ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ

Ուս. վերապ. հայտ. նկար

Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը արդեն 2-րդ անգամ՝ 2022 թվականին, կազմակերպում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Վերապատրաստումները կիրականացվեն առկա եղանակով, ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:

Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փող. Ուսանողական 3)՝  ժամանակակից տեխնիկական ու նյութական միջոցներով հագեցած սրահներում ու լսարաններում: Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում նախատեսված է, որ մեր մասնագետները կգործուղվեն Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներ՝ տեղում դասընթացները կազմակերպելու նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի բոլոր բաղադրիչներով հետևյալ առարկաների համար.

  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսերեն,
  • պատմություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • տեխնոլոգիա,
  • նախնական զինվորական պատրաստականություն,
  • տարրական դասարաններ,
  • կերպարվեստ,
  • անգլերեն,
  • ֆրանսերեն,
  • հասարակագիտություն,
  • ֆիզիկական կուլտուրա,
  • ինֆորմատիկա:

Վերապատրաստվող ուսուցիչների գրանցման և դասընթացների կազմակերպման ժամկետների մասին ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով լրացուցիչ կտեղեկացնենք:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝  https://forms.gle/3RBHW3YtUDE2i41p8 :

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 40 60 32 կամ 093 93 71 11:

 

ԵՊՀ ԻՄ-ի կողմից նախորդ տարի կազմակերպված վերապատրաստումների բարեհաջող իրականացումն ու գոհացուցիչ արդյունքները, վերապատրաստված ուսուցիչների բազմաթիվ դրական կարծիքներն ու արձագանքները միաժամանակ ոգևորում և պարտավորեցնում են՝ գրանցելու ավելի բարձր արդյունքներ:

 

Պրակտիկայի շրջանակներում «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողներն այցելեցին Լոռի և Շիրակ

1. գլխավոր

 2022թ. հունիսի 16-ին և 21-ին ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողները պրակտիկայի ղեկավարներ մ.գ.թ., ասիստենտ Հ.Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի, դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան – Ախթալա – Օձունի հյուրատներ – Հոռոմայր – Լոռու բերդ – Արամյանցի դղյակ – Քոբայր – Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի – Իջևան և Իջևան – Մարմաշեն – Արփի լիճ – Գյումրի – Իջևան երթուղիներով:

Երթուղու  առաջին նպատակակետը Լոռու մարզն էր:

Ուսանողներին նախապես հանձնարարվել էր ուսումնասիրել և հավաքագրել մարզի հանգստի և զբոսաշրջության ռեսուրսների, այդ թվում՝ այցելվող օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ:

Պրակտիկայի ընթացքում ղեկավարներ Պ.Ասիլբեկյանը և Հ.Ազիզյանը ներկայացրին Լոռու ռեկրեացիոն շրջանի պիտանելիության գնահատումը, երթուղու լեռնագրությունը, լանդշաֆտը, Լոռվա սարահարթը, Դեբեդի հովիտը և Փամբակի գոգավորությունը, Ձորագետի կիրճի մորֆոլոգիական առանձնահատկությունները և նրա զբոսաշրջային հնարավորությունները: Ղեկավարներն անդրադարձան նաև Ալավերդի քաղաքին՝ որպես պղնձաձուլական կենտրոնի և դրա ու պոչամբարների բացասական էկոլոգիական ազդեցությանը քաղաքի վրա. գնահատեցին առկա վիճակը և զարգացման տնտեսական հնարավորությունները:

Ուսանողները ներկայացրին Ախթալայի, Օձունի, Հոռոմայրի, Լոռու բերդի, Արամյանցի դղյակի, Քոբայրի, Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերաբերյալ նախապես հավաքագրված տեղեկություններ, տարածքի էկոլոգիական խնդիրները, դրա ազդեցությունը զբոսաշրջության վրա, ներկա գտնվեցին Լոռու բերդում իրականացվող հնագիտական պեղումներին: Պեղումների ժամանակ ականատես եղան բաղնիքը տաքացնող խողովակների հայտնաբերմանը:

Ուղևորության երկրորդ նպատակակետը Շիրակի մարզն էր:

Պրակտիկայի ընթացքում ղեկավարներ Պ.Ասիլբեկյանը և Հ.Ազիզյանը ներկայացրին Շիրակի ռեկրեացիոն շրջանը, երթուղու լեռնագրությունը, Աշոցքի գոգավորությունը, Շիրակի սարահարթը, Ախուրյանի հովիտը, Ջաջուռի լեռնանցքը:

Ուսանողներն այցելեցին Մարմաշենի վանական համալիր, «Արփի լիճ» ազգային պարկ, Գյումրի քաղաք:

«Արփի լիճ» ազգային պարկն ստեղծվել է հիմքից՝ Արփի լճի շրջակայքում՝ ձգտելով լուծում տալ բուսական և կենդանական աշխարհի կենսաբազմազանության պահպանության խնդիրներին: Հայաստանում գրանցված 366 թռչնատեսակներից շուրջ 225-ը հանդիպում է Արփի լճում, և թռչնադիտարկումների համար այն համարվում է շատ նպաստավոր տարածք: Առկա ռեսուրսների հիման վրա ստեղծվել են հյուրատներ, առանձնացվել են վրանային ճամբարի համար նախատեսված վայրեր: Այն հնարավորություն է տալիս տեղավորելու 10.000 զբոսաշրջիկի:

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում իրականացվեց քայլարշավ: Ուսանողները եղան այցելուների կենտրոնում, պահպանման գոտում: Այդտեղ նրանք ծանոթացան Կարմիր գրքում գրանցված մի շարք բուսատեսակների և թռչնատեսակների (կովկասյան թրաշուշան, սիբիրյան հիրիկ, դեղին կոնոռ), պարկի տարածքում առկա 4 էկոզբոսաշրջային երթուղիներին: Էկոզբոսաշրջային երթուղիներն անցնում են Տրանսկովկասյան արահետով, դրա մասն է կազմում «Դիլիջան» ազգային պարկը, որը էկոզբոսաշրջության կարևոր ռեսուրս է:

Ուսումնական պրակտիկան մեծապես նպաստեց ուսանողների տեսական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը:

Այովայի համալսարանի հետ ԵՊՀ ԻՄ-ի համագործակցությունը ակնկալվում է խորացնել

1. գլխավոր

Օրերս Այովայի համալսարանից Ջոն Քոելեն այցելեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ հետագա համատեղ աշխատանքի համար մոտիկից ծանոթանալու բուհի ղեկավարությանն ու համալսարանի բուն հնարավորություններին:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և փոխտնօրեն Մ.Օթարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր՝ բուհի կառուցվածքի, ֆակուլտետների, ծրագրերի, մասնագիտությունների, կրթության հեռանկարների և Հայաստանի մասին տպավորությունների վերաբերյալ:

Ջոն Քոելեի համար սա առաջին ուղևորությունն էր Հայաստան: Եվ ինչպես ինքն է նշում, Հայաստան ժամանելու հաջորդ օրը եղել է Իջևանում՝ պատրաստ տեսնելու և ծանոթանալու համալսարանի աշխատանքներին:

Հյուրը Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ս.Մինասյանի, դասախոս Ա.Պարոնյանի, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հ.Վանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց մասնաճյուղում, ծանոթացավ բուհի վարչական ստորաբաժանումների, մասնաճյուղում գործող կենտրոնների («Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն», ռուսաց լեզվի, անգլերենի և այլն), ֆակուլտետների, գրադարանի, մարզադահլիճի գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին և հնարավորություններին:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը խմբին ուղեկցեց արվեստանոցներ, հնարավորություն տվեց ներկա գտնվելու քննական գործընթացին, ծանոթացրեց ուսանողների ընթացիկ և շրջանավարտների կատարած աշխատանքներին, որոնք Քոելեին մեծապես տպավորեցին:

Ջոն Քոելեի հետ զրույցում Ս. Մ. Մինասյանը նրա ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ոչ միայն այն վայրն է, որտեղ մարդիկ գալիս են սովորելու, որտեղ կա յուրահատուկ մթնոլորտ և գեղեցիկ բնություն, այլև այն վայրն է, որտեղ կարող ես հանգիստ քննարկել բոլոր գաղափարները և ինքնադրսևորվել:

Իր հերթին Ջոն Քոելեն՝ որպես մարքեթոլոգ, իր վերաբերմունքն է արտահայտել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նկատմամբ՝ մասնավորապես նշելով.

«Համալսարանը գտնվում է հովտում, որը շրջապատված է սքանչելի կանաչ լեռներով: Համալսարանում շրջելու ընթացքում հանդիպել եմ հյուրընկալության և անսովոր բարի ու առատաձեռն աշխատակիցների: Քանի որ արդեն ամառ է, ուսանողների մեծ մասը համալսարանում չի գտնվում, իսկ մի քանիսն էլ հանձնում էին իրենց վերջնական քննությունները: Շրջել եմ նաև արվեստի բաժնում և իսկապես տպավորված եմ արվեստի տարբերով ոճերով և ստեղծման մեթոդներով: Հատկապես հիացած եմ հայկական ավանդական մշակույթի տեսարաններով և խորհրդանիշներով: Շրջայցս շարունակվեց օտար լեզուների բաժնում, որը հարուստ է և՛ անգլերենի ռեսուրսներով, և՛ անգլերենը համալսարանից ու Հայաստանից դուրս օգտագործելու հնարավորություններով: Այցելությանս ընթացքում ես տպավորված եմ ինձ ցույց տրված բարությամբ և առատաձեռնությամբ: Դասախոսները հյուրընկալ էին, էներգիայով լի և ոգևորված՝ ընդլայնելու ուսանողների հնարավորությունները ցանկացած ճանապարհով: Ինձ դուր եկավ իմ այցելությունը, և շատ շնորհակալ եմ, որ կարողացա ուսումնասիրել համալսարանը»:

Երկու համալսարանների ներկայացուցիչներն էլ ակնկալում են, որ հետագա համագործակցությունը կլինի շատ ավելի արդյունավետ:

 

 

Գիտական խորհրդի նիստ  

1. գլխավոր

 2022թ. հունիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում առցանց միանալու հնարավորությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էր Գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Նախքան նիստը սկսելը մասնակիցները 1 րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ լուսահոգի Արամ Սիմոնյանի հիշատակը:

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին 4 օրակարգային և 3 ընթացիկ հարցեր:

Հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը: Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ գիտխորհրդի հաստատմանը ներկայացվող նոր խմբագրությամբ վերոնշյալ կարգը ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության կողմից վերանայվել և ենթարկվել է որոշակի փոփոխությունների՝ ելնելով անհրաժեշտությունից: Վերանայման համար հիմք է հանդիսացել ԵՊՀ-ի գիտական խորհրդի՝ 2022թ. մայիսի 26-ի նիստով հաստատված «Երևանի պետական համալսարանի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) մագիստրատուրայի ընդունելության կարգ»-ը:

Քվեարկությամբ հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների պրակտիկայի կազմակերպման կանոնակարգը (նոր խմբագրությամբ): Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը զեկուցեց, որ վերանայման համար հիմք է հանդիսացել ԵՊՀ-ի գիտական խորհրդի՝ 2022թ. մայիսի 26-ի նիստով հաստատված «Երևանի պետական համալսարանի ուսանողների պրակտիկայի կազմա­կերպ­ման կանոնակարգ»-ը: Իրականացված փոփոխությունները վերաբերում են ստորաբաժանումների անուններին և զբաղեցված հաստիքներին, որոնք առկա չեն կամ այլ կերպ են կոչվում մասնաճյուղում, ավելացվել են որոշ դրույթներ, օրինակ՝ 21-րդ կետը, որը հիմնականում նույն ուսումնական տարում ընթացիկ ու վերահանձնվող ուսումնական պրակ­­տիկաների միաժամանակյա անցկացումն արգելելու մասին է, 24-30-րդ կետերը, որոնք վերաբերում են պրակտիկայի առցանց եղանակով անցկացմանը և այլն:

Բավարար գնահատվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության՝ 2021-2022 ուստարվա գործունեությունը: ՈՒԳԸ նախագահ ԱԹիրաբյանը ներկայացրեց, որ  հաշվետու ժամանակաշրջանում ՈՒԳԸ-ն իրականացրել է 31 գիտական, կրթական, մշակութային ծրագրեր և միջոցառումներ, մասնավորապես՝ 9 դասընթաց-քննարկում հետևյալ թեմաներով՝ «Word, Excel, Power Point ծրագրերի ուսուցում», «Հետազոտական աշխատանք գրելու նորմերը», «С++-ի հիմունքներ», «Խոսակցական արտահայտություններ», «Վարվեցողության կանոններ», «Էթիկայի դասընթաց», «Ինքնազարգացում և առաջնորդություն» և այլն, 3 սեմինար-քննարկում, 1 կինոդիտում-քննարկում, 2 գիտաճանաչողական այց դեպի «Ինժեներական քաղաք» և Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, 1 էսսեների մրցույթ, 3 գրքի քննարկում, 3 բանախոսություն, 1 ինտելեկտուալ խաղ, 3 ուսուցողական-ճանաչողական միջոցառում, 1-ական խորհրդատվություն՝ «ԷՀՄ», «Դիսկրետ մաթեմատիկա» և «Մաթեմատիկական անալիզ» առարկաների քննությունների նախապատրաստման համար: 2021-22 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացվել է նաև Բանավեճի ներբուհական առաջնությունը:

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն սերտ համագործակցությունները շարունակել է «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի, Տավուշի մարզային գրադարանի և ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի հետ: ԵՊՀ Արևելագիտության ամբիոնի հետ համագործակցությամբ իրականացվել է ադրբեջաների եռամսյա դասընթաց, որը վարել է վերոնշյալ ամբիոնի դասախոս Ամալյա Պետրոսյանը: Դասընթացին մասնակցել է շուրջ 20 ուսանող:

2-րդ կիսամյակում շուրջ մեկ ամիս իրականացվել է «Գիտական շաբաթ» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ հետևյալ թեմաներով՝ «Հոդված գրելու արվեստը», «Հետազոտական աշխատանք գրելու հմտությունները», «Դիպլոմային աշխատանք գրելու չափանիշները»: Բանախոսություններով հանդես են եկել ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, պ.գ.թ., դոցենտ Նաթելլա Գրիգորյանը, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի հետ սերտ համագործակցությամբ իրականացվել է «Բացահայտենք մեր գրադարանը» VOL 2 խորագրով ծրագիրը, որի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել գրադարանում առկա գրականությանը, կատարել գրքերի վերադասավորում և այս մշակույթը տարածել ուսանողների շրջանում: Ծրագրին ընթացել է մեկ ամիս, մասնակցել է 17 ուսանող:

Գիտխորհրդի անդամների կողմից դիտարկում արվեց, որ ՈՒԳԸ գործունեության վերաբերյալ հաջորդ հաշվետվության մեջ առանձակի շեշտվեն գիտական բնույթ ունեցող միջոցառումները, ընդ որում՝ ոչ միայն ՈՒԳԸ կողմից կազմակերպվողները, այլև առհասարակ այն բոլոր գիտաժողովները, որոնց ՈՒԳԸ աջակցությամբ մասնակցել են ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները:

Հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023թ. առկա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկը:

Ըստ քվեարկության արդյունքների՝ որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում (հաստատված ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 10.06.2017 թ. թիվ 24 նիստում) փոփոխությունը:

Հաստատվեցին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական համակազմին ներկայացվող պահանջները: Զեկուցող՝ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ ՆԳրիգորյանը ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 1-ին նպատակի 1.4.8. «Ներդնել դասա­խո­սական, ուսումնաօժանդակ և վարչական  համակազ­մերի աշխատանքի արդյունա­վե­տության գնահատ­ման նոր համակարգ» խնդրի իրականացման հանձնառությունից ելնելով՝ ԿԲԴՎ բաժինը մշակել է պրոֆեսորադասախոսական համակազմին ներկայացվող պահանջներ:

Ն.Գրիգորյանը նշեց, որ պրոֆեսորադասախոսական համակազմին  ներկայացվող պահանջների ձևակերպումը, հստակեցումը անհրաժեշտ է նաև կրթական ծրագրերն արդյունավետ իրականացնելու տեսանկյունից, առավել ևս, որ դա նաև ծրագրային և ինստիտուցիոնալ հավատարմագրման կարևորագույն չափորոշիչներից է: Զեկուցողը հիշեցման կարգով նաև նշեց, որ բուհը, ինստիտուցիոնալ հավատարմագրման 5-րդ չափանիշի (Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմ) բ չափորոշչի  համաձայն, յուրաքանչյուր կրթական ծրագրի համար պետք է ունենա պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող հստակ պահանջներ:

Քվեարկությամբ հաստատվեց նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կառավարման գործընթացներում ուսանողների և դասախոսների մասնակցությունը երաշխավորող քաղաքականությունը:  Հարցի մասին զեկուցող ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը նշեց, որ ներկայացված նախագիծը նախապես ուղարկվել է Որակի կառավարման մշտական հանձնաժողովի անդամներին, որոնցից մի քանիսը՝ մասնավորապես Մ.Ճաղարյանը, Ա.Մարգարյանը, Լ.Բեգինյանը և Լ.Թումանյանը, ներկայացրել են իրենց առաջարկները: Այնուհետև զեկուցողը ներկայացրեց քաղաքականության նպատակը՝ երաշխավորել մասնաճյուղի ուսանողների և դասախոսների մասնակցությունը ԵՊՀ ԻՄ-ի կառավարման գործընթացներում, հնարավորություն տալ նրանց մասնակցելու իրենց առնչվող որոշումների կայացմանը, մեծացնել ուսանողների և դասախոսների բավարարվածությունը կառավարման գործընթացներին իրենց մասնակցությունից: Անդրադարձ կատարվեց քաղաքականության խնդիրներին, դրա իրականացումից մասնաճյուղի սպասելիքներին, նշվեցին այն կառույցները, որոնցում պետք է նախատեսվի ներքին շահակիցների մասնակցությունը:

Ներկայացվեցին կառավարման գործընթացներին ուսանողների և դասախոսների մասնակցությունը երաշխավորող կարգերին և ընթացակարգերին ներկայացվող պահանջները, ԵՊՀ ԻՄ-ի կառավարման գործընթացներին ուսանողների և դասախոսների ծանոթացման և նախապատրաստման համակարգը, դրանցում նրանց իրավասությունների ապահովումը, կառավարման գործընթացներին իրենց մասնակցությունից ուսանողների և դասախոսների բավարարվածության ուսումնասիրությունը, մասնակցության մեխանիզմների բարելավումը:

«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում կառավարման դասընթաց

Без названия

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը 2022թ․-ի մայիսի 1-ից իրականացնում է «Այլընտրանքային ուսանողական ակումբի ձևավորում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է արտաուսումնական, ոչ ֆորմալ կրթության միջոցով աջակցել ԵՊՀ ԻՄ ուսանողական համայնքի մշակութային կյանքի, գործնական հմտությունների և կարողությունների զարգացմանը։

Ծրագրի նպատակին հասնելու համար առաջ են քաշվել հետևյալ խնդիրները՝

  1. Ստեղծել ուսանողական ոչ ֆորմալ կրթության հարթակ։
  2. Ապահովել ուսանողների գործնական հմտությունների և կարողությունների տրամադրումը։

Առաջին խնդրի համատեքստում նախատեսվում է գործողությունների շարք, որն իր մեջ ներառում է համահամալսարանական ուժերով ստեղծել հինգից յոթ ուսանողներից բաղկացած ուսանողական ակումբ և անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրելուց հետո ապահովել աշխատանքային պատշաճ պայմաններ։

Երկրորդ խնդրի շրջանակներում նախատեսվում է ոլորտային դասընթացի կազմակերպում, որում կներգրավվեն նաև փորձագետներ։ Վերջիններիս օգնությամբ մասնակիցները ընդհանուր տեսական պատկերացում կկազմեն թեմայի, ինչպես նաև անցկացվող միջոցառումների, մասնավորապես, նախատեսվող ճանաչողական այցի, երթուղու, դրա տևողության և այլնի մասին: Ճանաչողական այցը՝ էքսկուրսիան, նախատեսվում է անցկացնել 2022թ-ի հունիսի 27-ին: Այս գործողությունների շնորհիվ առնվազն 30 ուսանողներ ձեռք կբերեն տեսական գիտելիքներ և տեղեկություն հավաքագրելու և թվայնացնելու գործում գործնական հմտություններ։ Բացի դրանից, որպես արդյունք, կհրատարակվի «Խորհուրդներ սկսնակ գիդերին» խորագրով ուղեցույցը:

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը։