Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի և Ռուսաստանի Հարավային Դաշնության Ռոստովի համալսարանի համագործակցության շրջանակներում

2013թ. հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Դոնի Ռոստով քաղաքի հայ համայնքի համատեղ նախաձեռնությամբ  կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի և Ռուսաստանի Հարավային Դաշնության Ռոստովի համալսարանի պատվիրակությունները:

Միջոցառման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները նաև գյուղի միջնակարգ դպրոցին նվիրեցին էլեկտրոնային հրաձգարան:

Հանդիսավոր միջոցառումը կրեց գործնական բնույթ:

Երկու բուհերի ներկայացուցիչները և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդականը քննարկեցին երկու համալսարանների միջև հնարավոր համագործակցության հեռանկարը, ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն:

Գիտական զեկուցում կարդաց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանը

2013թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց  «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանը:

Ներկա էին ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, «Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Օպերատորի սեփական արժեքների ֆիզիկական իմաստը»: Թեման ունի մեծ կիրառություն ֆիզիկայի գրեթե բոլոր բնագավառներում:

Ներկայացվեցին ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստը, նրա որոշ հատկություններ, ալիքային ֆունկցիայի դիսկրետ սպեկտրի համար նշվեց Շրեդինգերի հավասարման մասին, ինչպես նաև բերվեցին որոշ ֆիզիկական մեծությունների օպերատորների տեսքեր և խոսվեց նրանց կոմուտատիվության մասին:

«Orange Գրքի մրցանակ» ամենամյա մրցույթը

Orange-ը Հայ Գրքի Կենտրոնի հետ իրականացնում է երրորդ «Orange Գրքի մրցանակ» ամենամյա մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր

  • ստեղծագործում են հայերեն (արևելահայերեն կամ արևմտահայերեն)
  • նախկինում երբեք չեն հրատարակել մրցույթին ներկայացվող իրենց ստեղծագործությունը (բլոգերում, ինտերնետային հանդեսներում և հրատարակման էլեկտրոնային այլ ձևերում հրապարակված գործերը, ինչպես նաև ստեղծագործության մինչև 10%-ի չափով ոչ էլեկտրոնային ձևաչափով հրատարակված գործերը համարվում են չհրատարակված):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայերենով գրված ստեղծագործություն և դրա համառոտ բովանդակությունը/հատված:

Ստեղծագործությունները պետք է ուղարկել մինչև 2013թ.-ի դեկտեմբերի 26-ը`orangebookprize@orangearmenia.am էլեկտրոնային փոստի հասցեով, Word կամ PDF ֆորմատով: Նամակի թեմա (subject) դաշտում լրացրեք Orange Book Prize: Նամակի տեքստում նշեք Ձեր անձնական տվյալները` իրական անունը, բնակության երկիրը, քաղաքային և բջջային հեռախոսահամարները:

Մասնակիցն իրավունք ունի ի լրումն իրական անվան նշել նաև կեղծանուն, որով ցանկանում է հանդես գալ որպես ներկայացված ստեղծագործության հեղինակ: Նման նշում չլինելու դեպքում որպես ստեղծագործության հեղինակի անուն ներկայացվում է մասնակցի իրական անունը:

Մասնակցության համար ներկայացվող ստեղծագործությունը պետք է պատկանի հետևյալ ժանրերից որևէ մեկին`

  • պատմվածք/նովել
  • վեպ/վիպակ
  • հեքիաթ
  • բանաստեղծական շարք (մինչև 5 գործ)

Ի դեպ, ժանրերը թեմատիկ սահմանափակում չունեն, իսկ ստեղծագործությունը կարող է ներկայացնել ցանկացած գրական ուղղություն:

Մրցույթին մասնակցության տարիքային սահմանափակումներ նույնպես չկան:

Աղբյուրը` www.orangearmenia.am

Հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ

2013թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ:

Հանդիպման նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում և մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը աշակերտներին կոչ արեց հետևողական լինել մասնագիտությունների ընտրության հարցում, քանի որ դրանով են պայմանավորված հետագայում նրանց մասնագիտական ձեռքբերումները:

Տնօրենը ներկայացրեց մասնաճյուղում գործող մասնագիտությունները, ընդհանուր գծերով վերհանեց նրանց առանձնահատկություննները, ապա տեղեկացրեց, որ 2014 թվականից ԵՊՀ ԻՄ-ում կգործեն երկու նոր մասնագիտություններ` «Դիզայն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»:

2013թ. ՀՀ փետրագնդակի մեծահասակների առաջնություն

2013թ. հոկտեմբերի 12-15-ը Երևանում տեղի ունեցավ ՀՀ փետրագնդակի մեծահասակների առաջնություն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից առաջնությանը մասնակցում էին Հրաչ Ներսիսյանը (ԱԼԳ 2) և Անգին Մամյանը (ԿԱ 4):

Խաղերն անցկացվում էին օլիմպիական ձևով:

32 մասնակիցների անհատական մրցապայքարում ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը գրավեց 5-րդ տեղը, իսկ «Կիրառական արվեստ» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Անգին Մամյանը` 6-րդ տեղը:

Զուգախաղերում ընկերակցելով մարզադպրոցի սան Սարգիս Խուդավերդյանի հետ` Հրաչ Ներսիսյանը գրավեց 3-րդ տեղը:

Հրաչ Ներսիսյանը պարգևատրվեց բրոնզե մեդալով, պատվոգրով և դրամական պարգևով:

Հրաչ Ներսիսյանը տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով: