Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ վոլեյբոլի և բադմինթոնի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. սեպտեմբերի 23-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի և բադմինթոնի մասնաճյուղային առաջնություն` նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարելիցին:

Վոլեյբոլի առաջնությանը մասնակցում էին Տնտեսագիտության, Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողները, Հումանիտար գիտությունների ֆակուլտետից՝ «Պատմություն» մասնագիտության I և IV կուրսերի ուսանողները:

Հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքականը:

Փետրագնդակի առաջնությանը մասնակցում էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ (26 աղջիկ, 7 տղա):

Աղջիկների մրցապայքարում I տեղը գրավեց Անի Դավթյանը (Ս 2):

 II տեղը գրավեց Անգին Մամյանը (ԿԱ 4):

III տեղը գրավեց Մալվինա Էվինյանը (ԲԲ 4):

Տղաների մրցապայքարում I տեղը գրավեց Հրաչ Ներսիսյանը (ԱԼԳ 2):

 II տեղը գրավեց Հակոբ Գասպարյանը (ԱԼԳ 2):

III տեղը գրավեց Գարիկ Նազարյանը (Պ 1):

“Art EXPO”-2013

2013թ. սեպտեմբերի 20-ին Գյումրիում իրականացվեց ցուցահանդես, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Ցուցահանդեսում ընդգրկված էին հանրապետության բոլոր մարզերը:

Տավուշի մարզից ցուցահանդեսին ներկայացան մարզի կրթության, սպորտի, երիտասարդության հետ հարցերի վարչության պետ Աշոտ Փաշինյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը, դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Անուշ Չիբուխչյանը, ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Ալբերտ Գաբրիելյանը, բակալավրի 4-րդ կուրսի ուսանող Անգին Մամյանը:

Մարզի տաղավարը ձևավորվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ավարտական բազմաժանր աշխատանքներով (գոբելեն, մետաքսանկարչություն, կերամիկական աշխատանք, փայտի գեղարվեստական մշակում, ասեղնագործություն և այլն):

Ցուցադրված աշխատանքների մեծ մասը ղարաբաղյան թեմայով էր:

 Ցուցահանդեսն ունեցավ բազմաթիվ այցելուներ`պետական գործիչներ, սփյուռքահայեր, քաղաքի բնակիչներ, ուսանողներ և այլք:

Ցուցահանդես այցելեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և շրջեց բոլոր տաղավարներով: Կամո Այվազյանը  և Անուշ Չիբուխչյանը նախագահին ներկայացրին ցուցադրված աշխատանքների թեմատիկան, մարզում գործող արվեստի ճյուղերը և կիրառական արվեստի ֆակուլտետում իրականացվող աշխատանքները:

Նախագահն իր գոհունակությունն արտահայտեց մասնաճյուղի ներկայացրած աշխատանքների կապակցությամբ: ՀՀ մարզերում գործող արվեստի տարբեր ճյուղերի բացահայտման իմաստով  ցուցահանդեսն ունեցավ ճանաչողական մեծ նշանակություն:

Օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. սեպտեմբերի 18-ին Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ բնապահպանության նախարարության օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

Ներկա էին մասնաճյուղի և հատկապես Բնական գիտությունների ֆակուլտետի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոսները, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Այցի ընթացքում ներկայացուցիչները հանդես եկան «Օզոնային շերտի պահպանման հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ:

Քննարկվեցին մի շարք հարցեր` օզոնային շերտի կարևորության, նրա քայքայման վտանգավորության, այդ բնագավառում միջազգային համագործակցության վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարարության օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Կայացավ մարզային փառատոնը

2013թ. սեպտեմբերի 13-ին Իջևանում տեղի ունեցավ մարզային փառատոն` նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարելիցին:

Փառատոնին մասնակցում էին մարզի ուսումնական հաստատությունների աշակերտները և ուսանողները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից փառատոնում ընդգրկված էին 20 ուսանողներ` տարբեր մարզաձևերից:

Բազկամարտի մրցապայքարում I տեղը գրավեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանող Արգիշտի Եգանյանը: III տեղը գրավեց Բաբկեն Խուդավերդյանը (ՏՏ 2):

Գիր մարզաձևից I տեղը զբաղեցրեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանող Վահե Առուստամյանը: II տեղը գրավեց Էդուարդ Սիմոնյանը (ԿԱ 2):

Շախմատի մրցապայքարում III տեղը գրավեց Էդգար Քոչարյանը (Պ 2):

 

Գերմանացի հյուրերի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Բավարիայի Այխշտետ Ինգոլշտադ համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հարալդ Պեխլաները և նույն համալսարանի տուրիզմի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի մի խումբ ուսանողներ: Նրանց ուղեկցում էին Գերմանիայի Միջազգային Համագործակցության (GIZ) «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակներում Տավուշի մարզի ու Ռեգենի տարածաշրջանի միջև համագործակցության գերմանական կողմի գործընկերներ Հերբերթ Ուննաշը, Սուսաննե Վագները և Ռեգինա Քաուշինգերը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:

Այցելության նպատակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Ռեգենի տարածաշրջանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ուղղությամբ նախնական քայլեր ձեռնարկելն էր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր: Հայ և գերմանացի ուսանողների միջև անգլերեն լեզվով տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, խոսեցին իրենց նախասիրությունների և ընդհանուր հետաքրքրություննների մասին: Տնօրենի կողմից առաջարկվեց մասնաճյուղում ստեղծել գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն, որպեսզի հետագա հաղորդակցումը լինի գերմաներենով:

Հյուրերն այցելեցին նաև մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կոմպոզիցիոն աշխատանքների պատկերասրահ, որտեղ ծանոթացան ֆակուլտետի շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա և այլն) ստեղծագործություններին:

Պատկերասրահի տպավորությունների գրքում պրոֆեսոր Պեխլաները կատարեց գրառում իր ստացած ջերմ տպավորությունների վերաբերյալ:

Երկու կողմերն էլ շահագրգռված էին հետագա լուրջ համագործակցության համար: