2016թ. հոկտեմբերի 14-ին «ՀՀ Տավուշի մարզի Սևքար գյուղի տուրիստական վայրերը» թեմայով զեկուցում կարդաց Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը:
![14-10-2016-1](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/10/14-10-2016-1-520x390.jpg)
Զեկուցողը նախ ներկայացրեց Տավուշի մարզի աշխարհագրական դիրքը և առանձնահատկությունները, մարզի լեռնագրությունը և ջրագրությունը:
Տրվեց մարզկենտրոն Իջևանից 18 կմ հյուսիս՝ Սևքար գետի հովտում գտնվող համանուն գյուղի (Սևքար) մասին պատմական համառոտ ակնարկ:
![14-10-2016-2](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/10/14-10-2016-2-520x318.jpg)
Հակոբ Դավթյանը “Google Earth” ծրագրով ներկաներին ծանոթացրեց տեղանքին, ներկայացրեց այն լեռներն ու լեռնաշղթանները (օր.՝ Կապի, Ձնհալի, Հարսնաքարի, Թթուջրի, Յոթնաղբյուրի), որոնք չկան ՀՀ և Տավուշի մարզի ֆիզիկական քարտեզների վրա, բայց իրականում գոյություն ունեն և հետագայում պետք է քարտեզագրվեն:
Նշվեց, որ Սևքարը հիմնադրվել է մոտավորապես 900-1000 տարի առաջ: Տարածքը ծովի մակերևույթից ունի 700-1700մ բարձրություն: Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաանտառային լանդշաֆտները: Գյուղի տարածքը 5078 հա է, սահմանակից է Ղազախի շրջանին (Շահուկ քար), որի պատճառով 200 հա հողատարածք չի օգտագործվում:
Հանգամանորեն ներկայացվեցին Սևքար գյուղի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները՝ եկեղեցին, խաչքարերը, հուշաղբյուրները, բնական գեղատեսիլ վայրերը և այլն:
![Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/10/14-10-2016-3-439x390.jpg)
Նկարագրվեց Սևքարի հարուստ բնաշխարհը՝ նրա անտառներում աճող էնդեմիկ ծառատեսակները, կենդանական աշխարհը, սառնորակ աղբյուրները (Մոշահավի, Կապի, Մամռուտի և այլն), գյուղատնտեսական նշանակություն ունեցող «Սալկուտ» առուն, որի ջրերը խառնվում են Սևքար գետին, հանգստի վայրերը:
![Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/10/14-10-2016-4-293x390.jpg)
Հիմնավորվեց, որ հնամենի Սևքար գյուղն իր գողտրիկ բնաշխարհով լիովին կարող է դառնալ զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող վայր, գյուղի մաքուր անապական օդը և հանքային բուժիչ աղբյուրները, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհը նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և տուրիզմի զարգացման համար:
![Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/10/14-10-2016-5-520x384.jpg)
Զեկուցման վերջում ծավալվեց ակտիվ քննարկում, զեկուցողը պատասխանեց ներկաների ուղղած հարցերին:
![Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/10/14-10-2016-6-520x390.jpg)