2017թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր մասնաճյուղի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանի նախաձեռնությամբ և տնօրենության աջակցությամբ:
![Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/10/7-oct-2017-6-520x390.jpg)
Միջոցառմանը ներկա էին բուհի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, վարչական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ:
![Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/10/7-oct-2017-2-520x390.jpg)
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը` ներկայացնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ` 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Այդ կապակցությամբ շնորհավորեց բուհի բոլոր գրադարանավարներին, ընդգծեց նրանց դերն ու նշանակությունը սերունդների հոգևոր զարգացման գործում. «Գրադարանները ազգերի, անշուշտ, նաև հայերի հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման մեջ կատարել ու այսօր էլ կատարում են անփոխարինելի դեր: Յուրաքանչյուր գրադարան կոչված է իրականացնելու իրեն հատուկ գործառույթները՝ պատմամշակութային, տեղեկատվական, հաղորդակցական, տեխնոլոգիական, մանկավարժական, վիճակագրական, սպասարկման և այլն: Մեր գրադարանի առաջնահերթ խնդիրն է կազմակերպել իր գրականության վերաբերյալ տեղեկատվություն՝ ընթերցողներին լավագույնս սպասարկելու համար: Եվ այս գործում անփոխարինելի է գրադարանավարի դերը, որի հոգածությունը գրքի և ընթերցողի նկատմամբ չափազանց կարևոր է: Շնորհավորում եմ բոլորիս գրադարանավարի օրվա կապակցությամբ` գրադարանի աշխատակազմին մաղթելով աշխատանքային նվիրում, անհնարինը հնարավոր դարձնելու հաստատուն կամք»:
![Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/10/7-oct-2017-1-520x390.jpg)
Տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհավորելով գրադարանավարների տոնը, մասնավորապես նշեց. «Խորհրդային ժամանակաշրջանում հասարակության ամենապահանջված, ամենակարևոր անձը գրադարանավարն էր, ով մտավորականի ամենավառ կերպարն էր` իր ապրելակերպով, նախասիրություններով, արժեհամակարգով: Այսօր էլ գրադարանավարի գործառույթը հսկայական է, քանի որ նա պարտավոր է գրքի և ընթերցողի միջև ձևավորել հոգևոր, կայուն կապ, որպեսզի յուրաքանչյուր գրքի հետ ընթերցողին փոխանցվի ավելին իմանալու, գիտության գաղտնիքներին տիրապետելու կամք: Գրադարանը համալսարանական կյանքի, ուսումնագիտական գործընթացի անբաժան մասն է, իսկ գրադարանավարը այդ անխախտ գործընթացն ապահովողը»:
![Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/10/07-10-2017-520x390.jpg)
Բարձր գնահատելով մասնաճյուղի երկարամյա անձնվեր գրադարանավարներ Ալվինա Առուստամյանի, Անահիտ Անտոնյանի և Հասմիկ Օհանյանի աշխատանքը` պարոն Առաքելյանը տնօրենության անունից նրանց հանձնեց շնորհակալագրեր և ԵՊՀ-ի լոգոյով գրիչ-հուշանվերներ:
![Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/10/7-oct-2017-3-520x390.jpg)
Միջոցառման ընթացքում գրադարանավարներին շնորհավորանքի և երախտիքի խոսքեր ասացին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ա.Սահրատյանը և ուսանողներ:
![Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/10/7-oct-2017-5-520x390.jpg)
![Գրադարանավարի օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/10/7-oct-2017-4-520x390.jpg)