Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սենյակի բացման արարողությունը

2014 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սենյակի բացման արարողությունը, որին հրավիրված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահներ Ռ.Հովսեփյանը, Ա.Հովսեփյանը:

Բացման արարողությանը ներկա էին ակումբի նախագահ Է.Սահակյանը, խմբապետներ Ն.Ամիրյանը, Ս.Խառատյանը, Գ.Հարությունյանը, Թ.Այվազյանը, Ա.Աղաջանյանը և ակումբականներ:

Պարոն Առաքելյանը շնորհավորեց ակումբականներին, ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայրենասիությունը հոգեբանություն է, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, խոսեց ռազմահայրենասիրական ակումբում իրականացվելիք որոշ ծրագրերի մասին, խոստացավ աջակցել երիտասարդներին իրենց նախաձեռնություններում:

Տեղի ունեցավ փետրագնդակի բաց առաջնություն

2014թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ փետրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և Իջևանի մարզադպրոցի մարզիկ-մարզուհիներ:

Տղաների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը և Իջևանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սարգիս Խուդավերդյանը:

Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Հրաչ Ներսիսյանը:

Երրորդ տեղը գրավեց ավագ դպրոցի սան Վազգեն Փայտյանը:

Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան Իջևանի մարզադպրոցի մարզուհիներ Աննա Մանուչարյանը և Սվետա Բախչագյուլյանը:

2:0 հաշվով հաղթեց Աննա Մանուչարյանը:

Երրորդ տեղը գրավեց «Սերվիս» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով և պատվոգրերով:

Փետրագնդակի բաց առաջնությունում գեղեցիկ ցուցադրական խաղով հանդես եկան մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը և Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը:

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի թիմը

2014թ. նոյեմբերի 11-ին Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Խաղն ընթացավ 2 փուլով, որին մասնակցում էր 4 թիմ` «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի առաջին և երկրորդ և նույն մասնագիտության 2-րդ կուրսի թիմերը:

Առաջին փուլում ԻԿՄ 1-ին կուրսի առաջին թիմը ստացավ նկատողություն և որակազրկվեց:

Երկրորդ փուլ անցան ԿՄՖ 3-րդ և ԻԿՄ 2-րդ կուրսերի թիմերը:

Երկրորդ փուլում հնչեց 10 հարց, և միավորների 4:5 հարաբերակցությամբ հաղթեց ԻԿՄ 2-րդ կուրսի թիմը:

«ԼԵՍ միջազգային երիտասարդական փառատոն 2014»-ում հաղթեց մեր շրջանավարտ Նանե Դանիելյանը

2014թ. հոկտեմբերի 24-26-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ «ԼԵՍ միջազգային երիտասարդական փառատոն 2014»-ը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ` ՀՀ բոլոր մարզերից:

Փառատոնին մասնակցում էր նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Նանե Դանիելյանը:

Նա փառատոնին ներկայացավ երեք աշխատանքով` «Մայրաբերդ», «Ղողանջ Վերածննդի» և «Ծաղիկներ» գոբելեններով:

Երեք փուլով անցկացված փառատոնում հաղթող է ճանաչվել մասնաճյուղի շրջանավարտ Նանե Դանիելյանը և պարգևատրվել «ԼԵՍ միջազգային երիտասարդական փառատոն 2014»-ի գավաթով ու պատվոգրով:

Տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում

2014թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում, որը վարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Խ.Վարդանյանը:

Ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:

Նախ ելույթ ունեցավ Խ.Վարդանյանը` ազդարարելով միջոցառման բացումը:

Խոսելով Պ.Սևակի մեծության, նրա և իր գործերի անմահության, կյանքի, ապրած տարիների ու գրչի հզորության մասին` դոցենտ Խ.Վարդանյանը պատմեց նաև իր հուշերը Պ. Սևակի կյանքի, նրա` վերջնականապես չբացահայտված մահվան մասին:

Այնուհետև ուսանողները հանդես եկան բանաստեղծություններով, որոնք ընտրված էին Պարույր Սևակի տարբեր ժողովածուներից («Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս», «Մայրամուտից առաջ», «Նորից քեզ հետ»):

Ուսանողների կողմից ներկայացված բանաստեղծություններից հատկանշական են հետևյալները` «Մարդ էլ կա, մարդ էլ», «Որդուս», «Վարք Մեծաց», «Եվ այր մի Մաշտոց», «Ղողանջ եղեռնական», «Գլխապտույտ», «Դու ես մեղավոր», «Ծերանում ենք Պարույր Սևակ» և այլն:

Միջոցառման վերջում իրենց գոհունակությունն արտահայտեցին ներկաները: