2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի «ԻԿՄ», «ՀԼԳ», «ՄՀ» 3-րդ և «ԱԼԳ», «ՖԼԳ», «ՄՀ» մասնագիտությունների 4-րդ կուրսերի ուսանողները Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական դպրոցներում անցկացրին իրենց մանկավարժական պրակտիկան:
Վերջինս պրակտիկանտ-ուսանողներին գործնականում հնարավորություն է տալիս փորձարկելու ուսման տարիներին ձեռք բերած իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ցուցադրել դասավանդման և ուսումնառության ժամանակակից մեթոդների կիրառման իրենց ունակությունները, տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու կարողությունները:
Այդ մասին են վկայում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի և ընդհանրապես մասնաճյուղի ուսանողների մեծ մասի ակտիվ մանկավարժական պրակտկայի արդյունքները:
Ուսանողները տարբեր դպրոցներում ակտիվ աշխատել են մանկավարժների հետ, նրանց հետ քննարկել յուրաքանչյուր դասի պլանավորման և կազմակերպման, ուսումնական նյութի ամբողջական և համակարգված մատուցման, երեխաների հետ աշխատելու մանկավարժական մոտեցումները:
Հատկանշական է, որ նրանք դասերի մեծ մասն իրականացրել են համապատասխան շնորհանդեսների օգնությամբ, աշակերտներին ներգրավել են ակտիվ թիմային աշխատանքի մեջ, կազմակերպել են ինտելեկտուալ խաղ-դասեր: Աշակերտների ձեռքբերումները գնահատելու, նրանց ոգևորելու և խթանելու նպատակով նրանց տրամադրել են իրենց կողմից ձևավորված հավաստագրեր:
Այդ մասին «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանողները 2017թ. մարտի 18-ին հաշվետվություն են ներկայացրել Բնական գիտությունների ֆակուլտետի Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ա.Հովակիմյանին, պրակտիկայի ղեկավար Ք.Օթարյանին, կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանին:
Ուսանողները, խոսելով իրենց պրակտիկ գործունեության մասին, գոհունակություն են արտահայտել, որ դպրոցների ուսուցիչներն իրենց լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորություն են տվել, աջակցել և պայմաններ են ստեղծել պրոֆեսիոնալ-մանկավարժական հմտությունների ձևավորման համար: