Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ Գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի նիստ

2015թ. մայիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի նիստ` հետևյալ օրակարգով.

1. Որակի կառավարման հանձնաժողովի հիմնական խնդիրները և գործառույթները
Զեկուցողներ` Ս. Առաքելյան, Ա. Մակարյան

2. ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության կանոնակարգի քննարկում
Զեկուցող` Ա. Մակարյան

3. ԵՊՀ ԻՄ-ից ներքին շահակիցների բավարարվածության հարցման կանոնակարգի քննարկում
Զեկուցող` Ա. Մակարյան

4. Ընթացիկ հարցեր:

Նիստի ընթացքում Ս.Առաքելյանն ու Ա.Մակարյանը մասնակիցներին ներկայացրին Որակի կառավարման հանձնաժողովի հիմնական խնդիրները և գործառույթները:

Այնուհետև հանձնաժողովի անդամները քննարկեցին ՄԿՈԱ բաժնի կողմից մշակված երկու` «ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության» և ԵՊՀ ԻՄ-ից ներքին շահակիցների բավարարվածության հարցման» կանոնակարգերը:

Մասնաճյուղում ներկայացվեց «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկը

2015թ. մայիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկը ներկայացրին գրքի 4 համահեղինակներից ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանը և ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների ղեկավարները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Նախ ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահը համառոտ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի նպատակները և գործունեությունը, մասնաճյուղի գրադարանի համար բերած գիտական հոդվածների ժողովածուները և ՈՒԳԸ-ի հրատարակած այլ նյութերը:

Այնուհետև Միքայել Մալխասյանը խոսեց գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցման ծրագրի և դրա արդյունքում ստեղծված «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի մասին:

Գրքի համահեղինակ, ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանն անդրադարձավ ձեռնարկի կառուցվածքին և բովանդակությանը:

Մեթոդական ձեռնարկի և հոդվածների ժողովածուների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ԵՊՀ ՈՒԳԸ-ի հրատարակումների կայքում՝ http://ysu.am/ssspub:

Հանդիպման վերջում ներկաներին միացավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Նա շնորհավորեց Միքայել Մալխասյանին օրեր առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվելու կապակցությամբ՝ նշելով նրա գիտական (40 գիտական հոդված, 4 մենագրություն) և կազմակերպչական ակտիվ գործունեությունը:

Տնօրենը շեշտեց, որ ուսանողական կառույցնեը դարբնոց են կյանքում ինքնահաստատվելու համար: Նշվեց նաև, որ օրերս Դիլիջանում ընթացող ամառային դպրոցի կազմակերպիչների և դասախոսների մեծ մասը ԵՊՀ ՈՒԳԸ-ի բովով անցած անձինք են:

Ս.Առաքելյանը ուսանողներին կոչ արեց լինել ակտիվ, մասնակցել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, կատարել գիտական աշխատանքներ, իսկ ուսանողական կառույցների ղեկավարներին հորդորեց խորացնել համագործակցությունը Մայր բուհի ուսանողական կառույցների հետ:

Մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը Միքայել Մալխասյանին նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը:

 

Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները

2015թ. մայիսի 1-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում “The number e” և «Ինտեգրալ» թեմաներով զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Ալվինա Գևորգյանը և Անահիտ Ալիխանյանը:

Ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժ/պ Ա.Ցուցուլյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցումներ կարդացին «ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները

Ալվինա Գևորգյանը զեկուցումը ներկայացրեց անգլերեն լեզվով` սահմանելով e թիվը, նրա վերաբերյալ թեորեմը:

Զեկուցումը պատրաստելիս Ա.Գևորգյանին օժանդակել են Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյանը և Օտար լեզուների ամբիոնի դասախոս Է. Թեմրազյանը:

Զեկուցումներ կարդացին «ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները

Անահիտ Ալիխանյանը ներկայացրեց զեկուցում, հաշվեց ինտեգրալ` օգտվելով Պուասոնի ինտեգրալից:

Զեկուցումներ կարդացին «ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները

Ուսանողուհու հաշված ինտեգրալն ունի մեծ կիրառություն ջերմահաղորդականության հավասարման, Կոշիի խնդրի լուծման մեջ:

Զեկուցումը պատրաստելիս Անահիտ Ալիխանյանին օժանդակել է Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ցուցուլյանը:

Ներկայացված զեկուցումները հետաքրքիր էին և ուսանելի:

Մասնաճյուղում իրականացվեց «Ինքնավերլուծության իրականացում. ՈԱԱԿ մոտեցումներ» թեմայով վերապատրաստման դասընթաց

2015թ. ապրիլի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների 34 աշխատակիցների համար իրականացրեց «Ինքնավերլուծության իրականացում. ՈԱԱԿ մոտեցումներ» թեմայով վերապատրաստման դասընթաց:

Վերապատրաստման դասընթացի նպատակն էր ներկայացնել ինքնավերլուծության իրականացման կարևորությունը մասնաճյուղում իրականացվող մասնագիտությունների կրթական ծրագրերի, ուսանողների ուսումնառության որակի բարելավման գործում, զարգացնել մասնակիցների` ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները:

Դասընթացի ժամանակ պրեզենտացիայի ուղեկցությամբ քննարկվեցին հետևյալ առանցքային հարցերը.

• ի՞նչ է ինքնավերլուծությունը,

• ինքնավերլուծության նպատակները,

• ինքնավերլուծության կազմակերպումը,

• փորձագիտական գնահատման մոտեցումները,

• ինքնավերլուծության իրականացման քայլերը,

• գործնական խորհուրդներ ինքնավերլուծություն իրականացնողներին:

Ներկայացվեց, որ ինքնավերլուծությունն իրականացվում է հաստատության կամ ՄԿԾ-ի շրջանակներում՝ գնահատելու, թե արդյոք բուհի մատուցած կրթական ծառայությունները, ինչպես նաև ՄԿԾ-ները ծառայում են նախանշված կրթական նպատակներին և ուսումնառության վերջնարդյունքներին:

Մատնանշվեցին ինքնավերլուծության հիմնական նպատակները `

• խթանել պարտավորվածությանը՝ իրականացնելով ներքին և արտաքին գնահատումների արդյունքում ձեռք բերված երաշխավորումները,

• գնահատվող հաստատության կամ ՄԿԾ-ի համար ապահովել տեղեկատվության համապատասխան հիմքեր` որոշումներ կայացնելու (պլանավորման) համար,

• ապահովել գրավոր նյութեր, որոնք կարող են օգտագործվել թե՛ արտաքին փոխդիտարկման և թե՛ հաստատությունը ամբողջությամբ գնահատելու ժամանակ:

Ինքնավերլուծության համար կարևորվեցին օբյեկտիվ, կառավարելի լինելու և զարգացման ուղղությամբ գնալու գործոնները:

Նախանշվեցին ինքնավերլուծութան իրականացման համար անհրաժեշտ պայմանները.

• աշխատանքային խմբի ձևավորում,

• ինքնավերլուծություն իրականացնող խմբին ներկայացվող պահանջների սահմանում և նրա ձևավորում,

• ինքնավերլուծություն իրականացնող խմբի գործառույթների պարզաբանում,

• չափանիշների և չափորոշիչների մեկնաբանությանը /ՈԱԱԿ-ի հետ /,

• առաջացող դժվարությունների քննարկում,

• լավագույն փորձի ուսումնասիրում և այլն:

Ներկայացվեցին ինքնավերլուծություն իրականացնող խմբի հիմնական գործառույթները.

• ինքնավերլուծության գործընթացի կազմակերպում,

• դերերի, պատասխանատվությունների և ռեսուրսների բաշխում,

• անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և տարածում (սոցհարցումներ, քննարկումներ, ներկայացումներ և այլն),

• ստացված տեղեկատվության մշակում,

• արդյունքների մեկնաբանում և հիմնավորում,

• վերլուծության իրականացում,

• մասնակցություն հիմնական աշխատանքային խմբի կողմից կազմակերպվող միջոցառումներին (չափորոշիչների, վերլուծության արդյունքների քննակումներ և այլն):

«Ինքնավերլուծության իրականացում. ՈԱԱԿ մոտեցումներ» թեմայով վերապատրաստման դասընթացը բավականին խորն էր ու բովանդակալից. այն մեծապես նպաստեց մասնակիցների` ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունների զարգացմանը:

Մոմավառություն ու ջահերով երթ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

2015թ. ապրիլի 25-ին Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակում մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կազմակերպել էին փոքրիկ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ուսանողները միջոցառման ընթացքում կատարեցին անդրադարձ հայ ժողովրդի պատմության արյունոտ էջերին: Հակիրճ բեմադրվեց թուրք հրոսակների կողմից սրատված մի ընտանիքի պատմություն ու արհավիրքից փրկվածների շնորհիվ հայ ազգի հարությունը:

Միջոցառումից հետո տեղի ունեցավ ջահերով երթ` Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակից դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Երթին ակտիվ մասնակցություն ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներ, ուսանողներ, բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վառվող ջահերով, մոմերով, ծաղիկներով ու օդապարիկներով ուղևորվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Մասնակիցները երթի ընթացքում վանկարկում էին ազգային գաղափարական արտահայտություններ, աշխարհից պահանջում Հայ դատի արդարացի ճանաչում:

Վերջում ուսանողները օդապարիկները բաց թողեցին երկինք: