Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հետազոտական աշխատանքների մրցույթի հրավեր

 Դրամաշնորհի հայտ. նկարը

 Երևանի պետական համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» (American Studies) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է ամերիկագիտության բնագավառին վերաբերող հետազոտական աշխատանքների մրցույթ. մասնավորապես, խրախուսվում են ԱՄՆ ժամանակակից հասարակական- քաղաքական իրողություններին, տնտեսությանը և բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը, միջազգային և տարածաշրջանային հարթություններում ԱՄՆ ներգրավվածությանն ու դերակատարությանը, ամերիկյան հոգևոր-մշակութային կյանքին, ինչպես նաև ԱՄՆ պատմության առանձին դրվագներին վերաբերող հետազոտություններ:

Մրցույթի նպատակներն են՝

  • Ընդլայնել և հարստացնել ամերիկագիտական հետազոտությունների գիտահետազոտական ներուժը,
  • Խրախուսել ամերիկագիտության բնագավառում ակադեմիական և կիրառական բնույթի հետազոտությունների իրականացումը:

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառում գիտահետազոտական հետաքրքրություններ և փորձ ունեցող հետազոտողներ:

Հաղթող ճանաչված հայտերի նախատեսվող ֆինանսական աջակցությունը` մինչև 3500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներն են`

  • առնվազն երեք տարվա գիտահետազոտական փորձառություն,
  • գիտական աստիճան հասարակական գիտությունների ոլորտում,
  • միջազգային ակադեմիական հետազոտական փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
  • հետազոտական խմբի կողմից հայտ ներկայացվելու դեպքում առաջնահերթությունը կտրվի երիտասարդ  գիտաշխատողների ներգրավվածությամբ հետազոտական նախագծերին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  • ինքնակենսագրական (CV),
  • գիտական հետաքրքրությունների     շրջանակի      (Statement      of      Interests) նկարագրություն՝ 3-5 էջի սահմանում,
  • հետազոտական առաջարկ (Research Proposal)` առավելագույնը 1500 բառի սահմաններում`առաջարկված թեմատիկաներից որևէ մեկի շրջանակում,
  • բյուջե (նախագիծ):

Մրցույթի մասնակիցներն իրենց դիմումները կարող են ներկայացնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ «Ամերիկյան   հետազոտություններ»   ծրագրի   ղեկավար, պրոֆ. Ալ. Մարգարովին՝ amarkarov@ysu.am, «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համակարգող, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վ.Ագլյանին՝ aglyan@gmail.com:

Մրցույթի մասնակիցների դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. ապրիլի 29-ը:

 

Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովի հրավեր

2. Գիտաժողովի հայտարարութ. նկարը

ԵՊՀ-ի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնը և ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնը համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին:

Գիտաժողովը նպատակ ունի մեկ անգամ ևս գնահատելու բազմաբեղուն անվանի գիտնականին և բացահայտելու նրա վաստակը ինչպես հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության, այնպես էլ առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում, վերստին արժևորելու մեծ մտավորականի նվիրական կերպարը հայ մշակույթի տարածման, քարոզչության, ինչպես նաև հայությանը օտար ժողովուրդների մշակույթը ներկայացնելու ասպարեզում:

Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու 2022թ. հոկտեմբերին Իջևանում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Զեկուցումները պետք է վերաբերեն հայ մշակույթի երախտավորի ազգային-հասարակական գործունեությանը, գեղարվեստական գործերին, թարգմանչական աշխատանքներին, գիտական, մասնավորապես՝ բանասիրական և գրաքննադատական ուսումնասիրություններին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, ֆրանսերենը, անգլերենը:

Արտասահմանցի մասնակիցներն իրենց զեկուցումները կարող են ներկայացնել առցանց՝ ZOOM հարթակում:

Հայերեն զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտերը անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունիսի 15-ը ուղարկել  Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանին  (էլ. հասցեն՝ al.makaryan58@yandex.ru) կամ ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վաչագան Ավագյանին (էլ. հասցեն՝ avagyan.vachik@yandex.ru):

Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցներին մանրամասները կտեղեկացվեն մինչև սեպտեմբերի 10-ը:

Գիտաժողովի կազմակերպիչների կողմից ընտրված զեկուցումները հոդվածի տեսքով նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով:

Մասնակցության հայտի ձև

Գիտաժողովի կազմկոմիտե

Հրավերի բացիկ 

 

 

 

Կանանց տոնին նվիրված ցուցահանդեսի հրավեր

Ցուցահանդեսի հայտ. նկար (1)

 2022թ. ապրիլի 7-ին՝ ժամը 12:15-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի կունենա ուսանողների ընթացիկ աշխատանքների ցուցահանդեսընվիրված Կանանց տոնին:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթի հրավեր

45209161_1941500952594829_2054352131204317184_n

 «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով կազմակերպում է Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ գիտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ:

Մրցույթին կարող են ներկայացվել կոլեկտիվ կամ անհատական հայտեր, որոնք պատրաստվել են ԵՊՀ ԻՄ-ի հաստիքային աշխատակիցների կողմից` պայմանով, որ ղեկավարը և նախագծի ենթադրվող բոլոր կատարողների առնվազն 50 տոկոսը ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ կամ ուսանողներ են:

Մրցույթին մասնակցելու հայտը սոսնձված և ստորագրված ծրարով ներկայացվում է ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղարին աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-12:00-ը կամ փոստով՝ մինչև 2022թ. ­­­­­­­­­­­­­­­­­­­­­ապրիլի 15-ը ներառյալ:  

Մրցույթի հրավերի ամբողջական փաթեթը հասանելի է հետևյալ հղումով

Ուշադրություն. խնդրում ենք հայտերը լրացնելիս նախօրոք ծանոթանալ հրավերի պայմաններին՝  հաշվի առնելով, որ թերի կամ ոչ լիարժեք փաստաթղթեր պարունակող, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:

 

ՇՏՀ-ի ուսանողական 5-րդ գիտաժողովին մասնակցելու հրավեր

ՇՏՀ-ի գիտաժ. հայտ. նկարըՇուշիի տեխնոլոգիական համալսարանը  հրավիրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և բակալավրիատում սովորող ուսանողներին մասնակցելու ՇՏՀուսանողական 5-րդ գիտաժողովին:  Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Զեկուցումներն անհրաժեշտ է ներկայացնել bulletin.am կայքում զետեղված ցուցումներին համապատասխան, մինչև 2022թ. մարտի 30-ը ներառյալ, հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  student.conference22@gmail.com:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հնարավոր է նաև առցանց զեկուցման տարբերակ (նախապես տեղեկացնելով՝ էլ. հասցեով): Զեկույցի տևողությունը՝  15 րոպե:

Գիտաժողովին սահմանված կարգով ներկայացված և խմբագրական խորհրդի կողմից հավանության արժանացած զեկուցումները կհրապարակվեն Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում՝ հատուկ թողարկումով (առանց գիտական աստիճանի հայցման համար օգտագործման իրավունքի):

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ՈՒԳԸ նախագահ Հերմինե Առուշանյանին:

Կոնտակտային հեռախոսահամար՝ (+37497) 747909, (+37498) 711909:

Աղբյուրը՝ http://shushitech.am/: