Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

ՀՀ նախագահի նախաձեռնությամբ արդեն սկսվել է ՀՀ առևտրային բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման ծրագիրը:
Ծրագիրը նպատակաուղղված է ուսման վարձերի վարկավորման մատչելիության բարձրացմանը՝ Կառավարության կողմից վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ: Այն իրականացվելու է «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ-ի վերաֆինանսավորման սխեմայի միջոցով:

Ուսանողական վարկի տրամադրման պայմաններն են.

  • Շահառուները – պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները,
  • Արժույթը – ՀՀ դրամ,
  • Ուսանողական վարկի չափը – առավելագույնը 1.800.000 ՀՀ դրամ՝ ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժիններով: Ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը պետք է լինի ոչ ավելի, քան 450.000 ՀՀ դրամ՝ կախված ուսման վարձի չափից,
  • Վարկի ժամկետները – առավելագույնը 10 տարի, որից ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների հավասարաչափ մարումներ,
  • Տարեկան անվանական տոկոսադրույքը – 12%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է՝
  • 2 տոկոսային կետ բոլոր շահառուների համար,
  • 3 տոկոսային կետ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար,
  • Վարկի տրամադրման միջնորդավճարը – չի նախատեսվում,
  • Տրամադրման եղանակը – անկանխիկ, վարկի գումարը փոխանցվելու է անմիջապես ուսումնական հաստատություններին,
  • Ապահովությունը – ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորություն,
  • Այլ պայմաններ – վարկառուն չպետք է ունենա չաշխատող պարտավորություններ վարկի տրամադրման պահին:

    Վարկի մարման պայմաններն են.

  • Վարկի մարման եղանակը – ամսական անուիտետային վճարներ,
  • Տոկոսների հաշվարկման կարգը – հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ:
Աղբյուր՝ www.ysu.am

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի՛ ուսանողներ (15-25 տարեկան), հայտնում ենք ձեզ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ճապոնական “Goi Peace Foundation” կազմակերպությունը հայտարարել են “The Power of Culture to Create a Better Future” խորագրով շարադրությունների մրցույթ:

 Շարադրությունն անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, գերմաներենով (700 բառից ոչ ավել) կամ ճապոներենով (1600 գրանշանից ոչ ավել): Այն պետք է ունենա մեկ հեղինակ և մինչև ներկայացվելը որևէ տեղ հրատարակված չլինի:

Առաջին էջում պետք է նշվի.

  • վերնագիրը,
  • հեղինակի անուն, ազգանուն, հայրանունը,
  • հասցեն,
  • հեռախոսահամարը,
  • էլեկտրոնային հասցեն,
  • ազգությունը,
  • տարիքը,
  • սեռը,
  • ուսումնական հաստատության տվյալները (առկայության դեպքում):

Մրցույթում հաղթողների համար նախատեսված են հետևյալ մրցանակները.

  • մեկ առաջին մրցանակ` վկայական և 100,000 յեն (մոտավորապես 1,140 ԱՄՆ դոլար), հրավեր Տոկիոյում կայանալիք մրցանակների հանձնման արարողությանը,
  • երկու երկրորդ մրցանակ` վկայական և 50,000 յեն (մոտավորապես 570 ԱՄՆ դոլար),
  • հինգ երրորդ մրցանակ` վկայական և նվեր,
  •  25 պատվո հիշատակում` վկայական և նվեր:

Մինչև 2013թ. հունիսի 10-ը շարադրությունները կարող եք ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության  տուն 3, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.edu.am:

Կրթաթոշակային ծրագրի մրցույթ

Հայտնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն» մասնագիտության այն ուսանողներին, որոնք ապահովում են B1 մակարդակ, որ  «Agence Universitaire de la Francophonie»-ն հայտարարում է մասնագիտական վերապատրաստման կրթաթոշակային ծրագրի մրցույթ:

Ծրագրի գործընթացն իրականացվելու է հետեւյալ կերպ.

  • Ուսանողը գտնում է արտերկրում որեւէ ֆրանսախոս կազմակերպություն կամ ձեռնարկություն, որտեղ կարող է անցնել մասնագիտական պրակտիկա եւ դիմում է տվյալ կազմակերպությանը:
  • Դրական պատասխան ստանալու դեպքում հավաքում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմում է ԵՊՀ ղեկավարությանը` վերջինիս համաձայնությունն ու երաշխավորությունը ստանալու նպատակով:
  • Համացանցով լրացնում է կայքում տեղադրված ձեւաթուղթը (http://formulaires.auf.org/) եւ կցում է բոլոր պահանջվող փաստաթղթերը (ներառյալ ֆրանսերենի իմացության մակարդակը հավաստող որեւէ փաստաթուղթ):

Հարկ է իմանալ, որ համացանցով գրանցվելու վերջնաժամկետը 2013 թ-ի մարտի 29-ն է:

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայք:

Ցուցահանդես

Ս.թ. մարտի 7-ին` ժամը 13:00-ին, Իջևանի պատկերասրահում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Ցուցահանդեսը կտևի մինչև նույն օրվա ժամը 18:00-ն:

Կազմակերպիչը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ԵՊՀ ԻՄ ուսանողական թիմն է, որը նախատեսել է մրցանակներ ամենից շատ հավանության արժանացած ստեղծագործությունների հեղինակների համար:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Ս. թ. փետրվարի 25-28-ը ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացող ուսանողները մինչև փետրվարի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: