2016թ. ապրիլի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիայի ամբիոնի վարիչի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ Աննա Սիմոնյանը Բնական գիտությունների ֆակուլտետում կարդաց «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառմանը նվիրված զեկուցում:
Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Մասնակցելով ապրիլի 11-ից Երևանում կազմակերպված «Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր» խորագրով միջոցառմանը՝ իր ստացած գիտելիքներն ու տպավորությունները Ա.Սիմոնյանը զեկուցման ձևով (շնորհանդեսի ուղեկցությամբ) ներկայացրեց ուսանողներին:
Ապրիլի 11-16-ը, ինչպես հայտնի է, Հայաստանում հյուրընկալվել և բժշկությանը վերաբերող արժեքավոր զեկուցումներով հանդես են գալիս Նոբելյան հինգ մրցանակակիրներ՝
- Ահարոն Չեխանովերը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ուբիքվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրադացիայի հայտնագործության համար),
- Ադա Յոնաթը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի՝ բյուրեղագիտության ոլորտում արած հայտնագործության համար),
- Դեն Շեխտմանը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի ոլորտում),
- Ջոն Ռոբին Ուորենը՝ Ավստրալիայից (արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի բնագավառում),
- Էյ–իչի Նեգիշին՝ Ճապոնիայից (արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քիմիայի բնագավառում):
Մասնաճյուղում ներկայացրած իր զեկույցում Ա.Սիմոնյանն անդրադարձավ հատկապես «Գիտական կրթության խթանումը» թեմայով Դեն Շեխտմանի զեկուցմանը, որտեղ կարևորվում էր գիտական կրթության և այդ կրթությունը տարածողների դերը պետության զարգացման մեջ, ինժեների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետների դերը տնտեսության զարգացման գործում, նորարարական գաղափարների ձևավորման մեջ ընդգծվում էր ինքնավստահության, համարձակության և հետաքրքրասիրության գործոնների կարևորությունը:
Դասավանդողներին կոչ էր արվում «պայծառ», պրպտուն մտքով օժտված սաներին առանձնացնել և նրանցից նորարար մասնագետներ պատրաստել:
Զեկույցից հետո ծավալվեց քննարկում: