Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ պաշտպանության նախարարությունը բոլոր բուհերի բակալավրիատի ու մագիստրատուրայի վերջին կուրսերի ուսանողներին առաջարկում է պարտադիր զինծառայություն անցնելու նոր տարբերակ:

Ուսանողները կարող են մեկ տարի սովորել ՊՆ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից որևէ մեկում, ապա ծառայության անցնել որպես սպաներ: Այս տարի ընդունելություն է իրականացվելու երեք՝ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրետանավորի, Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում կապավորի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով: 

Մեկամյա ուսումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն այժմ 3 տարի ժամկետով պարտադիր զինծառայության պայմանագիր է կնքում, իսկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է կրկին երկարաձգել այն՝ շարունակելով ծառայողական կարիերան զինված ուժերում կամ անցնել քաղաքացիական աշխատանքի:

Շրջանավարտը ստանում է լեյտենանտի զինվորական կոչում և որպես դասակի հրամանատար վիճակահանությամբ պարտադիր զինծառայության է անցնում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից որևէ մեկում: Գերազանց առաջադիմությամբ ավարտածները ներկայացված ցանկից անձամբ են ընտրում այն զորամասը, որտեղ պետք է ծառայության անցնեն:

Ծրագրում ներգրավվել ցանկացող ուսանողները մինչև գարնանային զորակոչի սկիզբը պետք է դիմումներ լրացնեն իրենց տարածքային զինկոմիսարիատներում: Ընդունվելու համար կարևոր նախապայմաններն են առողջական լավ վիճակը, ֆիզիկական և ինտելեկտուալ պատրաստվածությունը:

Աղբյուրը՝ www.ysu.am:

«Ստեփս քոնսալթինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. ապրիլի 13-ին «Ստեփս քոնսալթինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: Այցելության նպատակը Տավուշի մարզի գործող հաշվապահների վերապատրաստումն էր:

«Ստեփս քոնսալթինգ» ընկերության և ԵՊՀ ԻՄ-ի համագործակցության շրջանակներում մասնաճյուղը, տրամադրելով տեխնիկապես հագեցած օնլայն լսարան, իր վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմից ներգրավել է ներկայացուցիչներ՝ վերապատրաստվելու նպատակով:

Անցկացվեց սեմինար՝ 2013թ. գործող «Եկամտային հարկի օրենքը և կիրառման մեխանիզմները» թեմայով:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող  «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ պայմանավորված ամենամյա արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների հարկման վերաբերյալ հարցեր, ներկայացվեցին դրանց ճշգրիտ ձևակերպումները:

«Զարգացող երկրներին բնորոշ տնտեսական խնդիրները» խորագրով միջբուհական գիտաժողով

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը 2013թ. ապրիլի 30-ին կազմակերպում է «Զարգացող երկրներին բնորոշ տնտեսական խնդիրները» խորագրով միջբուհական գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 27-ը ներկայացնել մասնակցության հայտը և թեզիսը:

Մասնակցության հայտը պետք է ներառի.

  • աշխատանքի ամբողջական վերնագիրը,
  • տեղեկություններ հեղինակի(ների) մասին (ազգանունը, անունը, հայրանունը, ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը),
  • տեղեկություններ գիտական ղեկավարի մասին (ազգանունը, անունը, հայրանունը, գիտական աստիճանը, կոչումը),
  • երաշխավորագիր ամբիոնի կողմից (գիտական ղեկավարի կարծիքի հետ միասին):

Թեզիսի ծավալը պետք է լինի մեկից մինչև երկու էջ:

Համակարգչային շարվածքը՝ MS Word 2007 ծրագրով: Տեքստի տառատեսակը՝ Sylfaen: Տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1,15, էջի ֆորմատը՝ A4, լուսանցքները՝ սահմանված կարգով: Պարբերությունները սկսել TAB-ի կիրառմամբ:

Ներկայացված աշխատանքը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակի(ների) կողմից ինքնուրույն աշխատանքի արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ:

Էլեկտրոնային տարբերակով մասնակցության հայտը և թեզիսը կարող եք ներկայացնել ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ի աշխատասենյակ (ք. Իջևան, Սպանդարյան 4, 1-ին հարկ), տրամադրել Ձեր ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահին (ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար) կամ ուղարկել sssysuib@gmail.com էլ. փոստի հասցեին:

“Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի” ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. ապրիլի 12-ին “Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի” ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական կազմակերպությունների՝ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության անդամների հետ:

Հանդիպման ժամանակ ամփոփ ներկայացվեցին ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի վերջին մի քանի ծրագրերը և միջոցառումները, քննարկվեցին առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումները և ծրագրերը: Նախատեսվեց դրանցում ակտիվ կերպով ներգրավել մասնաճյուղի ուսանողներին:

ԳԻՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿԱՐԴԱՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՒ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ ՄԱՐԻԵՏԱ ՃԱՂԱՐՅԱՆԸ

2013թ. ապրիլի 12-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Մարիետա Ճաղարյանը կարդաց գիտական զեկուցում` B-ծառերի մի ծրագրային իրականացման թեմայով:

Ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Արտակ Ցուցուլյանը, ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Մանվել Զաքարյանը,  դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման արդիական է և հետաքրքիր: Ծառի աճը ղեկավարող հայտանիշի առկայությունը  դինամիկ կառույցներում տարրի արագ փնտրում իրականացնելու կարևորագույն խնդիրներից մեկն է:

Զեկուցման մեջ սահմանվեց  տվյալների պահպանման n-րդ կարգի B-ծառ, ներկայացվեց նրա կառուցվածքը, հատկությունները, առավելությունները այլ ծառային կառույցների նկատմամբ, նոր տարրի ավելացման և փնտրման  գործողությունների իրականացման սխեմաները և տրվեցին այդ գործողությունների ժամանակային գնահատականները:

Ներկայացվեց  n-րդ կարգի B-ծառերի մի ծրագրային իրականացման ալգորիթմը, որը կատարում է տվյալների հաջորդականության ներմուծում, ծառի կառուցում և  արդյունքների (աճման կարգով դասավորված հաջորդականության)  արտածում: