Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հոկտեմբերի 26-ի տնօրենության ընդլայնված նիստում

2018թ. հոկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա. Վ. Ցուցուլյանը:

DSCN4273

Տնօրենության ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Հեռակա ուսուցման բաժնի անդամները, մասնաճյուղի այլ բաժինների վարիչներ:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքներին, Հեռակա ուսուցման դասապրոցեսի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

DSCN4270

2018-19 ուստարվա 1-ին կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեցին մասնաճյուղի չորս ֆակուլտետների դեկանները:

Նրանք մասնավորապես նշեցին, որ ֆակուլտետներում իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ. ծրարավորվել և կնքվել են ընթացիկ քննությունների տոմսերը, թեստերը և տարբերակները, նախապատրաստվել, տեսախցիկներ են տեղադրվել այն լսարաններում (№38, №39, №56, №57), որոնցում պիտի անցկացվեն գրավոր քննություններն ու ստուգումները: Բանավոր քննությունների անցկացման համար ձևավորվել են քննական հանձնաժողովներ՝ ամբիոնների պրոֆեսորադասախոսական համակազմից:

Տնօրենության նիստում 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքները գնահատվեցին բավարար:

DSCN4265

Հեռակա ուսուցման՝ 2018-19 ուստարվա 1-ին կիսամյակի դասապրոցեսի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը: Զեկուցողը, ներկայացնելով իրականացված աշխատանքները, մասնավորապես նշեց, որ արդեն պատրաստ են դասացուցակները, լիովին հստակեցված է լսարանային ֆոնդը: Անդրադարձ կատարվեց դասապրոցեսի ընթացքում ուսումնաօժանդակ, վարչական և տնտեսական անձնակազմի աշխատանքներին և առանձնապես կարևորվեց անվտանգության ապահովման խնդիրը: Առկա բոլոր հարցերի վերաբերյալ եղան քննարկումներ, և տրվեցին համապատասխան լուծումներ:

Տնօրենության ընդլայնված նիստում հեռակա ուսուցման՝ 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասապրոցեսի նախապատրաստական աշխատանքները գնահատվեցին բավարար:

 

Հոկտեմբերի 17-ի տնօրենության նիստում

DSCN3726

  2018թ. հոկտեմբերի 17-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ա. Վ. Ցուցուլյանը:

Նիստի ընթացքում ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. հեռակա ուսուցման ընդունելության գործընթացը, քննարկվեցին հեռակա ուսուցման՝ 2018-19 ուստարվա առաջին կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքներին, մասնաճյուղում սեպտեմբեր ամսվա ծախսերին և եկամուտներին, անվտանգության ապահովմանը և գրագողության դեմ միջոցառումներին, ԵՊՀ ԻՄ-ի մի քանի աշխատակիցների (մասնավորապես՝ ՄԿՊԿ բաժնի) Բերդի տարածաշրջան գործուղելուն, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային ֆոնդի համալրմանը և իրականացվելիք միջոցառումներին վերաբերող ու մի շարք ընթացիկ հարցեր:

Ամփոփելով 2018թ. հեռակա ուսուցման ընդունելության գործընթացը՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա.Մարգարյանը մասնավորապես նշեց, որ 2018թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 25-ը (նախատեսված էր մինչև սեպտեմբերի 20-ը, 5 օրով երկարաձգվել է) ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել է հեռակա ուսուցման համակարգի դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ դիմել է 133 դիմորդ՝ 7 (Տարրական մանկավարժություն և մեթոդիկա, Պատմություն, Ֆինանսներ (ըստ ոլորտի), Հոգեբանություն, Բնապահպանություն և բնօգտագործում, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Զբոսաշրջություն) մասնագիտությունների գծով: Ընդունելության քննություններից առաջ ԵՊՀ ԻՄ-ի առաջատար դասախոսները յուրաքանչյուր առարկայից իրականացրել են անվճար խորհրդատվություններ: Ընդունելության քննությունների դրական նվազագույն միավորի շեմը 133 դիմորդից հաղթահարել է 40-ը, որը, իհարկե, գոհացնող չէ:

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման՝ 2018-19 ուստարվա առաջին կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը նշեց, որ կազմվում են բոլոր մասնագիտությունների գծով դասացուցակները, հստակեցվում է ողջ լսարանային ֆոնդը, իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ 2018-19 ուստարին պատշաճ դիմավորելու համար: Պարոն Ցուցուլյանը ֆակուլտետների դեկաններին և Հեռակա ուսուցման բաժնի վարիչին հանձնարարեց հետևողական լինել, որ ամբիոնների վարիչները և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները Հեռակա ուսուցման բաժնի հետ ակտիվորեն համագործակցեն դասապրոցեսի կազմակերպմանը վերաբերող հարցերում:

Բուհի մի քանի աշխատակիցների Բերդի տարածաշրջան գործուղելու հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության կրթական ծրագերի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկվածությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 16-ին մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ հանդիպում են իրականացրել Բերդի տարածաշրջանի 11 դպրոցների թվով 194 աշակերտների հետ: Այցելությունը նպատակ ուներ 12-րդ  դասարանցիներին ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտությունները, ընդունելության քննություններում կատարված փոփոխություններն ու առաջարկվող նորությունները:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուստարվա գրադարանային ֆոնդի համալրման գործընթացի, ամբիոնների վարիչների կողմից իրենց ամբիոնների ուսումնական գրականության պահանջագրերը գրադարան ներկայացնելու վերաբերյալ զեկուցեց մասնաճյուղի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը և հավաստիացրեց, որ առաջիկայում գրադարանի կողմից իրականացվելիք միջոցառումները կկազմակերպվեն հաճախակի և կկրեն պարբերական բնույթ: 

 

 

 

Սեպտեմբերի 27-ի տնօրենության նիստում

DSCN3726

 2018թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուսումնական տարվա քննաշրջանը (առկա և հեռակա), քննարկվեցին մասնաճյուղի ստորաբաժանումների՝ 2018-2019 ուսումնական տարվա աշխատանքային պլաններին, գրականության համալրման գործընթացին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուսումնական տարվա քննաշրջանի արդյունքներն ամփոփ ներկայացրեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ 2017-2018 ուստարվա գարնանային քննաշրջանին մասնակցել են առկա ուսուցման համակարգի 491, հեռակա ուսուցման համակարգի 808 ուսանողներ: Մինչև լուծարքային շրջանի ավարտը առկա ուսուցման համակարգից բանակ են զորակոչվել 8 ուսանողներ, հեռակա ուսուցման համակարգից՝ 28 ուսանողներ: Տարկետումից վերադարձել են առկա ուսուցմամբ 10 ուսանողներ, հեռակա ուսուցմամբ՝ 35 ուսանողներ: Քննաշրջանի արդյունքում մասնաճյուղից հեռացվել են առկա ուսուցման համակարգի 3 ուսանողներ, հեռակա ուսուցման համակարգի՝ 22 ուսանողներ:

Տնօրենության նիստում 2017-2018 ուսումնական տարվա քննաշրջանի արդյունքները գնահատվեցին բավարար:

Մասնաճյուղի ստորաբաժանումների՝ 2018-2019 ուսումնական տարվա աշխատանքային պլանների վիճակի մասին զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը:

Նիստի ընթացում 2018-19 ուստարվա աշխատանքային պլանների վիճակը գնահատվեց բավարար:

2017-2018 ուստարում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային ֆոնդի համալրման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը՝ անդրադառնալով ինչպես գրադարանում առկա գրքային ֆոնդին, այնպես էլ էլեկտրոնային պաշարներին:

Գրականության համալրման գործընթացի հետ կապված՝ դեկաններին հանձնարարվեց հետևողական լինել, որ մեկ շաբաթվա ընթացքում ամբիոնների վարիչները գրադարան ներկայացնեն իրենց ամբիոնների ուսումնական գրականության պահանջագրերը:  

Սեպտեմբերի 19-ի տնօրենության նիստում

DSCN35622018թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կուրսեցիների հրամանագրմանը, նույն ուստարվա I կիսամյակի ուսումնական գործընթացին՝ ուսանողների հաճախումներին, առարկայական ծրագրերին, դասընթացների փաթեթներին, կրթական ծրագրերի պատասխանատուների աշխատանքների պլանավորմանը վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

Նիստի ընթացքում դեկանները զեկուցեցին ուսման վարձավճարների մուծման ընթացքի և ուսանողների հաճախումների վիճակի մասին:

Որոշվեց սահմանված ժամկետներում ավարտին հասցնել առաջին կուրսեցիների հրամանագրման գործընթացը:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուսումնական տարվա I կիսամյակում (երեք շաբաթվա կտրվածքով)  ուսանողների հաճախումների վիճակը գնահատվեց բավարար:

Հանձնարարվեց, որ մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները (դեկաններ, ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուներ) հետևողական լինեն, որ յուրաքանչյուր դասընթացի սկզբում ուսանողներին տրամադրված լինեն տվյալ ամբիոնի վարիչի կողմից հաստատված ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը, ամբիոններում առկա լինեն հաստատված առարկայական ծրագրերը և սեղմ ժամկետներում վերանայված, համալրված և հաստատված լինեն դասընթացների փաթեթները:

Սեպտեմբերի 5-ի տնօրենության նիստում

 2018թ. սեպտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության  նիստ՝  Ա. Վ.  Ցուցուլյանի նախագահությամբ:

DSCN3497

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների ցանկին, ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Հաշվի առնելով ֆակուլտետների դեկանների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կատարած ուսումնասիրություններն ու հիմնավորումները աշխատաշուկայում մասնագիտությունների պահանջարկի վերաբերյալ՝ քննարկվեց և վերանայվեց ԵՊՀ ԻՄ-ի ընդունելության մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը, այդ թվում՝ քննական առարկայացանկը և անվճար տեղերը:

Մասնավորապես՝ առաջարկվեց Բնական գիտությունների ֆակուլտետի՝ 2019թ. մասնագիտությունների ցանկում ավելացնել «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունը, Կիրառական արվեստի ֆակուլտետի մասնագիտությունների ցանկում ավելացնել «Կիրառական արվեստ»  մասնագիտությունը («Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագիր):

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում առաջարկվեց ավելացնել «Հոգեբանություն» մասնագիտությունը և քննարկման ներկայացնել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիրը ներդնելու հարցը՝ հաշվի առնելով ՄԿՊԿ բաժնի վարիչի առաջարկությունը՝ տարածաշրջանում ռուսաց լեզվի ուսուցչի մեծ պահանջարկի հետ կապված:

Որոշվեց մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը ներկայացնել Մայր բուհի՝ «ԵՊՀ» հիմնադրամի քննարկմանը:

Մյուս հարցի կապակցությամբ հանձնարարվեց ֆակուլտետների դեկաններին և բաժինների վարիչներին, առաջնորդվելով «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններով,  հետևողական լինել իրենց աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահությունը, աշխատաժամանակի ռեժիմը պահպանելու հարցերում, նույն կանոններից ելնելով՝ բուհի ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին ներկայացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, կարգապահական նորմերը: