2014 թ. ապրիլի 15-ին Տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները ճանաչողական պրակտիկայի շրջանակներում այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ և Երևանի կոնյակի գործարան:
Ուսանողները հետաքրքրված էին դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ։
Շրջայցի ընթացքում բանկի մասնագետները ներկայացրին ԿԲ-ի հիմնադրման և զարգացման պատմությունը, ՀՀ ԿԲ-ի և ՀՀ առևտրային բանկերի միջև առկա հարաբերությունները, բանկային համակարգում Կենտրոնական բանկի դերը, դրամի պատմությունը, ԿԲ-ում շրջանառվող պարտատոմսերը, մուրհակները, չեկերը և այլ արժեթղթեր:
Ուսանողները ծանոթացան դրամի ստեղծման փուլերին, տեխնոլոգիային, կատարեցին փորձեր դրամանիշերի ստուգման լաբորատորիայում, դիտեցին ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմ:
Այցելությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով: Ճիշտ պատասխանների համար ուսանողները ստացան անվանական տետրեր, իսկ այցելության վերջում բոլոր ուսանողներին տրվեցին նվերներ:
Հաջորդ այցելությունը Հայաստանի կարևոր խորհրդանիշներից և մշակութային արժեքներից մեկն էր` Երևանի կոնյակի գործարանը:
Շրջայցի ընթացքում ժամանակակից տեխնիկական միջոցներով պատրաստված առանձին ցուցասրահներում ուսանողներին 3D լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութերով ներկայացվեց «ArArAt» կոնյակի պատմությունը, արտադրության գործընթացը և այլն:
Մասնակիցները ծանոթացան հնեցման գործընթացին, դիտեցին տարբեր երկրների նախագահների անվանական տակառները:
Ուսանողները կանգ առան նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին` ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Որոշված է Խաղաղության տակառը բացել այն ժամանակ, երբ կկարգավորվի Արցախյան հակամարտությունը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից ուսանողները գրառում կատարեցին Խաղաղության տակառի մոտ:
Մասնակիցները ծանթոցան նաև թանգարանում պահվող պատմական մեծ արժեք ունեցող ցուցանմուշներին (սկսած 1887 թվականից), տարբեր ժամանակներում հայկական կոնյակի ստացած մեդալներին, պատմական լուսանկարներին: