Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

2016թ. փետրվարի 15-ին Իջևանի N զորամասում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարվա առաջին փուլը:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

Ուսումնական փուլի մեկնարկը տրվեց տերունական աղոթքով: Տեր Սիմեոն քահանան խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն մաղթեց հայոց խիզախ զինվորներին:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

Շնորհավորանքի և գնահատանքի խոսքեր ասացին 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գնդապետ Թ.Շահնազարյանը, զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Հովսեփյանը, բարձրաստիճան զինվորականներ: Նրանք համոզմունք հայտնեցին, որ մեկնարկած ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի ձեռք բերածը, այլև առավել կբարձրացնի զինվորների մարտունակությունը, և նրանք ջանք ու եռանդ չեն խնայի անհրաժեշտ գիտելիքներ ու ունակություններ ստանալու համար:

Խորհրդանշական օրը կրկնակի տոն էր զորամասի զինծառայողների համար: Գնդապետ Թ.Շահնազարյանը զորամասին հանձնեց մարտական դրոշ` լավագույն մարտական ծառայություն իրականացնող զորամասերից մեկը ճանաչվելու առթիվ:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինվորներին շնորհավորեց ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը՝ հատկանշելով, որ ուսումնական փուլի մեկնարկը մեծ պատասխանատվություն է ամբողջ անձնակազմի համար: Հայոց զորքը հակառակորդին միշտ գերազանցել է ոչ միայն իր մարտունակությամբ, այլ նաև մտավոր կարողություններով: Կազմակերպվող ուսումնական պարապմունքների շնորհիվ ոչ միայն կրթվում և դաստիարակվում է զինվորը, այլև ամրապնդվում, կատարելագործվում են նրա մարտավարական ու մասնագիտական գիտելիքները և հմտությունները:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

Մասնաճյուղի տնօրենը սպաներին և զինվորներին մաղթեց խաղաղ ծառայություն, ամուր սահմաններ, նորանոր ձեռքբերումներ:

Որպես ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության փոխնախագահ՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Առաքելյանը ներկաներին փոխանցեց ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանի շնորհավորական ուղերձը և հաստատեց, որ եռասերունդ երկրապահը ցանկացած պահի հայ զինվորի կողքին է, և միասին հայոց բանակը կմնա անպարտելի:

Մասնաճյուղի տնօրենը շնորհավորեց մեր զինվորների նոր ուսումնական տարին

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Համբարձումյանը

2016թ. փետրվարի 12-ին «Գլոբալ տաքացում» թեմայով զեկուցում կարդաց ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Համբարձումյանը:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Համբարձումյանը

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցողը ներկայացրեց գլոբալ տաքացման 6 անսպասելի հետևանքները, շեշտեց, որ գլոբալ տաքացումը կարող է հրաշալի հնարավորություն դառնալ Երկրի վրա տեղի ունեցող գործընթացների յուրահատուկ փոխհարաբերությունները պարզելու համար: Կլիմայի փոփոխություններն ազդեցություն կունենան ամեն ինչի վրա՝ բակտերիաներից մինչև հրաբուխներ:

“Nature Geoscience” ամսագրում հրապարակված հոդվածի հիման վրա տրվեց նաև լրացուցիչ տեղեկություն եղանակի գլոբալ տաքացման գործընթացի վերաբերյալ, նշվեց, որ այն չի դադարի մոտակա 1000 տարիների ընթացքում, եթե անգամ 2100 թվականից ամբողջովին արգելվեն ջերմոցային արտանետումները մթնոլորտ:
Վերջում իրականացվեց եզրափակիչ քննարկում, ներկաներն ուղղեցին հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ:

Ցեղասպանության 100-րդ տարելիցից անդին․ Լույս է տեսել Հայկազեան հանդեսի 35-րդ հատորը

Ցեղասպանության 100-րդ տարելիցից անդին․ Լույս է տեսել Հայկազեան հանդեսի 35-րդ հատորը

Հայ իրականության մեջ առաջին դեպքը չէ, երբ Հայոց ցեղասպանության տարելիցների կապակցությամբ հրապարակումներ են լինում, որոնք փորձում են նորովի ներկայացնել Ցեղասպանության թեման և ուսումնասիրության նոր մեթոդներ են առաջ քաշում, սակայն այս հարցում միշտ էլ կա նոր ասելիքի կամ ասելիքի նորոգման կարիք: 2015թ. վերջին լույս տեսավ Հայկազեան հայագիտական հանդեսի 35-րդ հատորը, որը կրում է «Հարիւրամեակէն անդի՛ն, եւ` ի՛նչ» խորագիրը: Թերևս այդ «Ի´նչ»-ն էլ հենց խորհրդանշում է ողջ հատորի բովանդակությունը։

Նոյեմբերի 5-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 35-րդ հատորի շնորհանդեսը․ ներկա հյուրերը՝ ՀՀ սփյուռքի նախարարը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահը, այլ ելույթ ունեցողներ, կարևորելով հանդերձ հանդեսի դերը հայ իրականության և սփյուռք-հայրենիք կապի մեջ, խոսելով Հայկազյան Համալսարանի գործունեության մասին, այնուամենայնիվ, չանդրադարձան շնորհանդեսի բուն առիթին՝ հանդեսի վերջին հատորին։ Նշենք, որ 35-րդ հատորի շնորհանդեսը փաստում է դրան նախորդած հատորների ձևավորման փորձառության կուտակման մասին:
Հատորում տեղ են գտել 18 հոդված, 3 քննարկում, 9 հրապարակում, 5 հաղորդում և դերսիմահայերի վերաբերյալ հուշագրություններ:

Հայկազյան Հայագիտական հանդեսի 35-րդ հատորի առաջին երկու հոդվածը (Աշոտ Ոսկանյան, «Աղետի պահապանը»․ Ռոբեր Քոփթաշ, «Հայ քաղաքական միտքը երիտթուրքական հեղափոխությունից առաջ և հետո») ծածուկ կաղապարներով փորձում են ընթերցողին հասցնել այն միտքը, որ Մեծ եղեռնի իրագործման մեղքը հաճախ այս ու այն կողմ որոնելու փոխարեն պետք է մեր բաժին սխալը փորձենք ուղղել՝ ի սկզբանե ընդունելով այն: Երրորդ հոդվածը (Եղիկ Ջերեջյան, «Համբարձում Բոյաջյանի (Մեծն Մուրադ) խորհրդարանական գործունեությունը (1908-1912թթ․)») ներկայացնում է հայկական ներկայությունը թուրքական խորհրդարանում Առաջին աշխարհամարտի տարիներին։ Այն նաև, թեկուզ անուղղակիորեն, այնուամենայնիվ տեսանելի է դարձնում առաջին երկու հոդվածների կաղապարի արդարացիությունը, այն է՝ Օսմանյան խորհրդարանում որոշակի տեղ ու կշիռ ունեցող հայ մտավորականների աչքի առջև էր սկսվում հայերի կոտորածը:

Հաջորդ հոդվածները հիմնականում կարելի է բնորոշել որպես Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրություն։ Վահրամ Շեմասյանի «Մուսա լեռան դիմադրությունն ընդեմ Հայոց ցեղասպանության» հոդվածում ներկայացվում է մուսալեռցիների ինքնապաշտպանությունը, որտեղ ընդհանուր առմամբ պատկերելով ինքնապաշտպանությունից հրաժարվողների ճակատագիրը՝ անցում է կատարվում ինքնապաշտպանվողների փրկությանը։ Հաջորդ հոդվածում (Անահիտ Խոսրոևա, «Ասորիների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. համառոտ ակնարկ») հեղինակը երիտթուրքական իշխանությունների՝ քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացման քաղաքականության համատեքստում ներկայացնում է ասորիների կոտորածների պատմությունը։

Այս հոդվածի շարունակություն կարելի է համարել Լեռնա Էքմեքջիողլուի ուսումնասիրությունը («Առևանգումի և ազատագրումի մթնոլորտ. կիներու և մանուկներու ներգրավման քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ընթացքին ու անկե ետք»), որում ներկայացված հարցերն ստանում են նորովի մեկնաբանություններ:

«Ցեղասպանութեան զոհ՝ Ուրֆայի պղնձագործությունը և անոր արհեստագէտ Յակոբ Մաներեան» հոդվածն անդրադառնում է Հայոց ցեղասպանության հետազոտության մեկ այլ ենթաճյուղի՝ մշակութային եղեռնի թեմային: Մեկ իրի պատմության միջոցով հեղինակ Անդրանիկ Դաքեսյանը հետաքրքիր փաստերով ներկայացնում է մի կողմից արհեստների անկումը Ցեղասպանության տարիներին և մյուս կողմից փորձում սեփական պատումի միջոցով վեր հանել մշակութային եղեռնին բնորոշ առանձնահատկությունները:

Անդրանիկ Ծ․ վրդ․ Գռանյանի հոդվածը («Բառերուն մյուս երեսը․ «Ջարդաբանություն» և մասամբ նորին») փորձ է ներկայացնելու Ցեղասպանությանը բնորոշ տերմինների կիրառությունն ու ընկալումները:
Ամերիկահայ գրական երկերի միջոցով Ցեղասպանության հիշողության մեկնաբանման փորձ է Անիտա Մուչոյանի հոդվածը, որտեղ ներկայացվում են ամերիկահայ երեք հեղինակների՝ Վ․ Սարոյանի, Փիթեր Բալաքյանի և Քրիս Բոջալյանի արձագանքները Ցեղասպանությանն ու դրա ընկալմանը:

Գաղթօջախներում Եղեռնի վերաբերյալ թատերագրությանն է վերաբերում Արմեն Ուրնեշլյանի հոդվածը: Հեղինակը 20 թատերգությունների միջոցով շարադրում է Եղեռնի վկայագրությունը թատրոնում, փորձելով մի կողմից կատարվածը դիտարկել արվեստի տեսանկյունից, իսկ մյուս կողմից պարզել, թե առավելապես որ հարցերն էին թատերագիրների ուշադրությանը գրավում, որպես օրինակ՝ «թուրքի» կերպարի ներկայացումը ցեղասպանված հայի աչքերով ու մտքով:
Կարինե Ռաֆայելյանի հոդվածը նվիրված է գեղարվեստական ստեղծագործության հոլովույթում հայի էթնիկ պատկերին ու առավելապես քնում է Դ. Դեմիրճյանի «Հայը» խոհագրությունը, որտեղ ամփոփված են հայի բոլոր բնութագրերը:

Ցեղասպանությունից համատեքստում եղած զվարճալի դեպքերը, հետաքրքիր զվարճապատումները ևս մեծ արհավիրքի հետազոտության մաս են կազմում, որի հետաքրքիր նկարագիրն էլ կարելի է գտնել Արմեն Շ. Սարգսյանի ուսումնասիրության մեջ:

Զավեն Մսրլյանի հոդվածը վերաբերում է Ցեղասպանագիտական հետազոտության կարևոր ուղղություններից մեկին՝ թուրքական ժխտողականությանը և Ցեղասպանության անհերքելի փաստաթղթերի ուսումնասիրությանը։

Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված հետազոտությունները լուծում են հիմնականում փաստագրման և մարդկային ու նյութական կորուստների հաշվարկման խնդիրները, սակայն դեռևս անբավարար են փոխհատուցման վերաբերյալ կատարված հետազոտությունները։ Մյուս կարևոր խնդիրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների առավելապես նեղ, զուտ հայագիտական բնույթն է, ուստի հետազոտությունները պետք է ընդլայնել նաև միջազգային ցեղասպանագիտության համատեքստում։

Հայկազյան հայագիտական հանդեսի 35-րդ հատորում վերոնշյալ խնդիրները ևս քննելի էին: Հատորի խմբագրականում արդեն իսկ խնդիր էր դրել Հայոց ցեղասպանությունից անդին տեսնել այս ժողովածուն, որը հենց կխորհրդանշեր, թե ի´նչ է նշանակում հայի համար Ցեղասպանությունը հետազոտելը, կամ թե ցեղասպանագիտության ասպարեզում հայագիտական նյութը ի´նչ արդյունքների է հասել: Կարելի է համոզված նշել, որ Հայկազյան հայագիտական հանդեսի 35-րդ հատորը նոր էջ է բացում ցեղասպանագիտության մեջ: Վերոգրյալ նկարագրություններից պարզ է դառնում, որ որոշ հոդվածներ արդեն իսկ դուրս են եկել «բացառիկ դրվագները» սոսկ նկարագրելու միտումից և փորձում են վերլուծությունների միջոցով ներկայացնել խնդրո առարկան:

Աղբյուրը՝ http://armscoop.com

Կայացավ Ուսանողական խորհրդի համագումար նիստը

2016թ. փետրվարի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական խորհրդի համագումար նիստը, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, Ուսանողական խորհրդի նախագահության անդամները, ՈՒԽ-ի ակտիվիստներ, մասնաճյուղի ուսանողական մյուս կառույցների ներկայացուցիչներ, կուրսերի ավագներ և ուսանողներ:

Նիստը բացեց Ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը՝ նշելով, որ մասնաճյուղում առաջին անգամ է կազմակերպվել համագումար նիստ, որը պետք է դառնա շարունակական:

Համագումար նիստի ընթացքում Ռ.Հովսեփյանը ներկայացրեց Ուսանողական խորհրդի տարեկան հաշվետվությունը, ՈՒԽ-ի նախագահության նորընտիր անդամներին, ինչպես նաև այն ծրագրային առաջնայնությունները, որոնք նախատեսվել են իրագործելու այս կիսամյակում:

Կայացավ Ուսանողական խորհրդի համագումար նիստը

Շեշտվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդն ամեն ինչ անում է, որ մասնաճյուղի ուսանողները լինեն առավել ակտիվ, նախաձեռնող, իրազեկված, ինչը պարզապես անհրաժեշտություն է մեր արագընթաց դարում:

Նիստի ընթացքում հրապարակվեցին մասնաճյուղի ուսանողության շրջանում իրականացված՝ ՈՒԽ-ի գործունեությանը վերաբերող հարցումների արդյունքները, մատնանշվեցին Ուսանողական խորհրդի գործունեության՝ այդ հարցումների արդյունքում վերհանված ուժեղ ու թույլ կողմերը: Ուժեղ կողմերից հատկանշական են համախմբվածությունը, կազմակերպվածությունը, հոգացավությունը, մտերմիկ միջավայրը, թույլ կողմերից՝ ՈՒԽ-ի անդամների ոչ համաչափ աշխատանքը, միջոցառումներում ոչ բոլոր ուսանողների ներգրավվածությունը, միջոցառումների նույնատիպ լինելը:

Կայացավ Ուսանողական խորհրդի համագումար նիստը

Համագումար նիստում ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, նա ողջունեց ՈՒԽ-ի նորընտիր անդամներին, նրանց կոչ արեց ակտիվորեն մասնակցել ուսանողական առողջ միջավայրի կերտմանը, հաճախակի կազմակերպել միջոցառումներ, մասնակցել տարաբնույթ մրցույթների, հոգացավ ու պատրաստակամ լինել միմյանց նկատմամբ, դառնալ մեծն Չարենցի պատգամած հավաքական ուժի, ոչ թե «Ես»-ի, այլ մեծ «Մենք»-ի կրողները:

Կայացավ Ուսանողական խորհրդի համագումար նիստը

Վերջում պատվոգրեր տրվեցին Ուսանողական խորհրդի այն տասը անդամներին, ովքեր աչքի են ընկել իրենց աշխատանքով:

Կայացավ Ուսանողական խորհրդի համագումար նիստը

Փութաջան աշխատանքի և իրենց ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու համար շնորհակալագրեր տրվեցին ֆակուլտետային ՈՒԽ-ի այն նախագահներին, ովքեր արդեն վայր են դրել իրենց լիազորությունները:

Կայացավ Ուսանողական խորհրդի համագումար նիստը

«Պատմություն և կրթություն» հանդեսի հերթական համարը համացանցում

«Պատմություն և կրթություն» հանդեսի հերթական համարը համացանցում

Ձեզ ենք ներկայացնում  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Ղլեչյանի կողմից խմբագրված «Պատմություն և կրթություն» հանդեսի 3-4 (միասնական) համարը, որը միտված է պարառելու պատմության տարաբնույթ ընկալումները. ստույգ անդրադարձով՝ պատմության տեսություն, համաշխարհային և հայոց պատմության հիմնահարցեր, պատմության մանկավարժական ընկալման հիմունքներ: Փորձ է արվել դրանց միջև հաստատել տրամաբանական հիմնավորված լծորդումներ: Ընդ որում՝ համոզված, որ առկա հարցադրումներն ու կառույցը վերջնական չեն. կարիք ունի հետագա /այն էլ անընդհատ/ ճշգրտումների:

Աշխատանքը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ «Պատմություն և կրթություն» հանդես, թիվ 3-4

Աղբյուրը՝ http://armscoop.com