Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մաթևոսյան» կրթաթոշակ ՀՀ բուհերի առաջին կուրսի ուսանողների համար 2017-2018

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2017-2018 ՈՒՍ. ՏԱՐՎԱ

ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ 

«Մաթևոսյան կրթավճար» առաջին կուրս ընդունվածների համար, ՀՕՖ

Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Ով կարող է դիմել

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝

ա) ընդունվել են

  • ԵՊՀ- Մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, դեղագիտության և քիմիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների /քաղաքագիտություն, հանրային կառավարում/, սոցիոլոգիայի /սոցիալական աշխատանք/, փիլիսոփայության և հոգեբանության /հոգեբանություն/, հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն/միայն սերվիս բաժինը/ և ժուռնալիստիկայի ֆակուլտետները,
  • ՀՊՏՀ- Ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները,
  • ՀԱՊՀ- Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետները,
  • ՀԱԱՀ- Ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

 

«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2017թ. հուլիսի 15-ից օգոստոսի 1 ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, ԲՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովից),  
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
  • ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի, ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ, կամ ԲՈՒՀ ընդունվելու մասին ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ,եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի: 

Ընտրություն

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն,
  2. Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
  3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում: 

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝  armacad.info

Կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

2017թ.  հուլիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված  նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, ֆակուլտետի գիտխորհրդի անդամները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ:

Կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

Նիստի ընթացքում ամփոփվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները, ֆակուլտետի 2017թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքները, քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր:

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ, ֆակուլտետի գիտխորհրդի քարտուղար, ֆ.մ.գ.թ., ասիստենտ Կ.Հովսեփյանը ներկայացրեց 2016-2017 ուստարվա ընթացքում ֆակուլտետում իրականացված գործընթացների վերաբերյալ հաշտվետվություն` հիմք ընդունելով ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020թթ. ռազմավարական ծրագիրը:

Մասնավորապես նշվեց, որ Բնական գիտությունների ֆակուլտետում գործում են չորս կրթական ծրագրեր` «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»: Հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետի 128 ուսանողներից 22-ը սովորում է պետպատվեր, 3-ը՝ 100% փոխհատուցմամբ, իսկ 103-ը վճարովի ուսուցման համակարգում: Ֆակուլտետի աշխատակազմը բաղկացած է  30 աշխատակիցներից, որոնցից 27-ը դասավանդողներ են՝ 19-ը հիմնական, 3-ը ժամավճարային հիմունքներով, իսկ 3-ը՝ վարչական և ուսումնաօժանդակ: Ֆակուլտետում գործում են Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնները, Ընդհանուր ֆիզիկայի և մասնագիտական համակարգչային երկու լաբորատորիաները:

Մասնաճյուղում ընդունված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին  քննարկվում  և հաստատվում են յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքային պլանները, նրանց իրականացման ժամանակացույցները՝ հաշվի առնելով  ընթացիկ տարվա առանձնահատկությունները:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են փոխհամագործակցված աշխատանքներ դեկանատի, ամբիոնների և լաբորատորիաների հետ միասին, որը տվել է իր դրական արդյունքը: Ֆակուլտետի անձնակազմի հիմնական նպատակը որակյալ կրթության ապահովումը, գիտելիքի ստեղծումն է, փոխանցումը և բազմաբնույթ իրականացումը:

Ֆակուլտետի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր ստուգարքից և քննությունից անմիջապես հետո գհահատման ամփոփ տվյալները փակցվում են հայտարարությունների տախտակին և տեղադրվում մասնաճյուղի պաշտոնական  կայքէջում:

Նշվեց, որ 2016-2017  ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանն անցկացվել է պատշաճ կարգով, համաձայն հաստատված ժամանակացույցի:

Քննաշրջանին մասնակցել է 117 ուսանող: Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմում է 64.10%. անվճար համակարգում՝ 100%, վճարովի համակարգում՝ 60,22%:

Ֆակուլտետում անցկացված  բոլոր ստուգարքներն  ու քննությունները վերահսկվել են ինչպես ֆակուլտետի ղեկավարության, այնպես էլ Ուսումնամեթոդական վարչության կողմից, իսկ մասնագիտական քննությունները գնահատվել են հանձնաժողովի կողմից:

Կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

Հաջորդ  հարցի վերաբերյալ ներկայացվեց,  որ  ֆակուլտետում  2016-17  ուստարում  կազմակերպվել  և  անցկացվել է  ամփոփիչ  ատեստավորում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության գծով:

Մայիսի 20-ին կայացել է «ԻԿՄ»  մասնագիտության ամփոփիչ քննությունը, որին մասնակցած 21 ուսանողներից «գերազանց» է ստացել 9-ը, «լավ»` 4-ը, «բավարար»` 8-ը:

Մայիսի 21-ին տեղի է ունեցել ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 9 ուսանող ստացել է «գերազանց», 8-ը` «լավ», 4-ը` «բավարար»

Հատկանշվեց, որ «ԻԿՄ» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կարծիքը տվյալ մասնագիտությամբ շրջանավարտների ընդհանուր պատրաստվածության մակարդակի վերաբերյալ  բավականին բարձր էր: Առաջնահերթ ընդգծվել է նրանց աշխատասիրությունը, քննություններին շատ լավ պատրաստվածությունը, հաղորդակցման գերազանց կարողությունների դրսևորումը:

Ավարտական աշխատանքների թեմաների հետ կապված՝ նշվել է, որ դրանք համապատասխանում էին որակավորմանը: Ծրագրավորման տեսանկյունից առանձնապես հաջողված էին ուսումնական գործընթացի էլեկտրոնիզացիային, ավտոմատների տեսությանը վերաբերող աշխատանքները: Մաթեմատիկայի վերաբերյալ էլ հետաքրքիր թեմաներ կային:

Ուսումնառության հետագա  բարելավման  ուղղությամբ առաջարկվել է որոշակի աշխատանք իրականացնել, որպեսզի ծրագրավորման վերաբերյալ ուսանողների գիտելիքները հասցվեն մաթեմատիկականի մակարդակին (ժամաքանակի փոփոխություն, գործնական պարապմունքների ավելացում և այլն):

Ավարտական աշխատանքների վերաբերյալ առաջարկվել է դրանցում շեշտը դնել կիրառական խնդիրների մաթեմատիկական մոդելների կառուցման վրա, տեսականն անպայման համադրել գործնականի հետ:

Նիստում ամփոփիչ ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետում իրականացված աշխատանքները համարելով բավարար, ընդգծելով ոչ մասնագիտական կուրսերում դասավանդվող առարկաների ծրագրերում թեմատիկ-բովանդակային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, անդրադառնալով դասավանդման մեթոդիկային և ընդհանրապես ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը վերաբերող մի շարք խնդիրների:

Կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

 

 

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

2017թ.  հուլիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված  նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, ֆակուլտետի գիտխորհրդի անդամները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

Նիստի ընթացքում ամփոփվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները, ըստ մասնագիտությունների՝ ֆակուլտետի 2017թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքները, քննարկվեցին մի քանի ընթացիկ հարցեր:

2016-2017  ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների վերաբերյալ Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ, ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ն.Խուդավերդյանը մասնավորապես նշեց, որ տվյալ կիսամյակի քննաշրջանի  ստուգարքների  և  քննությունների  արդյունքները,  ըստ  ֆակուլտետում  գործող  կրթական  ծրագրերի,  դեկանատի  կողմից  ամենայն  մանրամասնությամբ վեր են լուծվել և ամփոփվել: Քննաշրջանը  ֆակուլտետում  կազմակերպվել  է  թվով  109 (26  անվճար,  83  վճարովի)  ուսանողների  համար, այդ  թվում՝  «Տնտեսագիտության  տեսություն»  մասնագիտության`   74  (15  անվճար,  59 վճարովի)  և  «Սերվիս»  մասնագիտության  35 (11  անվճար,  24  վճարովի)  ուսանողների համար,  ընթացակարգի  պահանջներին  համապատասխան:

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

Ստուգարքներն ու քննությունները դրական  են հանձնել 80 (51  «Տնտեսագիտության տեսություն», 29 «Սերվիս») ուսանողներ: Ըստ այդմ՝ ընդհանուր  առաջադիմությունը  ֆակուլտետում  կազմել  է 73%  (83%   «Սերվիս»,  70%  «Տնտեսագիտության տեսություն»): Նախորդ՝ 2015-2016  ուստարվա  համապատասխան  կիսամյակի  առաջադիմության  ցուցանիշի (77%)  համեմատ  նվազել  է  4 %-ով,  իսկ այս ուստարվա  առաջին  կիսամյակի  ցուցանիշի (70%)  համեմատ   աճել  է  3% -ով:

Ամփոփելով վերլուծության  արդյունքները նշվեց, որ ֆակուլտետում  անվճար  համակարգում սովորող բոլոր ուսանողները ցուցաբերել են 100% առաջադիմություն: 6 ուսանող ցուցաբերել է բացարձակ «գերազանց» առաջադիմություն (4 «ՏՏ», 2 «Ս»): Իսկ  առարկայական  պարտք  ունեն  հիմնականում հաճախումների  առումով  ֆակուլտետի  անկարգապահ  ուսանողները:

Ընդհանուր առմամբ 2016-2017  ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի արդյունքները համարվեցին  բավարար:

Երկրորդ  հարցի կապակցությամբ ներկայացվեց,  որ  ֆակուլտետում  2016-17  ուստարում  կազմակերպվել  և  անց  է  կացվել ամփոփիչ  ատեստավորում «Տնտեսագիտության  տեսություն» և «Սերվիս»  մասնագիտությունների  գծով, համապատասխանաբար՝  2017թ.  մայիսի  21-ին  և  28-ին,  21-ին  և  27-ին`  ՀՀ ԿԳՆ  բոլոր  պահանջներին  համապատասխան:

Ամփոփիչ  քննությունները  և  ավարտական  աշխատանքների  պաշտպանությունները  անց  են  կացվել  պատշաճ  կազմակերպված`  համաձայն  սահմանված ժամանակացույցի:

«Տնտեսագիտության  տեսություն» մասնագիտության  ամփոփիչ  քննությանը  մասնակցել  են 21  շրջանավարտներ:  Նրանցից  3-ը`  գնահատվել  է «գերազանց»,  13-ը` «լավ»,  5-ը՝ «բավարար»,  «անբավարար»  գնահատական  չի  գրանցվել:

Ավարտական  աշխատանքների  պաշտպանությանը  ևս  մասնակցել  են  21  շրջանավարտներ,  որոնցից  8-ը  գնահատվել է «գերազանց»,  11-ը՝ «լավ»,  2-ը` «բավարար»,  դարձյալ  «անբավարար»  գնահատականներ  չեն  գրանցվել:   Ընդ  որում՝  բարձր  («լավ»  և  «գերազանց»)  գնահատականների  արժանացած  ուսանողների  կողմից  ցուցաբերվել է  իմացության  և  պատրաստվածության բավականաչափ բարձր մակարդակ. մեկ  շրջանավարտ  մասնաճյուղի  կողմից  երաշխավորվել  է  ուսման  վճարի  100%  փոխհատուցմամբ  ուսումը շարունակելու  մագիստրատուրայում  (ԵՊՀ  համապատասխան  ֆակուլտետում):

Ընդհանուր  առմամբ «Տնտեսագիտության  տեսություն» մասնագիտության  ամփոփիչ  քննության  և ավարտական  աշխատանքների  պաշտպանության  արդյունքները համարվեցին բավարար:

Ներկայացվեց, որ «Սերվիս» մասնագիտության  ամփոփիչ  քննությանը  մասնակցել  են 14  շրջանավարտներ: Նրանցից  7-ը  գնահատվել է «գերազանց»,  6-ը` «լավ»,  1-ը`  «բավարար», «անբավարար» գնահատական  չի  գրանցվել:

Ավարտական  աշխատանքների  պաշտպանությանը  ևս  մասնակցել են 14  շրջանավարտներ,  որոնցից  8-ը  գնահատվել է «գերազանց», 11-ը «լավ»,  2-ը`  «բավարար»: Ներկայացված  ավարտական  աշխատանքներն  առանձնացան  հատկապես  իրենց  վերլուծական  և  կատարողական  բարձր  մակարդակով:

Նշվեց, որ ընդհանուր  առմամբ հանձնաժողովների  նախագահները դրական  կարծիքներ  են արտահայտել ֆակուլտետում իրականացվող  ուսումնամեթոդական  աշխատանքների  վերաբերյալ: 

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ Գ.Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իր նկատառումներն ու առաջարկները՝ ուսումնական գործընթացի շարունակական բարելավման ուղղությամբ:

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ 2016-2017 ուստարվա  երկրորդ  կիսամյակում  Տնտեսագիտության ֆակուլտետի կողմից իրականացված աշխատանքները գնահատելով բավարար:

Կայացավ Տնտեսագիտության ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

 

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները «Գիտենալու իրավունք» ամառային դպրոցում

2017թ. հունիսի 27-ից հուլիսի 1-ը «Գիտենալու իրավունք» ծրագրի շրջանակներում «Ուրբան» և «Friedrich Ebert Stiftung» հիմնադրամների կողմից Ծաղկաձորում իրականացվեց ամառային դպրոց, որը նախատեսված էր մարզային համալսարանների ուսանողների և  երիտասարդ դասախոսների համար:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները «Գիտենալու իրավունք» ամառային դպրոցում

Ծրագիրը բաղկացած էր երեք փուլից:

Առաջին փուլում  ծրագրի ներկայացուցիչներն այցելել էին մարզեր, ներկայացրել ծրագիրը բուհերում (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում) և հետաքրքրված անձանց հրավիրել մասնակցելու ծրագրի երկրորդ փուլին՝ ամառային դպրոցին:

Երրորդ փուլում նախատեսված է ԵՊՀ-ում աշնանն անցկացնել կոնֆերանս, որտեղ մասնակիցները, ամառային դպրոցի դասախոսներից ստանալով  խորհրդատվական աջակցություն,  կներկայացնեն  դպրոցում քննարկված և  իրենց հետաքրքրող թեմաներով գիտական զեկուցումներ:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները «Գիտենալու իրավունք» ամառային դպրոցում

Ամառային դպրոցի մասնակիցները գլխավորապես ՀՀ մարզային  համալսարանների՝  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Գորիսի և Շիրակի պետական համալսարանների հումանիտար  գիտությունների դասախոսներ և ուսանողներ էին:

ԵՊՀ ԻՄ-ից դպրոցին մասնակցում էին մի խումբ ուսանողներ՝ մասնաճյուղի շրջանավարտների և կարիերայի աշխատանքների համակարգող Արփինե Եգանյանի ուղեկցությամբ:

27-06-01-07-2017-3

Նախ՝ ամառային դպրոցի կազմակերպիչները մասնակիցներին ներկայացրին ծրագրի նպատակներն ու խնդիրները, ընդհանուր գծերով անդրադարձան ՀՀ քաղաքական ու տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին, ժողովրդավարության  վերաբերյալ տեսական հիմքերին:

Այնուհետև ծրագրի փորձագետները ներկայացրին ՀՀ հարևան երկրների, Եվրամիության և ԵԱՏՄ հետ համագործացության պատմությունը, նախատեսվող և կորսված տնտեսական և քաղաքական հնարավորությունները, Արևելքի և Արևմուտքի  քաղաքատնտեսական և մշակութային արժեքները, օտարերկյա ԶԼՄ-ների քարոզչության դեմ պայքարի ուղղությունները, ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները «Գիտենալու իրավունք» ամառային դպրոցում

Քառօրյա դասախոսություններն ընդհատվում էին մասնակիցների ակտիվ միջամտություններով, կազմակերպվում էին բանավեճեր, որտեղ հնչած հետաքրքիր կարծիքները հիմք էին տալիս  նոր տեսակետների ձևավորման համար:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները «Գիտենալու իրավունք» ամառային դպրոցում

Ամառային դպրոցի կազմակերպիչները, դպրոցի սաների հետ քննարկելով նրանց հետաքրքրող թեմաները, հույս հայտնեցին, որ նրանք ակտիվորեն կմասնակցեն ծրագրի երրորդ փուլին և կստանան հավաստագրեր:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները «Գիտենալու իրավունք» ամառային դպրոցում

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստը

 2017թ. հունիսի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին գիտխորհրդի անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողները:

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

 

Նիստի ընթացքում քննարկվեցին 2016-17 ուստարվա ընթացքում ամբիոնների կատարած աշխատանքները, ամփոփիչ ատեստավորման և ավարտական աշխատանքների պաշտպանության և գարնանային քննաշրջանի արդյունքները,  ինչպես նաև Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ս. Աբրահամյանի՝ «Անգլերենը արվեստի ֆակուլտետի ուսանողների համար» մեթոդական ձեռնարկը տպագրության երաշխավորելու հարցը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ, ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ներսիսյանը ամփոփիչ ատեստավորման և ավարտական աշխատանքների պաշտպանության վերաբերյալ նշեց, որ հանձնաժողովների նախագահները հիմնականում բարձր են գնահատել շրջանավարտների ցուցաբերած գիտելիքները: Վերջիններիս դիտարկումները քննարկվել են համապատասխան ամբիոնների նիստերում, կատարվել անհրաժեշտ հետևություններ:

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

Այնուհետև ֆակուլտետի հինգ ամբիոնների վարիչները ընդհանուր գծերով ներկայացրին իրենց ամբիոնների տարեկան գործունեությունը: Նրանք նշեցին, որ կատարվել է մեծ ծավալի գիտամանկավարժական աշխատանք, կազմակերպվել են միջոցառումներ, մրցույթներ, քննարկումներ: Ամբիոնների վարիչների կողմից հաճախակի իրականացվել են դասալսումներ: Զեկուցողները հատկապես կարևորեցին այն փաստը, որ Մասնաճյուղում ստացած ուսումնառությունից շրջանավարտների բավարարվածության՝ այս տարվա հարցման արդյունքները բավականին գոհացնող են:

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ զեկուցող Վ.Աղաբաբյանը ներկայացրեց քննաշրջանի կազմակերպական աշխատանքների ընթացքի մասին: Նշվեց, որ գարնանային քննաշրջանի ընթացքը եղել է պատշաճ կազմակերպված և գտնվել է դեկանատի մշտական ուշադրության կենտրոնում: Ընդգծվեց, որ տարեցտարի բարձրանում է ստուգարքներին և քննություններին ուսանողների պատրաստվածության մակարդակը: Նշված ժամանակահատվածում ֆակուլտետի առաջադիմությունը կազմել է 90.46%: Դա բացատրվում է նրանով, որ տվյալ առարկայի նյութը մաս-մաս յուրացնելով, կիսամյակի ընթացքում պարբերաբար միջանկյալ քննություններ հանձնելով՝ ուսանողը եզրափակիչ քննությանը ներկայանում է պատշաճ գիտելիքներով:  2016-2017 ուստարվա ձմեռային քննաշրջանին մասնակցել են 325 ուսանողներ:  Միայն գերազանց գնահատականներ է ստացել 37 ուսանող, գերազանց և լավ` 101, խառը գնահատականներ` 149, իսկ միայն բավարար` 7 ուսանող:  31 ուսանողներ չեն կարողացել հանձնել քննությունները և իրենց ուժերը կփորձեն լուծարքային շրջանում: Զեկուցողը նշեց, որ մեկ անբավարար է ստացել 22 ուսանող, երկու անբավարար՝ 6, իսկ երեք և ավելի՝ 3 ուսանող: Նրանց մի մասը անբավարար պատրաստվածության պատճառով չի ներկայացել ստուգարքներին և քննություններին:

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

Պետք է փաստել, որ քննաշրջանը կազմակերպվել է պատշաճ կերպով, քննություններն ու ստուգումներն իրականացվել են ժամանակացույցի համաձայն:

Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ նախագահողը նշեց, որ Ս. Աբրահամյանի կողմից կատարվել է մեծածավալ աշխատանք: Գրքի ստեղծմանը մասնակցել է ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Ս. Հովհաննիսյանը: Ընտրված տեքստերը համապատասխանում են մասնագիտության պահանջներին: Բաց քվեարկությամբ ֆակուլտետի գիտխորհրդի անդամները կողմ քվեարկեցին ձեռնարկը երաշխավորության ներկայացնելուն:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը: Նա բավարար համարեց կատարված աշխատանքները և նշեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել միջառարկայական կապերին, ոչ մասնագիտական կուրսերում դասավանդվող առարկաներին: