդիպում՝ «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և բուհի ուսանողների մասնակցությամբ:

Հանդիպման նպատակը «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասին իրազեկելը և ցանկացող ուսանողներին ծրագրում ընդգրկելն էր:

Հանդիպում-քննարկման սկզբում «Մունետիկ» ՀԿ կազմակերպչական թիմի անդամներ Հ.Համբարձումյանը և Տ.Համբարձումյանը ուսանողներին մանրամասն ներկայացրին «Մունետիկ»-ի հիմնադրման պատմությունն ու անցած ուղին, «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի նպատակն ու խնդիրները, նկարագրեցին ծրագրի մասնակից դառնալու պայմանները:

Ներկայացվեց, որ «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագիրն անցկացվելու է Իջևանում, և վերջում կազմակերպվելու է ծրագրի ընթացքում մասնակիցների իրականացրած աշխատանքներից (գեղանկար, գոբելեն, վիտրաժ և այլ ժանրերի գործեր) կազմված գեղեցիկ ցուցահանդես դարձյալ Իջևանում:

Հանդիպումը կայացավ շատ ջերմ և անկաշկանդ մթնլորտում, ուսանողներն ու ներկա դասախոսները կարողացան ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Վերջում ուսանողներին իր խոսքն ուղղեց նաև ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը՝ ընդգծելով ծրագրի հետաքրքիր և կարևոր լինելու հանգամանքը:

«Մունետիկ» հասարակական կազմակերպության նախաձռնող խումբը մեծ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությանը և անձնակազմին՝ ի դեմս մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար պարոն Ա.Մակարյանի և Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանի՝ համագործակցության և տվյալ հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: