Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում լավագույնը ճանաչվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ն

2014թ․ փետրվարի 21-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2013» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԵՀ համակարգող Կարեն Ավագյանը, տարբեր միությունների նախագահներ, բուհերի ներկայացուցիչներ, հյուրեր։

Ամենամյա այս մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նպատակն է խրախուսել երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին՝ երիտասարդության շրջանում իրականացված աշխատանքերի համար։

Մրցանաբաշխությունը անց է կացվում մի շարք անվանակարգերով։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը ևս հայտ էր ներկայացրել։ Հաղթողների անունները պարզ դարձան միայն մրցանակաբաշխության ժամանակ։

Մասնաճյուղի ՈՒԳԸն հաղթող ճանաչվեց «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում։ Մրցանակաբաշխությանը ներկա էին մասնաճյուղի  ՈՒԳԸ-ի ներկայիս նախագահ Արա Հովսեփյանը և նախկին նախագահ Սլավիկ Ալավերդյանը։

Մրցանակը ստանալու համար բեմ բարձրացավ Սլավիկ Ալավերդյանը: Նա ողջունեց ՀՀ նախագահին, ներկաներին, շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են կառույցին՝ հաջողության հասնելու համար։

Բացի նախապես որոշված անվանակարգերից` տրվեցին նաև հատուկ մրցանակներ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ մրցանակ հանձնեց Կոթի գյուղի դպրոցի «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչ, ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտ Գևորգ Գրիգորյանին՝ սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար։


Մրցանկակիրները ստացան խորհրդանշական արձանիկներ և հայկական «ԱրմԹաբ» պլանշետներ։

Աղբյուրը` president.am, heh.am:

Կայացան Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները

2014 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցան Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները:

Առաջադրվել էին «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներ Անդրեյ Սաֆարյանի և Հռիփսիմե Ասատրյանի թեկնածությունները:

Ընտրություններին մասնակցում էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, ուսումնական խորհրդատու Ք.Օթարյանը, Ուսանողական խորհրդի անդամներ, ֆակուլտետի ուսանողներ:

Թափանցիկ ընտրությունների արդյունքում Անդրեյ Սաֆարյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ:

«ՎԵԲՈՄԵՏՐԻՔՍՈՒՄ» ԵՊՀ-Ն ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է

«Վեբոմետրիքս» վարկանշային համակարգի 2014 թ-ի հունվար ամսվա արդյունքների համաձայն` 22.000 համալսարանների  շարքում ԵՊՀ-ն զբաղեցնում է 2994-րդ տեղը (վեց ամիս առաջ ԵՊՀ-ն զբաղեցնում էր 3152-րդ հորիզոնականը): Առաջին երեք հորիզոնականներում են Հարվարդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը և Սթենֆորդի համալսարանը:

ԱՊՀ տարածաշրջանի բուհերից ամենաբարձր դիրքում Մոսկվայի պետական համալսարանն է՝ 113-րդ տեղ: Մեր տարածաշրջանում որոշ ցուցանիշներով առավելություն ունեն վրացական 2 համալսարաններ, իսկ ադրբեջանական բոլոր բուհերը զգալիորեն զիջում են իրենց դիրքերը: 2009 թ-ից մինչ այսօր ԵՊՀ-ն գրանցել է բավականին մեծ առաջընթաց, և մի քանի տարի է` հայաստանյան բուհերի առաջատարն է:

Բուհերի վարկանիշը ձևավորվում է 4 չափորոշիչներով՝ ազդեցությունը (այս չափանիշը այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակն է), ներկայությունը (վերաբերում է «Google»-ի կողմից համալսարանի պաշտոնական կայքի ինդեքսավորված էջերի քանակին), բացությունը (արտահայտում է կայքում «Adobe Acrobat» (pdf), «Microsoft World» (doc, docx) և «Microsoft Power point» (ppt) ձևաչափերով առկա փաստաթղթերի քանակը՝ ակադեմիական որոնող «Google Scholar» գործիքի տվյալների համաձայն) և գերազանցությունը (արտահայտում է գիտական այն աշխատությունների քանակը, որոնք հրատարակվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում):

Աղբյուրը`  www.ysu.am:

Մեր ուսանողը հաղթել է «Beeline Scholarship» ծրագրում

2014թ. փետրվարի 14-ին Երևանում տեղի ունեցավ «Beeline Scholarship» ծրագրի փակման արարողությունը:

Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական բուհերի վճարովի համակարգում սովորող ուսանողներին:

«Beeline Scholarship» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 568 ուսանող: Ծրագրի երկրորդ փուլում 178 ուսանողից ընտրվել է  95 հաղթող:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից  երկրորդ փուլ է անցել Բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Ասատրյանը: Մեր ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձը կտրամադրի «Beeline» ընկերությունը:

Հանդիպում մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ

2014թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը հանդիպեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ֆակուլտետների դեկանները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:

Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ում հանրակրթական (ոչ մասնագիտական) առարկաների դասավանդմանը վերաբերող մի շարք հարցեր:

«Ոչ մասնագիտական յուրաքանչյուր առարկա պիտի նպաստի տվյալ մասնագիտության շրջանակներում ուսանողի  հմտությունների զարգացմանը»,- ընդգծեց Ս.Առաքելյանը:

Դասախոսներին առաջարկվեց վերանայել իրենց կողմից դասավանդվող առարկաների առարկայական ծրագրերը: