Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամփոփվեց «Ուսանողական փորձաշրջան Իջևանի համայնքապետարանում» ծրագիրը

1. գլխավոր

2020թ. հունվարին ամփոփվեց 2019թ. նոյեմբերի 18-ին մեկնարկած «Ուսանողական փորձաշրջան Իջևանի համայնքապետարանում» ծրագիրը, որը մշակել և համակարգել են ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի ներկայացուցիչ, «ԻԿՄ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանը և մասնաճյուղի շրջանավարտ Ալիխան Բալդրյանը՝ «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության և Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Ծրագիրը նախատեսված էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար և նպատակ ուներ բարձրացնելու փորձաշրջանների ինստիտուտի դերն ու նշանակությունը համայնքում:

Ուսանողների շրջանում անցկացված հարցման հիման վրա որոշվեց կյանքի կոչել ծրագիրը:Մասնակիցների ընտրությունն իրականացվեց 2 փուլով՝ ուսանողների կողմից լրացված առցանց հայտերի ուսումնասիրություն և հարցազրույցների փուլ:

Հարզազրույցների փուլը հաղթահարեցին սահմանափակ թվով ուսանողներ՝  Մարգարիտ Թամրազյանը («Պատմություն» 3-րդ կուրս), Անի Բարխուդարյանը («ՕԼԳ» 3-րդ կուրս), ՆելլիՂալթախչյանը («ԻԿՄ» 3-րդ կուրս), Իրա Վարդանյանը («Ֆինանսներ» 2-րդ կուրս), Դիանա Քոչարյանը («ՔԿԳ» 3-րդ կուրս), Քրիստինե Փաշինյանը («ՔԿԳ» 4-րդ կուրս), ովքեր հնարավորություն ունեցան փորձաշրջան անցնելու Իջևանի համայնքապետարանի երեք՝ Քաղաքաշինության, Ֆինանսական, Կրթության և մշակույթի բաժիններում:

2019թ. նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ «Ուսանողական փորձաշրջան Իջևանի համյքապետարանում» ծրագրի հարցազրույցի փուլը հաղթահարած ուսանողների հանդիպումը Իջևան համայքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում պարոն Ղալումյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ուսանողները ծանոթացան  համապատասխան բաժինների ներկայացուցիչների հետ, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ապա սկսվեց փորձաշրջանը:

Ս.թ. հունվարի 15-ին ամփոփվեց ծրագիրը, համակարգողները հանձնեցին     պատվոգրեր ծրագրի մասնակիցներին, շնորհակալագրեր համայնքապետարանի աշխատակիցներին և Իջևան համայքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին: Կողմերը փաստեցին, որ ծրագիրը հաջողված է, և ցանկություն հայտնեցին այն շարունակելու:

Առաջիկայում նախատեսվում է ծրագրի մասշտաբների ընդլայնում. ձեռք է բերվել համաձայնություն Տավուշի մարզպետարանի հետ:

Մասնաճյուղում շարունակվում է «Անգլերենը ակադեմիական միջավայրում» դասախոսների որակավորման բարձրացման դասընթացը

1. գլխավոր2019-2020 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում  է պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման   բարձրացման  կրթագիտական ծրագրով նախատեսված «Անգլերենը ակադեմիական   միջավայրում» A2 մակարդակի դասընթացը, որը վարում է ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի  դասախոս Աստղիկ Սիմոնյանը:

Նախորդ ուստարում իրականացվել է անգլերենի A1 մակարդակի  վերապատրաստման դասընթացը, այժմ անցկացվում է դասընթացի 2-րդ փուլը, որը նախատեսված է անգլերենի որոշակի նախնական  գիտելիքներ ունեցողների համար և նպատակ  ունի այդ գիտելիքները հասցնել  միջին /Low Intermediate/ մակարդակի:

Ամբողջական դասընթացը նախատեսված է իրականացնել ուսուցման 6 մակարդակներով (A1, A2, B1, B2, C1, C2), որոնց  լիարժեք յուրացման դեպքում դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան անգլերենով օգտվել մասնագիտական գրականությունից, ընկալել գրավոր և բանավոր գիտական  խոսքը, հաղորդակցվել  մասնագիտական  հարցերի  շուրջ:

Դասընթացի այս փուլի հաջող ավարտին մասնակիցները՝

  • կյուրացնեն նոր ակտիվ վերարտադրողական բառապաշար որոշ թեմաների շրջանակներում,
  • կկարողանան ճանաչել, ճիշտ հնչերանգով արտասանել և օգտագործել պատմողական, հարցական, հրամայական, բացականչական նախադասություններ,
  • կկարողանան կարդալ պարզ տեքստեր և պատասխանել հարցերի,
  • կտիրապետեն հաղորդակցական կարողությունների խոսքային գործունեության բոլոր տեսակներում (լսել, խոսել, կարդալ, գրել) առօրյա թեմաներով,
  • կկարողանան շարադրել.
  • անձնական թերթիկ,
  • ինքնակենսագրական տեղեկատվություն,
  • կարճ անձնական նամակ և այլն,
  • կտիրապետեն որոշակի թարգմանական հմտությունների:

Դասընթացը կավարտվի քննությամբ (անգլերենի համապատասխան մակարդակի տիրապետման  թեստի  հանձնում):

Հաստատվել են 2020 թ. գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը

Նկարը՝ համեմատաբար մեծ ֆորմատով

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2020 թ. հունվարի 16-ի N 01-Ա/Ք և  N 02-Ա/Ք  հրամաններով հաստատվել են 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:

 

ՀՀ 2020 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկ

ՀՀ 2020 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

 

2020 թվականին Գիտության կոմիտեի միջոցով կֆինանսավորի 28 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 13 դպրոց: Միջոցառումներն ընտրվել են և կկազմակերպվեն ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թվականի հունիսի 17-ի N 19-Ա/Ք հրամանով հաստատված «Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգին» և «Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգին» համապատասխան:

 

Ուշադրություն

Ցանկերում ընդգրկված կազմակերպություններին խնդրում ենք միջոցառումից առնվազն երկու շաբաթ առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` լուր միջոցառման կայացման մասին` կոմիտեի պաշտոնական կայքում  հրապարակելու նպատակով:

Շնորհավո՛ր նոր՝ 2020 թվական

1. Ամանորյա շնորհավորանքի   նկարը՝ գլխավոր

 Նոր տարի, Ամանոր… հրաշքներով ու անակնկալներով, Գեղեցկի, Բարու և Ճշմարտի  սպասելիքներով լի մի տոն, որին հավատում ենք…

Հավատում ենք ամբողջ հոգով ու սրտով, որ ամանորյա գիշերն իր գալստյամբ, ճերմակ ձյան թևով կսրբի-կտանի «ոչ միայն կեղտը հոգնած մայթերի, այլ նաև փոշին ու մուրը հոգու», որ կբացի աշխարհի բոլոր փակ դռները, իրար կկապի սիրող սրտերը, մանկան զիլ ճիչով, մեծի զնգուն ծիծաղով կլցնի համր ու դատարկ տները, կապաքինի հոգով ցավածին, մոլորված անցորդներին ու աշխարհի պանդուխտներին հայրենի տուն կդարձնի… Լինի՜, թո՜ղ լինի…

Սիրելի՛ համալսարանականներ, քաղաքացիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորում ենք բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ. թո՛ղ այս Նոր տարին՝ 2020 թվականը, լինի կայուն խաղաղության և ծով բարության, անանց սիրո և երջանկության, նվիրական իղձերի և անկատար նպատակների իրականացման տարի, ընտանեկան և ազգային արժեքների գերակայության, գիտական, ստեղծագործական ու անձնական ձեռքբերումների տարի՝ ի նպաստ մեր երկրի բարօրության, զարգացման և առաջընթացի:

________________________________________________________________

 

Փոքրիկ ակնարկ՝ Սպիտակ  մետաղյա առնետի տարվա մասին

2. Առնետի նկարը՝ փոքրիկ ֆորմատով դնելու համար Այս Նոր տարին՝ 2020 թվականը, արևելյան օրացույցի համաձայն, Սպիտակ  մետաղյա առնետի տարի է: Այն սկսում է արևելյան օրացույցի 12-ամյա պարբերաշրջանը: Հենց առնետն էր, որ առաջին անգամ հայտնվեց Բուդդայի առջև և արժանացավ օրացույցը սկսելու պատվին: Արևելքում առնետը հարստության, մաքրության, բարեկեցության և բարեվարքության խորհրդանիշ է, ուստի կանխատեսվում է հաջողություն բոլոր հարցերում և ձեռնարկումներում: Արևելքում առնետներին վերաբերվում են հարգանքով և սիրով: Հնդկաստանում այս կենդանին համաբանվում է այն Առնետի հետ, որը ձգում է Գանեշային` գիտելիքների և իմաստության աստծուն: Ճապոնիայում առնետը երջանկության խորհրդանիշ է, իսկ Չինաստանում՝ նույիսկ ազգային հերոս, որովհետև հենց առնետն է երբեմնի ժամանակներում առաջին անգամ բրինձ բերել քաղցած չինացիներին: Արևելյան շատ երկրներում առնետը հարստության ամենատարածված խորհրդանիշն է:

Ըստ չինական դիցաբանության՝ առնետը համարվում է խելացի, նպատակասլաց և համբերատար կենդանի: Նա գիտի իր բոլոր առավելություններն ու թերությունները, ունի հիանալի հիշողություն, հեշտությամբ դուրս է գալիս բարդ իրավիճակներից:

2020 թվականի գույնը սպիտակն է, ուստի հաջորդ տարի կգերակշռեն լուսավոր մտքերը և մաքուր նկատառումները: Նախապատվելի են նաև կաթնագույն, մոխրագույն, շագանակագույն և բաց դեղին գույները:

Արևելյան օրացույցի համաձայն՝ 2020 թվականին արժե մեր մտքերը բարով լցնել և անշահախնդիր գործեր կատարել: Առնետը բավականին մանրակրկիտ է մոտենում իր և այլ մարդկանց կյանքին, ուստի նա հարգելու է յուրաքանչյուր մարդու իրավունքը:

Առնետի սպիտակ գույնը հաճելի նշան է նրանց համար, ովքեր ցանկանում են ամուր ամուսնություն ստեղծել 2020 թվականին: Տարին հաջող է նոր նախաձեռնությունների և փոփոխությունների համար, այն լավ հնարավորություն է հաշտվելու և բարեկամությունն ամրապնդելու համար:

Ֆինանսական առումով տարին բարենպաստ է: Առնետը մարդկանց հնարավորություն կտա կառուցել կարիերա, հասնել ճանաչման՝ աշխատասիրության, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ոչ ստանդարտ լուծումներ փնտելու շնորհիվ: 2020 թվականը հնարավորություն կտա սպիտակ, մաքուր էջի վրա պատկերել և իրականացնել երազանքները, գործել լիարժեքորեն:

Կայացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտխորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստը

1. գլխավոր

2019թ. դեկտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը: Նիստին, գիտական խորհրդի անդամներից բացի, մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

Օրակարգային հարցերին անցնելուց առաջ ելույթ ունեցավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով մարզի զարգացման ռազմավարության իրականացման մեջ մասնաճյուղի դերին, կրթական համակարգի արդի մարտահրավերներին՝ մասնագիտական ճիշտ կողմորոշմանը, սովորողի մոտիվացիային, անհատական ստեղծագործ մոտեցմանը վերաբերող խնդիրներին։ Որպես կրթական համակարգի գերխնդիր նա նշեց հակասությունը կրթական ռեսուրսների գլոբալացման և կրթության կազմակերպման կոշտ շրջանակաների միջև, որը խոչընդոտում է նորարությանը և ստեղծագործ մոտեցմանը. «Իմ կարծիքվ՝ համալսարանի խնդիրը, որը պիտի արտացոլված լինի նրա գործունեության ռազմավարության մեջ, նախ և առաջ մեր սերունդների մասնագիտական ճիշտ կողմնորոշումն է: Այն մասնագիտությունները, որոնք ավելի մեծ պահանջարկ ունեն այսօր աշխարհում, ավելի մրցունակ են, ցավոք, դեռևս պահանջարկ չունեն մեր երեխաների և ծնողների մոտ: …Մասնագիտական կրթությունն այլևս համալսարանից չի սկսվում, այն սկսվում է ավելի վաղ տարիքից: Շատ կարևոր է, որ համալսարանի ռազմավարության մեջ արտացոլված լինի հանրակրթություն և համալսարան կապը: Դա ոչ միայն պետք է արտացոլվի հանրակրթական հաստատություններ այցելություններով համալսարանը կամ նույնիսկ մասնագիտությունները ներկայացնելով, այլև դա պետք է ներառված լինի կրթական ծրագրերի, այն դասընթացների մեջ, որոնք իրականացվում են դպրոցներում, դա պետք է արտացոլված լինի համայնքային կյանքում և համայնքային միջոցառումների մեջ:…Կրթական գործընթացի մեջ այսօր չափազանց կարևոր է աշակերտների և ուսանողների մոտիվացիան, ինչպես մոտիվացնել սովորողին, որպեսզի ինքը սովորի… Մենք կրթությունը պիտի զարգացնենք նորարարական, ստեղծագործ և անհատական մոտեցումներով…»:

Մարզպետի ելույթին ի պատասխան՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը առաջարկեց ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպել մասնագիտական կրթության հիմնախնդիրների հանրապետական քննարկում՝ բուհերի որակի ապահովման պատասխանատուների և կրթության փորձագետների մասնակցությամբ՝ գտնելու հնարավոր լուծումներ: 

Այնուհետև Ա.Մակարյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2018-2019 ուստարի) մասին հաշվետվություն, քննարկվեցին մասնաճյուղի՝ 2019թ. եկամուտների և
ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի, 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) վերաբերյալ և մի քանի ընթացիկ հարցեր:

Տնօրենի հաշվետվության ներկայացումից հետո ելույթ ունեցավ գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը՝ մասնավորապես անդրադառնալով համալսարան – ՏՏ ոլորտ կապի զարգացման հնարավորություններին, ԵՊՀ ԻՄ-ում ագրարային ոլորտի կարճաժամկետ ծրագրերի ներդրման, բնագիտական լաբորատորիաների հիմնադրման միջոցով հետազոտական բաղադրիչի ուժեղացմանը, համալսարանում բաց դռների օրեր կազմակերպելու միջոցով դպրոցականներին մասնագիտական կողմնորոշում տալու առավելություններին:    

ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-2019 ուստարում նախատեսված գործողությունների վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը որոշվեց ընդունել ի գիտություն, մասնաճյուղի՝ 2018-2019 ուստարվա գործունեությունը գնահատել բավարար:

Մասնաճյուղի` 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ տնօրենի զեկուցումը որոշվեց ընդունել ի գիտություն, իսկ վերջինիս գնահատումը կատարել հաշվեքննության արդյունքների հիման վրա և ներկայացնել հաստատման:

Որոշվեց հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին։

Ընթացիկ հարցերից էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրությանը (2018-2019 ուստարի), մասնաճյուղի՝ 2019թ. բակալավրի ընդունելության արդյունքներին, ԵՊՀ ԻՄ-ի աշխատողներին
աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգին վերաբերող հարցերը:

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության (2018-2019 ուստարի) մասին ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանի հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:

Մասնաճյուղի՝ 2019թ. բակալավրի ընդունելության արդյունքների վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա ուսուցման ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսան Մարգարյանի հաշվետվությունը ևս ընդունվեց ի գիտություն:

Գիտխորհուրդը որոշեց՝

  • հաստատել ԵՊՀ ԻՄ-ի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը,
  • ուժը կորցրած ճանաչել ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ 2014թ. դեկտեմբերի 25-ի թիվ 7 նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին խրախուսելու կարգ սահմանելու մասին կանոնակարգը:

Նիստի վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը շնորհավորեց բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, երջանկություն, մասնագիտական և անձնական հաջողությունններ ու ձեռքբերումներ: