Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԽՈՐԱՊԵՍ ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ…

Աիդա Մարդանյան (1)

 Խոր վշտով հայտնում ենք, որ 70 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու, կրթական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ԻՄ բազմամյա առաջատար մասնագետ, սիրելի դասախոս, իր գործի ազնիվ նվիրյալ Աիդա Սերոժի Մարդանյանը:

Իսկապես անփոխարինելի ու անգնահատելի են տիկին Մարդանյանի դերն ու ներդրումը, օրինակելի՝ նվիրումն ու պատասխանատվությունը Տավուշի ողջ տարածաշրջանում ֆրանսերենի հիմնավորման, զարգացման և տարածման, սերունդների կրթության և դաստիարակության գործում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ա. Ս. Մարդանյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Աիդա Մարդանյանի՝ որպես իր գործի մեծ նվիրյալի և երախտավորի, սիրված դասախոսի և մանկավարժի, ազնիվ և լուսավոր մարդու կերպարը հաստատապես օրինակ կծառայի իր կրթած սերունդների, մեզ՝ բոլորիս համար, և նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Աստված Ձեր հոգին լուսավորի, ննջե՜ք խաղաղությամբ, սիրելի՛ տիկին Մարդանյան․․․ 

Այսօր Կրթության միջազգային օրն է

ԵՊՀ ԻՄ (5) Հունվարի 24-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով 2018 թ. դեկտեմբերի 3-ին հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի:

Ըստ այս հռչակման՝ հասարակության լիարժեք անդամ դառնալու և կայուն զարգացմանը մասնակից լինելու համար կրթությունն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոց է:

Կրթությունը ոչ միայն մարդու իրավունքն է՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածում, այլև անհրաժեշտ նախապայման Կայուն զարգացման նպատակների իրականացման համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից Կրթության միջազգային օրվա առիթով շնորհավորում ենք ոլորտի բոլոր պատասխանատուներին և ներկայացուցիչներին այն համոզմունքով, որ կրթությունն է այն ամենահզոր զենքը, որով կարելի է վերափոխել աշխարհը, կառուցել գիտելիքահենք արտադրություն և կիրթ հասարակություն, հասնել տեխնոլոգիական առաջընթացի և համընդհանուր բարօրության:

Այդ գործում հաջողություն ունենալու համար շատ կարևոր են յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու ներդրումը, հետևողական աշխատանքն ու նվիրումը…

«Քաղաքացիական կրթության կենտրոն» ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

IMG_2379 2024 թ. հունվարի 19-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի, կնքեցին համատեղ գործունեության պայմանագիր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը Տավուշի մարզում գործարկելու վերաբերյալ:

ԵՊՀ ԻՄ-ը և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» շրջանակում՝ համաձայն 2019 թ. դեկտեմբերի 2-ին կողմերի միջև կնքված պայմանագրի, համալսարանում հիմնել են ուսումնական կենտրոն:

«Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը 2022 թ. ապրիլի 15-ից մինչև 2027 թ. ապրիլի 14-ն իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից դրամաշնորհային պայմանագրով ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որը ներառում է խնդիրների լայն շրջանակ, առաջարկում է հանրային կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու նորարարական լուծումներ: Ակնկալվում է, որ ծրագրի շնորհիվ կբարելավվի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնվի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ այն կնպաստի Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կանոնադրական նպատակները ներառում են հասարակության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը, ինչպես նաև սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:

Կնքված պայմանագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համատեղ ջանքերով 2024 թ. փետրվարից գործարկելու «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը (ՔԿԿ):

Նախագծի շրջանակներում համալսարանի վերոնշյալ կենտրոնում առկա ռեսուրսների օգտագործմամբ և վերազինմամբ կիրականացվեն անվճար դասընթացներ և տարատեսակ միջոցառումներ՝ ուղղված համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի, ինչպես նաև համայնքի երիտասարդների սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացմանը, քաղաքացիական մասնակցության հնարավորությունների և երիտասարդական նախաձեռնությունների խթանմանը:

Համատեղ գործունեության պայմանագրի ստորագրման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր և նախագծի մանրամասներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գործարկվել է «Խելացի քարտեզ» սարքը

1. glxavor 2024 թ. հունվարի 16-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խելացի քարտեզ» սարքի գործարկումը, որին ներկա էին մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա․ Մակարյանը, փոխտնօրեն Մ․ Օթարյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ, մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

ԵՊՀ ԻՄ մի խումբ ուսանողներ, մասնակցելով «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ կողմից իրականացվող «The Lamp Camp» երիտասարդական ճամբար-աշխատարանին, հիմնադրել են Ուսանողական թվային ակումբ, որի նպատակն է աջակցել ԵՊՀ ԻՄ-ում ուսանողական և կրթական միջավայրի թվայնացմանը:

Նախագծի մեկնարկային փուլում կնքվել էր համագործակցության հուշագիր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ԵՊՀ ԻՄ ուսանողական թվային ակումբի և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ միջև: Հուշագրի իրականացման շրջանակներում ԵՊՀ ԻՄ մի խումբ ուսանողներ թվայնացրել են մասնաճյուղի հատակագիծը:

«Խելացի քարտեզը», որը հնարավորություն կտա ավելի հեշտ կողմնորոշվել բուհում, տեղադրված է ԵՊՀ ԻՄ գլխավոր մասնաշենքի վարչական հատվածում:

Միջոցառման ամփոփման ընթացքում ծրագրի շահառուները և կամավորական աշխատանքներում ներգրավված մասնակիցները արժանացան շնորհակալական խոսքի և գովասանքի:

Շնորհավո՛ր նոր՝ 2024 թվական

ԵՊՀ ԻՄ Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Նավասարդ, Ավետիս… այս անուններով է հիշատակվում հրաշքի սպասումն իր մեջ կրող այն տոնը, որն աներևույթ մի թևով պիտի ավելացնի աշխարհի բարին, տա ապաքինում հոգով ցավածին, հիասթափվածին՝ նոր մի հիացում, սիրասթափվածին՝ մի նոր միացում, ձեռքից հավատը փախուստ տվածին՝ նոր հավատի կապակուռ թևեր… բացի փակ դռները աշխարհի, մանկան ճիչով լցնի դատարկ, համր տները…

Առաջին անգամ տարվա գաղափարը ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում, սակայն տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը և ըստ այդմ՝ Նոր տարին:

Հայերը Նոր տարին սկսել են տոնել այն ժամանակվանից, երբ, ինչպես առասպելն է վկայում, Հայկ Նահապետը հաղթել է Բելին: Նավասարդը համարվում էր տարվա առաջին օրը և նշվում օգոստոսին: Հետագայում հեթանոս հայերը Նոր տարին սկսեցին նշել նոյեմբերին և միայն 18-րդ դարում` հունվարի մեկից:

Ըստ հայկական առասպելաբանության՝ Ամանորն Ամատուրի` բնության, բերք ու բարիքի աստծո կինն էր, Կենաց ծառը, պտղաբերության խորհըրդանիշը:
Տարեմուտի արարողությունները տևում էին 12 օր և սերտորեն կապված էին եկեղեցական ծիսակարգերի հետ:

Հունվարի 1-ը Կաղանդն էր, ծիսակարգի բաղկացուցիչ օրերն են նաև Խթումը, Նավակատիկը, Ճրագալույցը, Ծնունդը, Մկրտությունը, Տնօրհնեքը: Այդ 12 օրերի ընթացքում երկինքն ու երկիրը կարծես կապվում էին միմյանց: Այդ պատճառով ժողովուրդը հատուկ ծիսակատարություններ է արել` կապված տիեզերական ծառի հետ: Տիեզերական ծառն ուղղահայաց գիծ է` երկրից երկինք, որն արտահայտվում էր գերանի տեսքով: Այն ուղղահայաց դիրքով դնում էին խարույկի մեջ, և յուրաքանչյուր մարդ, տուն մտնելով, մի ճյուղ էր ավելացնում գերանի կողքին` այդպիսով վառ պահելով կրակը մինչև հունվարի 6-ը՝ Քրիստոսի Ծնունդը:

Տարեմուտի գիշերը նաև գնում էին աղբյուրի ակունքը ու շշնջում երազանք: Քանի որ պասից շրջան էր, և ժողովուրդը պատրաստվում էր Սուրբ Ծննդի տոնին, Ամանորի առաջին օրերին մատուցվում էին առանց մսի պատրաստված կերակուրներ. տոնական սեղանի անբաժան մասն էին պասուց տոլման, կլոր գաթան, (որը խորհրդանշում է արևը), քառանկյուն փախլավան (որը խորհրդանշում է աշխարհի չորս կողմը կամ խաչը):

Այս Նոր տարին՝ 2024 թվականը, ըստ արևելյան օրացույցի, Կանաչ փայտե վիշապի տարի է: Վիշապը մարմնավորում է իմաստությունը, հոգևոր զարգացումը, բարգավաճումը և հաջողությունը: Կանաչ գույնը խորհրդանշում է բնությունը, աճը, թարմությունը և ներդաշնակությունը: Տարվա մյուս նախընտրելի գույներից են ոսկեգույնը և արծաթագույնը:

 

Սիրելի՛ համալսարանականներ, տավուշցիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ, մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում, ուժ և եռանդ, ամենայն բարիք բոլորիս․․․