Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության հերթական նիստը

DSCN7580

 2019թ. մայիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում ամփոփվեցին 2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները, որոնց մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարները:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարը մասնավորապես նշեց, որ 2019թ. ապրիլի 8-13-ը ֆակուլտետում կայացած ընթացիկ քննություններին և ստուգումներին մասնակցել է 200 ուսանող (IV կուրսի 74 ուսանող հանձնել է ավարտական քննություններ): Ընթացիկ քննությունների միջին ցուցանիշը 3,10 է (3,88՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում), ընթացիկ ստուգումների միջին ցուցանիշը 6,63 է (8,65՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում):

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարը նշեց, որ ֆակուլտետում ընթացիկ քննություններին և ստուգումներին մասնակցել է 74 ուսանող («Ֆինանսներ», «Տնտեսագիտություն»՝ 49 ուսանող, «Զբոսաշրջություն, «Սերվիս»՝ 25 ուսանող), իսկ IV կուրսի 33 ուսանող հանձնել է հանրագումարային քննություններ: Ընթացիկ քննությունների միջին ցուցանիշը 2,68 է (3,77՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում), ընթացիկ ստուգումների միջին ցուցանիշը 5,92 է (7,83՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում):

Կիրառական արվեստի ֆակուլտետում ընթացիկ քննություններին և ստուգումներին մասնակցել է 46 ուսանող, IV կուրսի 16 ուսանող հանձնել է ավարտական քննություններ: Ֆակուլտետում ընդհանուր առաջադիմությունը կազմել է  90,3% (անցյալ տարվա համեմատ աճել է մոտ 8%-ով): Գնահատման պրոցեսին մասնակցել են նաև ամբիոնների վարիչները:

Բնական գիտությունների ֆակուլտետում քննությունների արդյունքների հիման վրա արձանագրվել է այս և նախորդ տարվա առաջադիմության համեմատական հետևյալ պատկերը.

 2017-18 ուստարի                                                  2018-19 ուստարի

  1. «ԻԿՄ» I կուրս 88,8%                                   1. «ԻԿՄ» I կուրս   33%
  2. «ԻԿՄ» II կուրս 85,7%                                  2. «ԻԿՄ» II կուրս  51,6%
  3. «ԻԿՄ» III կուրս 84,5%                                 3. «ԻԿՄ» III կուրս  57,2%
  4. «ՔԿԳ» II կուրս 85,2%                                  4. «ՔԿԳ» II կուրս    82,6%
  5. «ՔԿԳ» III կուրս 90%                                    5. «ՔԿԳ» III կուրս   51,8%:

2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները տնօրենության նիստում գնահատվեցին բավարար:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև 2018-19 ուստարվա II կիսամյակում (11.02.2019-03.04.2019) ուսանողների հաճախումներին վերաբերող  և մի քանի ընթացիկ հարցեր, որոնց վերաբերյալ զեկույցներն ընդունվեցին ի գիտություն:

 

Կայացավ ինտելեկտուալ խաղ՝ ԵՊՀ ԻՄ-ի, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի համագործակցությամբ

IMG_4856-05-05-19-04-06

 2019թ. մայիսի 3-ինմասնաճյուղում կայացավ IQ ինտելեկտուալ խաղ ԵՊՀ ԻՄ-ի, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի, ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի համագործակցությամբ, որին մասնակցում էին Այգեհովիտի, Ազատամուտի, Սևքարի, Ներքին Ծաղկավանի դպրոցների, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի սաները՝ 5 թիմ:

Ինտելեկտուալ խաղը վարեցին Այգեհովիտ համայնքի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբի առաջնորդ Կարինե Սամվելի Թամրազյանը և ավագ ակումբական Աշոտ Ալիկի Ամիրջանյանը, ժյուրիի անդամներն էին «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտ Թամրազյանը, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության (հեռակա ուսուցման) 5-րդ կուրսի ուսանող Տիգրան Փարսադանյանը, «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Մարտիրոսյանը, «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Արփինե Մարտիրոսյանը, «Պատմություն» մասնագիտության (հեռակա ուսուցման) 1-ին կուրսի ուսանողուհի Նունե Քոչարյանը, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը:

Խաղը կայացավ 3 փուլով, տրվեցին տրամաբանությունը և ընդհանուր զարգացվածությունը ստուգող  հարցեր:

Թեժ պայքարից հետո խաղն ավարտվեց Այգեհովիտի՝ Արտաշես Վասիլյանի անվան միջնակարգ դպրոցի սաների հաղթանակով:

Հաղթող թիմն արժանացավ խրախուսական նվերի և պատվոգրի:

«Կրթական  հետազոտությունները  բուհական  համակարգում» դասընթացի հրավեր

Մարինա Գալստյան

 2019թ. մայիսի  10-ին՝ ժամը 14։00-ին, և  մայիսի 11-ին՝ ժամը 10։00-ին,  ԵՊՀ   Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի   №39  լսարանում  տեղի կունենա «Կրթական հետազոտությունները բուհական համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը կվարի Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարինա Գալստյանը, ով ունի կրթական հետազոտությունների մշակման և իրականացման ավելի քան 10 տարվա փորձ: Նա ներգրավված է եղել EUROSTUDENT  V 2012–2015, Social and Economic Conditions of  Student Life in  Europe ծրագրում՝ որպես հետազոտական թիմի անդամ և վերլուծաբան։ Երիտասարդության ոլորտի հետազոտողների եվրոպական ցանցի անդամ է՝ սկսած 2017 թ.-ից:

Դասընթացի նպատակն է կրթական հետազոտությունների վերաբերյալ մասնակիցներին տրամադրել բազային գիտելիքներ, ինչպես  նաև ձևավորել հետազոտություններ  իրականացնելու  գործնական  հմտություններ:

Այն նախատեսված է բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուների համար:

Դասընթացը  բաղկացած է  2 մոդուլից՝

Մոդուլ I.  ԿՀԿ/ Կրթական հետազոտությունների հայեցակարգը,

Մոդուլ II. ԿՀՊ/Կրթական հետազոտությունները պրակտիկայում:

Դասընթացի   ավարտին  մասնակիցները՝

  • կստանան գիտելիքներ կրթական հետազոտությունների նպատակների և խնդիրների վերաբերյալ, 
  • կստանան գիտելիքներ կրթական հետազոտությունների տարբեր մոտեցումների և մեթոդաբանությունների վերաբերյալ,
  • պատկերացում կկազմեն կրթական հետազոտությունների իրականացման փուլերի վերաբերյալ, այդ թվում՝ պլանավորման, իրականացման, որակի վերահսկման, ինչպես նաև հետազոտություններում էթիկական սկզբունքների  վերաբերյալ,
  • կկարողանան պլանավորել և իրականացնել կրթական հետազոտություններ՝ մասնագիտական աջակցության միջոցով:

Դասընթացից հետո մասնակիցները կստանան մասնագիտական խորհրդատվություն՝ գործնական աշխատանքների  ընթացքում:

 

«Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» թեմայով սեմինար-թրեյնինգին մասնակցելու հրավեր

A. 2019թ. մայիսի 16-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ում  հոգեբանական կենտրոն բացվելու կապակցությամբ տեղի կունենա «Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» թեմայով սեմինարթրեյնինգ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի  կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում, որը կվարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Աշխեն Մկոյանը , ով ունի պրակտիկ հոգեբանի և թրեյնինգներ վարելու 7 տարվա փորձառություն, անցկացրել է թրեյնինգներ Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը:
  • Ինչպե՞ս է այն ազդում մեր կյանքի, ուսման և աշխատանքի արդյունավետության վրա:
  • Հնարավո՞ր է արդյոք զարգացնել EQ-ն և ինչպե՞ս:
  • Ինչու՞ են հույզերը հաճախ խոչընդոտում նպատակին հասնելու ճանապարհին:

Թրեյնինգի ընթացքում կներկայացվի նաև, թե ինչպես տիրապետել էմոցիաներն արդյունավետ օգտագործելու 4 կարևոր հմտություններին, որոնք են՝

  • Հստակ ընկալել սեփական և այլ մարդկանց էմոցիաները:
  • Օգտագործել էմոցիաները խնդիրները լուծելու համար:
  • Հասկանալ էմոցիաների պատճառները:
  • Կառավարել սեփական և այլ մարդկանց էմոցիաները:

 

 

 

«Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է: Մարդն ինքը բնություն է: … Հսկայական, անվերջ բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծությունը». Մարտիրոս Սարյան

    72754_original

 Սիրով ձեզ ենք ներկայացնում մեծն Մարտիրոս Սարյանի ասույթներից. 

  1. Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:
  2. Ստեղծագործական ոգևորությունըաշխատանքի ընթացքում է առաջանում ճիշտ այնպես, ինչպես և հուսահատությունը։ 
  3. Վարպետության բարձունքներին հասնելու համար պետք է զարգացնել միտքը, հասու լինել մարդկային մշակույթին: Եվ, գլխավորը, միշտ քաղաքացի լինել: Միշտ հիշել, որ արվեստագետի կյանքն անբաժան է ժամանակից, իր ժողովրդի կյանքից:
  4. Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են, քան իրենց ժամանակը։
  5. Արվեստի հարուցած հրճվանքը մշտական է, նա միշտ ընկերակցում է մարդուն, դարձնում նրան ավելի հզոր և ընդունակ: Լինելով մարդկային հոգու ամենաբարձր դրսևորումներից մեկը` արվեստը վերածվում է կայուն անհրաժեշտության, որը մենք անվանում ենք կուլտուրա:
  6. Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։
  7. Ինչպես ինքը` կյանքը, արվեստն էլ մշտական շարժում է: Նրա լեզուն փոխվում է, ձևերը մահանում են՝ իրենց տեղը զիջելով նորերին: Այդ պրոցեսը երբեմն անցնում է հիվանդագին ու բարդ պայմաններում, և իսկական նորարարությունը, ինչպես խխունջները` նավին, կպչում է պատահական, ոչ էական, երբեմն էլ պարզապես վնասակար շատ բան: Ժամանակը, պատմությունը, վերջիվերջո, ցրում են այն ամենը, ինչ անիսկական է, կեղծ է:
  8. Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին:
  9. Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը:
  10. Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնություն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն։
    Դա մարդու մեծագույն երջանկությունն է։ Հսկայական, անվերջ բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծությունը։
  11. Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի։
  12. Ողջ մնացած ժողովուրդը հոգևոր միասնությամբ ցանկանում էր փարատել իր ծանր ողբերգությունը:
  13. Մեր ժողովուրդը հաստատել է Երկրագնդի մեծ օրենքը՝ միշտ արևի հետ մնալու օրենքը:
  14. Տիգրանից հետո չորս կողմից (մեզ) սեղմել են: Դե մենք էլ աճել-բարձրացել ենք դեպի վե՛ր, դեպի լույսը…:
  15. Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
  16. Արվեստում սեփական խոսք ասել ի վիճակի են ոչ բոլորը. դա կախված է տաղանդի աստիճանից և աշխատանքից, ստեղծագործության մեջ ներդրվող ամենօրյա աշխատանքից:
  17. Անհնար է սարը տեսնել՝ կանգնելով նրա կողքին:
  18. Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։ Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ տեսել եմ իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու բաց կլինի։ Ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես:
  19. Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։
  20. Իմ խորին խորհուրդը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։
  21. Ամեն մի իսկական ազգային արվեստագետի ստեղծագործության մեջ պետք է սինթեզված լինեն իր ժամանակաշրջանի համաշխարհային կուլտուրայի առաջադեմ տենդենցները: Սա մեծ արվեստի հիմքն է:
  22. Չկան ազնիվ ու ոչ ազնիվ ոճեր: Բոլոր ոճերով էլ ստեղծագործվել են թե՛ գլուխգործոցներ, թե՛ արհեստավորի արտադրանք: Ճիշտ այդպես էլ՝ չկան կարևոր ու երկրորդական ժանրեր:
  23. Պետք է նկար ստեղծել և ոչ թե խաբուսիկ բնություն: Բայց, առանց բնության զգացողության ու ուսումնասիրության, նկար չի ստեղծվում:
  24. Արվեստը բնության պատճենահանում չէ: Բայց պետք է լինի բնության պես ներդաշնակ ու բնության պես համոզիչ:
  25. Այն, ինչ ես հասկանում եմ Տիեզերք-Բնություն ասելով, ինձ համար միաժամանակ նաև էսթետիկական կատարելությունն է, որը ես բնորոշում եմ Ունիվերսալ Գեղեցիկ երկու բառով և որը հենց հավերժական պրոցես ապրող Աբսոլյուտն է:
  26. Ցավ չէ, երբ նկարիչը անհաջող կտավ է ստեղծում, բայց դժբախտություն է, երբ նա այդ չի գիտակցում: Սկսվում է նրա անհատականության չեզոքացման կործանարար պրոցեսը:
  27. Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քանարվեստը։
  28. Կյանքը մի կղզի է։ Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով։ Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ։
  29. Զարմանքը հասարակ բան չէ։ Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։ Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
  30. Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
  31. Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողանալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
  32. Բոլոր պարագաներում էլ լույսը, գույնը, տոնը, օդը, ձևը, հեռանկարը, պլաստիկան նկարչության հիմնաքարն են կազմում։ Պետք է քրտնաջան ու համբերատարաշխատանքով տիրապետել արվեստի տեխնիկային։ Պետք է լավ դպրոց անցնել։
  33. Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ. ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
  34. Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։
  35. Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։